Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ

Մայիս 10,2008 00:00

Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները

«Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի համոզմամբ, նրանց այս քայլերն ընդամենը խաղեր են. «Դահիճը չի կարող զոհին պաշտպանել. հենց մասսոններն են կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Թալեաթն ու Աթաթուրքը նույն՝ ֆրանսիական «Մեծ Արեւելքի» օթյակից էին»: Անդրադառնալով ֆրանս-մասսոնական կազմակերպության ղեկավարների անցյալ տարի արված հայտարարությանը, թե եկել են հայ մասսոնների հետ կապեր հաստատելու, Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ այս տարի էլ նրանք, իր խոսքով՝ ստել են, ասելով, թե Հայաստանում մասսոնական օթյակներ չկան. «2002թ. մարտի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոց» մասսոնական կառույցը՝ իբրեւ հասարակական կազմակերպություն: Մասսոնական մի կառույց էլ այստեղ շատ վաղուց գոյություն ունի, դա «Ռոթարին» է… Վերջինս մասսոնական ցածր օղակի բարեգործական կառույցներից է, որտեղից մարդկանց հավաքագրում են»: Խ. Ստամբոլցյանը կարծում է, որ մասսոններն անդամակցության համար ընտրում են հատկապես այն մարդկանց, ովքեր հավատացյալ են ու կարեւոր չէ՝ սատանայի՞ն, թե՞ Աստծուն են հավատում, կամ ինչ կրոն ու դավանանք ունեն. «Կարեւորը, որ այդ մարդը պատրաստ լինի ճանաչելու մի ուժ, որն իրենից վեր է: Բնականաբար, նաեւ ազդեցիկ, գրագետ եւ ունեւոր խավն է հավաքվում, որովհետեւ մասսոնները գնում են աշխարհի գրավման: Իրենց նպատակն է երկրագունդը գլոբալացնել՝ ստեղծել մեկ պետություն եւ իշխել, մարդկանց էլ բաժանել իշխողների եւ աշխատավորների կաստաների»:

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Գարի Քահի՝ անցյալ տարի վերահրատարակված «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքի մասին, որտեղ պատահաբար մասսոնական կառույցների վրա «ընկած» հեղինակը զգուշացնում է ամերիկյան կառավարությանը, թե ինչ վտանգ է սպառնում աշխարհին եւ հատկապես Միացյալ Նահանգներին՝ մասսոնների կողմից. «Այդ գիրքը կարծես մասսոնության մասին այբբենարանն է»: Այնտեղ, Խ. Ստամբոլցյանի համոզմամբ, տեղ է գտել նաեւ մասսոնների կրեդոն՝ Ալբերտ Փայքի ձեւակերպմամբ (1871թ.). «Մենք պետք է թիկունք կանգնենք նիհիլիստներին ու անաստվածներին եւ նրանց միջոցով հրահրենք սոցիալական փոփոխություն (այսինքն՝ հեղափոխություն), որի պատճառած ահավոր դժբախտությունը ազգերին փաստելու է վայրենության ծնունդ՝ անաստվածի իսկական դեմքը: Ապա ժողովուրդը պիտի փորձի ոչնչացնել քաղաքակրթության ավերողներին ու պիտի հուսահատվի քրիստոնեությունից, որ պիտի կորցնի իր ուղղությունն ու ղեկավարությունը… եւ ընդունի Լույսը՝ Լյուցիֆերի ուսմունքը, որ վերջապես պիտի հայտնվի մարդկությանը իր ամբողջ մաքրությամբ ու ջնջի քրիստոնեությունը եւ անաստվածությունը»: Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ մասսոնությունը հիմնականում քրիստոնեության դեմ է եւ սատանայական ծառայություն է: Մասսոնները, «Մխիթարիչի» նախագահի կարծիքով, օգտագործում են իրենց բոլոր լծակներն ու հնարավոր մեթոդները՝ ժողովուրդներին ու երկրներին «ծնկի բերելու» համար. «Հիմա էլ ապահովում են համաշխարհային սով… Քանի որ Նավթարդյունաբերողների միությունը որոշում է կայացրել նավթի արդյունահանման քանակը պակասեցնելու մասին, որի պատճառով նավթը քառակի թանկացել է, իսկ իրենց գերշահույթները՝ աճել, հիմա էլ որոշել են հացահատիկային կուլտուրաներից բիովառելիք ստանալ, պատճառաբանելով, թե այն էժան է եւ էկոլոգիապես մաքուր… Այդկերպ իրենք (նկատի ունի մասսոններին- Գ. Հ.) ուզում են երկրագնդի բնակչությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ, այստեղից էլ հայտնի «ոսկե միլիարդ» հասկացությունը, որի հիմնական գաղափարախոսներից մեկը Սորոսն է: Սա դիվային մտածողություն է: Արդեն երրորդ երկրներում համատարած սով է սկսվել»: Խ. Ստամբոլցյանը պատմական էքսկուրս կատարելով, իր՝ աղետի գոտու հանձնաժողովի նախագահ եղած տարիները, քննադատեց նաեւ այն տարիների վարչապետ Վազգեն Մանուկյանին ու ասաց, որ հենց նրա մեղքով են մորմոնները հաստատվել Հայաստանում. «Երբ 1991թ. մորմոններն առաջին անգամ երկրաշարժից հետո եկան Հայաստան, վարչապետ Վազգեն Մանուկյանն ինձ զանգահարեց ու ասաց, որ շուտ իր մոտ գնամ, որովհետեւ մի քրիստոնյա խումբ է եկել, ուզում է Գյումրին վերակառուցի: Մինչեւ հասա վարչապետի մոտ, իրենք գնացել էին, բայց թողել էին մի տեսաերիզ, որի վրա գրված էր՝ սենատոր Հանթսման: Երբ ասացի, որ դրանք ոչ թե քրիստոնյաներ են, այլ մորմոններ, նախատեց՝ դու էլ ի՞նչ ես կպել՝ իմ առաքելակա՜ն եկեղեցին, իմ առաքելակա՜նը… Վարչապետը չլսեց ինձ, ու այդպես մորմոնները լցվեցին Հայաստանով»: Վազգեն Մանուկյանին քննադատելուց հետո, Խ. Ստամբոլցյանն անցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասելով, որ նա էլ մասսոն է, եւ ըստ Ստամբոլցյանի, պատահական չէ, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Առաջին նախագահից հետո մեր զրուցակիցը անցում կատարեց անգլիացի հետախույզ Ջոն Կալիմանի՝ 90-ականներին հրատարակած «Համաշխարհային գաղտնի կառավարություն եւ 300-ի կոմիտե» գրքին. «Ջոն Կալիմանը շուրջ 30 տարի լրտեսական ցանցով մտնել է մասսոնական կառույցներ, հավաքագրել է ամբողջ ինֆորմացիան եւ գիրք սարքել: Եթե կարդաք՝ կսարսափեք. միջազգային բանկերը, միջազգային վալյուտային ֆոնդը, ՄԱԿ-ը՝ ամեն ինչ իրենցն է, տնտեսական, քաղաքական հզոր կառույցներն ու լծակները իրենց ձեռքին են… Այսօր մասսոնները անցկացնում են հեղափոխություններ՝ Նարնջագույն, Վարդերի… ու միլիոններ է, որ թափում են: Ցավոք, մեզ մոտ էլ է այդ պրոցեսը գնում…»: Ստամբոլցյանի համոզմամբ, պատճառն էլ այն է, որ խորհրդային ռեժիմից ձերբազատված անկախ Հայաստանի ղեկավարների մի մասը չգիտեր՝ ինչ ասել է մասսոնություն, ոմանք էլ վաղուց «գնված» էին նրանց կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել