Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ

Մայիս 10,2008 00:00

Ընդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում

Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները դիմել են Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման (ՆԼԾ)՝ մասսաների վրա ազդելու համար: Որոշ հոգեբանների բերանով էլ շրջանառության մեջ դրվեց այն, թե «հայրենիքը», «ընտանիքը», «հաղթելու ենք»-ը կոդավորված բառեր ու արտահայտություններ են: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը այս ամենին լուրջ չի վերաբերվում: Ըստ նրա, մարդու գիտակցությունն այդքան պարզ չէ, եւ այդքան հեշտ չէ նրա ենթագիտակցականի վրա ազդելը: ՆԼԾ-ն էլ, ըստ հոգեբանի, ամենեւին էլ տեսություն չէ, ինչպես ներկայացվում է, այլ ընդամենը մարդկանց հետ աշխատելու, այս կամ այն ախտանիշին ուղղված պարզունակ տեխնիկա, որը գիտության մեջ լուրջ չի համարվում: Մասնագետի տեղեկացմամբ, ՆԼԾ-ի հիմնադիրներ Ռիչարդ Բենդլերը եւ Ջոն Գրինդերը հոգեբաններ չեն եղել. առաջինը մաթեմատիկոսը էր, մյուսը՝ լեզվաբան: Ներշնչանքի հիման վրա նրանք ստեղծել են ՆԼԾ-ն, այնուհետեւ գովազդել ու, ըստ տիկին Շահվերդյանի, անուն հանել մերձգիտական շրջանակներում: Մեր զրուցակիցը պնդում է, որ ՆԼԾ-ն գիտական հիմքեր չունի, կոչվում է նեյրո, բայց առայսօր ոչ մի ֆիզիոլոգ չի հիմնավորել, թե ինչ նեյրոկապերով է այն ազդում:

Ըստ տիկին Շահվերդյանի, իրեն հարգող քաղաքական գործիչը երբեք նման ճարպիկ «մասնագետների» ծառայություններից չի օգտվի. «Օրինակ, եթե Կարեն Դեմիրճյանին որեւէ մեկն ասեր՝ այսպես խոսիր կամ այսպես հագնվիր, լավ ճանաչելով նրա հումորի զգացումը, պատկերացնում եմ, թե ինչ կասեր»: Հոգեբանը նաեւ հավելեց, որ ՆԼԾ-ն կարող է գործել միայն փսիխոթերապեւտիկ կաբինետում, այն էլ ժամանակավորապես. «Եթե դա այդքան արդյունավետ միջոց էր, թող նման հայտարարություններ անողներից որեւէ մեկը գոնե բացատրեր, թե ինչպես է գործել ընդդիմությունը՝ օգտագործելով այդ տեխնիկաները: Դա ընդամենը փսիխոթերապեւտիկ տեխնիկա է, որի շնորհիվ ոչ թե մարդու հոգեկան լուրջ պրոբլեմը արմատախիլ է արվում, այլ անձի ախտանիշը մի քիչ թեթեւանում է: Այն ունի լիցքաթափող էֆեկտ, մի բան, որին կարելի է հասնել, ասենք, լեզվի տակ հանգստացնող դեղահաբ դնելով: Հոգեբաններն ասում են, որ այն զուրկ է գիտական հուսալիությունից»: Գ. Շահվերդյանը խոսելով ՆԼԾ-ի հիմքում դրված, այսպես կոչված, ենթամոդալականության մասին, պարզաբանեց, որ որոշ մարդիկ ինֆորմացիան ընկալում են տեսողությամբ, ոմանք՝ լսողությամբ, ոմանք էլ՝ այն դեպքում, եթե ինֆորմացիայի մեջ շարժման որեւէ հատկանիշ կա. «Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «Առաջ Հայաստան», նա կինեսթետիկ բանալի է օգտագործում, կամ եթե նույնն ասելով ձայնի տեմբրն է բարձրացնում, աուդիալ բանալի է գործածում»: Սակայն, ըստ հոգեբանի, դա չի նշանակում, թե նա ինչ-որ տեխնիկայի է դիմում, ուղղակի բազմությունն ունի ընկալման տարբեր բանալիներ, եւ ցանկացած մարդ էլ չի կարող խոսել՝ առանց դրանց: «Առավոտի» հարցին, արդյո՞ք Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թափահարած ձեռքերը կամ «Հաղթելու ենք» կարգախոսը կարող էին գրգռել մասսաներին: Հոգեբանը հայտնեց, որ դրանք ընդամենը հուզական լիցք են, մերձլեզվաբանական հնարք. «Եթե յուրաքանչյուր մերձլեզվաբանական հնարք տեխնիկա համարվեր՝ այդպես ո՞ւր կգնայինք»: Մասնագետը ցավ հայտնեց, որ այսօր փորձում են հոգեբանությունը պարզունակացնել, բովանդակազրկել՝ ծառայեցնել քաղաքականությանը, մի բան, որը ժամանակին արվում էր հոգեբուժության պարագայում՝ ԽՍՀՄ տարիներին. «Հոգեբանությունը ստույգ օրինաչափություններ եւ օրենքներ ունի եւ ռեզինի նման հնարավոր չէ անվերջ ձգել: Ես չեմ ուզում, որ հոգեբանությունը, որ վեհ գիտություն է համարվում, փչանա՝ ինչպես սոցիոլոգիան ու հոգեբուժությունը: Հայտնի հոգեբաններից մեկն ասել է, որ եթե բնության օրենքները երկաթյա են, ապա հոգեբանության օրենքները ադամանդից են»: «Առավոտի» հետ զրույցի ավարտին Գ. Շահվերդյանը նաեւ հետաքրքիր մի դիտարկում արեց. «Մտածող մարդը պետք է ցանկացած իշխանության ընդդիմադիր լինի, որովհետեւ իշխանությունը, որպես այդպիսին, փորձում է նորից ձեւել քո միտքը: Ի տարբերություն ինտելեկտի, որը կալկուլյատոր է, որ հաշվում է ինչը ճիշտ արեցիր, ինչը՝ սխալ, միտքը գալիս է սրտից, այն ազատ է, հոգեւոր է…… Եվ ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ ոգին ազատ է քամու նման: Այնպես որ, եթե մարդը կողմնակից է որեւէ իշխանության, նշանակում է նրա միտքն այնքան էլ ազատ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել