Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի են, բայց՝ ամենուր

Մայիս 10,2008 00:00

Մասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է

Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» հաջողվեց զրուցել օթյակի փոխնախագահ Անդրե Աբի եւ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Մարսել Վեյլի հետ: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նրանց ուժի գաղտնիքը, քանի որ բոլորին է հայտնի, որ մասսոնների ճնշմամբ, օրինակ, երկրների նախագահների փոփոխություններ են կատարվում, քաղաքական իրադարձությունների ելքեր կանխորոշվում եւ այլն: Անդրե Աբը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդքան մեծ կարեւորություն ունի մեր օթյակը, քանի որ սա քաղաքական կազմակերպություն չէ: Ճիշտ է, մենք մեր կազմակերպության ներսում խոսում ենք այն մասին, որ աշխարհում շատ դժվարություններ կան ու պիտի շտկել դրանք, պայքարել հանուն մարդու իրավունքների: Չնայած քաղաքականության մեջ չենք մտնում, բայց ժամանակ առ ժամանակ մեր կարծիքը հնչեցնում ենք տարբեր առիթներով: Օրինակ՝ առաջիկայում մասսոնական օթյակում ընդունելու ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Պիտի առանց կաշկանդվելու նրան հայտնենք այն մասին, թե ինչ նորմալ չէ ֆրանսիական քաղաքականության մեջ»: Իսկ այն, որ աշխարհում իրենց գաղտի են համարում, պրն Աբը բացատրեց մասսոնների չափից ավելի համեստ գործելակերպով. «Տեսնո՞ւմ եք, մենք չենք վախենում շփվել նույնիսկ լրագրողների հետ: Գուցե համեստ ենք, դրա՞ համար ենք գաղտնիի տպավորություն թողնում: Մյուս կողմից էլ մեզ շատ չենք ներկայացնում, քանի որ կան մասսոններ, որոնք հրեաների պես բազմիցս հետապնդվել են»: Ֆրանս-մասսոնական «Մեծ Արեւելք» կազմակերպության փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե այս սկզբունքն ինչո՞վ է պայմանավորված: «Մեր անդամներին ընտրում ենք մեծ դժվարությամբ: Ամենակարեւորը նրանք պիտի լինեն բարձր ինտելեկտի տեր մարդիկ: Այստեղ դեր չի կարող խաղալ կրոնն ու մասնագիտությունը, ազգային պատկանելությունը: Կարեւորը, որ այդ մարդիկ իրոք պաշտպանեն այն գաղափարներն ու հետեւեն այն սկզբունքներին, որոնց մենք դավանում ենք»,- հնչեց պատասխանը: Երբ փորձեցինք պարոն Աբից տեղեկանալ, թե իրենց շարքերում ի՞նչ հայտնի մարդիկ կան ընդգրկված, նա տվեց Պուչինիի, Մոցարտի, Չերչիլի, Լաֆայեդի անունները: Իսկ երբ պնդեցինք, որ նշի ժամանակակիցների անուններ, ասաց. «Երբեք մեզ թույլ չենք տա հայտնել այն մարդկանց անունները, որոնք չեն ուզում հայտնի լինել՝ իբրեւ մասսոններ: Միգուցե դա է այն ուժը, որը թույլ է տալիս մեզ պայքարել եւ գործել ազդեցիկ կերպով»: Իսկ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Մարսել Վեյլը այս կապակցությամբ հիշեցրեց իրենց շրջանում հայտնի մի նախադասություն. «Ոչ մի տեղ չկա մասսոնական օթյակ, բայց մասսոններն ամենուր են: Մեր ուժն այն է, որ կարող ենք խոսել բոլորի հետ եւ նրանց հաղորդել մեր գաղափարները հավասարության, եղբայրության, ազատության սկզբունքների վերաբերյալ»: Մասսոններին հարցրինք, թե լսե՞լ են Հայաստանում գործող «Ռոթարի» ակումբի մասին, որն ասոցացվում է մասսոնականության հետ: «Դա ուրիշ բան է»,- կարճ պատասխանեց պարոն Վեյլը եւ չցանկացավ ծավալվել: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե կա՞ն, արդյոք, այնպիսի բաներ, որոնք արգելվում են մասսոններին, պարոն Աբը պատասխանեց. «Մեր անդամներին չի թույլատրվում հարել ֆաշիստական կազմակերպություններին, որոնք կողմ են քսենոֆոբիային: Նաեւ նրանք, որոնք չեն հարգում իրենց երկրի օրենքները, հասարակական նորմերը, անպայման վտարվում են մեր շարքերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել