Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները
«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ մշտապես ձգտելով առանձնահատուկ դիրքի բոլոր ժամանակներում, իր գործունեությունը նպատակաուղղել է սեփական հոգեւոր իշխանության ամրապնդմանը եւ հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել է հայկական անկախ պետականությունների վերացմանը: Հ. Դավթյանը կարծում է, որ ազգային-պետական գաղափարախոսություն ձեւավորելու համար վերջապես անհրաժեշտ է վերագնահատել հայ ժողովրդի պատմությունը, բացահայտել ազգային կորուստների հանգամանքները, հասկանալ ճակատագրական նշանակություն ունեցած դեպքերի եւ իրադարձությունների ներքին տրամաբանությունը. «Բազմաթիվ ժողովուրդներ հավատարիմ են եղել իրենց հողին ու թագավորին, հայերը՝ եկեղեցուն: Անվերապահորեն: Որոշ ժողովուրդներ մինչեւ իսկ կրոնափոխության դիմեցին հանուն ազատության եւ ինքնափրկության, մենք մեր ազատությունն ու պետականությունը զոհեցինք հանուն եկեղեցու …Արդյոք սա՞ է եղել մեր գերագույն նպատակը՝ իբրեւ ժողովուրդ»: Հեղինակի համոզմամբ, մեծագույն ինքնախաբեություն է, թե եկեղեցին դարեր շարունակ փոխարինել է պետությանը. «Նա (եկեղեցին) ինքնապահպանման եւ ինքնասպասարկման խնդիրներ է միշտ լուծել»: Հ. Դավթյանը փաստում է, որ հայության պետականազրկմանը նպաստող եկեղեցու դերի մասին ակնարկել են դեռեւս հայ լուսավորիչներն ու Պոլսո «Մեհյանականները»: Ըստ մասնագետի, քանի որ ազգը մշտապես իր կենսական ավյունն ու ուժերը տվել է եկեղեցուն, ուրեմն իրավունք ունի նրանից նաեւ պահանջելու հատուցել պարտքը՝ ազգի եւ պետականության: Պատմաբանի համոզմամբ, այսօր արդեն եկեղեցուց պահանջվում է հայոց պետականության մշտագոյության գաղափարի ջատագովություն, պետականասեր եւ բարոյասեր մարդու դաստիարակություն, հայադավանությունը (լուսավորչականությունը) բովանդակությամբ դարձնել ազգադավանություն:
«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքում հեղինակը խոսելով Վարդանանց պատերազմի մասին, այն մեկնաբանել է որպես ներհայաստանյան պայքար՝ համաիրանական գահակալական կռիվների համատեքստում: Տղմուտի ափին հայերը կրկնակի գերազանցում էին պարսիկներին. Վարդան Մամիկոնյանը Ավարայրի դաշտ էր հանել 66000-անոց հայկական զորք, պարսիկների 80000-90000-անոց զորքի կեսը նույնպես հայեր էին: Այսինքն, ըստ պատմաբանի, ստացվում է, որ հայերն էին հայերի դեմ կռվում ու առճակատումը Պարսից արքունիքի եւ Հայաստանյայց եկեղեցու միջեւ էր, եւ ոչ թե երկու երկրների: Հղում անելով պատմական փաստերին ու աղբյուրներին, Հ. Դավթյանը նաեւ հիմնավորում է, որ Վասակ Սյունին ամենեւին էլ դավաճան չէր, ընդհակառակը՝ փորձառու եւ շրջահայաց քաղաքական գործիչ էր, որը կարող էր Պարսից արքայի դեմ հանդիման կանգնել իբրեւ առաջնորդ, որի թիկունքում երկիր կար: Բայց քանի որ Սյունիների իշխանապետության հաստատումով վերջ էր դրվելու Լուսավորչի ժառանգների նկրտումներին, բնականաբար, Վասակը ընդունելի չէր եկեղեցու համար. «Վարդանանց պատերազմը քաղաքացիական պատերազմ էր, որի հիմքում՝ ամենեւին էլ անկախանալով հայրենիքը փրկելու ցավը չէր, այլ մի կողմից հայրենիքին իշխելու (Մամիկոնյաններ) եւ մյուս կողմից հայրենիքը կառավարելու (Սյունիներ) հակադիր նպատակների բախումն էր…Եպիսկոպոսները չընդունեցին Վասակին իշխանության գլուխ, որովհետեւ շատ ինքնուրույն էր եւ ոչնչով պարտական չէր եկեղեցուն, մինչդեռ Վարդանը յուրային էր բոլոր առումներով՝ ժառանգական, հոգեւոր դաստիարկության, հիերարխիկ դիրքով: Վասակը թեեւ խաղաղություն էր բերում, բայց այդ խաղաղությունը եկեղեցուն հարկավոր չէր, որովհետեւ դրանով իր իրավունքներն ամբողջովին չէին վերականգնվում: Իսկ Վասակը միտք էլ չուներ եկեղեցուն վերադարձնել իր գերարտոնությունները, այլապես ի՞նքն ինչպես պիտի կառավարեր ու պետություն կառուցեր»: Ըստ հեղինակի, եկեղեցին բարձրագույն իշխանությունը տեսնում էր Սահակ Պարթեւի գուրգուրած թոռան՝ Վարդանի ձեռքին, որպեսզի նրա միջոցով իր կամեցողությամբ կառավարի երկիրը:
Վերլուծելով Ավարայրի ճակատամարտը, հեղինակը նաեւ մի հետաքրքիր նրբերանգի մասին է խոսում. «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, հարձակվելով Վասակ Սյունու թեւի վրա եւ խորանալով թիկունք, Վարդանը թույլ տվեց, որպեսզի իրեն շրջապատեն…Իսկ գուցե նա երկիրը թողնում էր Վասակին՝ համոզվելով, որ Վասակի գո՞րծն է ճշմարիտ»:
Պատմաբանը փաստում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո Հայաստանը՝ իբրեւ երկիր, եւ հայերը՝ իբրեւ ժողովուրդ այլեւս դադարեցին երրորդ հզոր ուժը հանդիսանալ եւ դարձան երրորդական գործոն այս աշխարհահատվածում: Վերջին անգամ էր 66000-անոց հայկական բանակ ճակատամարտում. «Այդ զորեղ ուժը եկեղեցու սուրբ ուխտի կողմից գործադրվեց միայն ի պետս վարքաբանության: Ափսոս եղավ Հայոց բանակը, որ անխղճաբար մսխվեց այդքան փոքր նպատակի համար: Մի՞թե ազգն այդքան կռվող տվեց, որպեսզի առջեւն ընդամենը բարոյական հաղթանակ տանելու խնդիր դրվի… Ալեքսանդր Մակեդոնացին Իսոսի ճակատամարտում ընդամենը 30000-անոց բանակով հաղթեց պարսկական 120000-անոց զորքին եւ իրեն Աքեմենյանների հաջորդ ու Ասիայի տիրակալ հռչակեց»: Հ. Դավթյանը տարբեր օրինակներ վկայակոչելով՝ անընդհատ շեշտում է, որ Հայաստանյայց եկեղեցին իր գործելակերպով միշտ հիշեցրել է, թե ինքը մշտագո է, իսկ պետությունը կարող է անցողիկ լինել, եւ եթե անգամ պետությանը մի բան պատահի, ապա սարսափելի ոչինչ չի լինի, քանի որ եկեղեցին ժողովրդին անտեր չի թողնի. «Հայ ժողովրդի պատմությունն ընդգրկող եկեղեցու անկեղծության պարագիծն այսքանն է»: Գրքի վերջում Հ. Դավթյանը գրում է, որ պետականապահպան մտածողություն չունենք, մեր քաղաքացիական պարտքի զգացումը թերաճ է մնացել, որովհետեւ ոչ միայն եկեղեցին է դարերի ընթացքում իր գործը կատարել, այլեւ չենք հետեւել, օրինակ, թեկուզ Ղեւոնդ Ալիշանի այն պարզ խրատին, որ «Աղեկ քաղաքացի ըլլալու համար պետք է քննել ու սորվիլ զհայրենիս»: