Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների դեմ բռնությունների թիվն աճում է

Մայիս 10,2008 00:00

\"\"Այս առումով առաջատարը Թուրքիան է

Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ լրագրության համար «սեւ» տարի է համարվում 1994-ը, որի ընթացքում մահացել է 103 լրագրող: 1990-ին աշխարհում սպանվել է 32 լրագրող, 1992-ին՝ 65, 1993-ին՝ 74: Իսկ 1999-ին զոհված 36 լրագրողից 28-ը զոհվել է ռազմական գործողությունների գոտում՝ Սիերա Լիոնեում, Հարավսլավիայում, Կոլումբիայում, Չեչնիայում: Վերջերս էլ Պաղեստինում զոհվեց մի լուսանկարիչ: Միջազգայնորեն աճել է նաեւ լրագրողների առեւանգումների, ծեծի, ձերբակալությունների թիվը: Որոշ երկրներում լրագրողները նույնիսկ կտտանքների են ենթարկվում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ Թուրքիան այդպիսի երկրներից է: 1990-ականներին այս երկրում ձերբակալվել է 260 լրագրող, բանտերում գտնվողներից 4-ը դաժան տանջանքների է ենթարկվել: Օրինակ՝ քուրդ Այդողան Իլանին մերկացրել եւ ստիպել են, որ երգի թուրքական օրհներգը, սառցաջուր են լցրել վրան, փորձել խեղդել:

Չնայած ՀՀ-ն Թուրքիայից դեռեւս ետ է մնում լրագրողներին կտտանքների ենթարկելու «հմտություններով», սակայն մեր երկրում էլ լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի պակաս չի զգացվում: Որոշ իմաստով մեղմվել է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն: Եթե նախկինում լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման, նրան՝ տեղեկություններ տարածել կամ դրանից հրաժարվել ստիպելու դեպքում անձը պատժվում էր նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, ապա 2006-ի հունիսի 1-ին վերջին դրույթը հանվեց: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը այս փոփոխությունը համեմատեց մեկ ուրիշի հետ, որը կապված է իշխանության ներկայացուցչին վիրավորելուն վերաբերող՝ Քրօրի 318-րդ հոդվածի հետ: 2005-ի դեկտեմբերի 16-ին կատարված փոփոխությունների համաձայն, եթե անձը իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորում է՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով (նախկինում չկար վերջին դրույթը): Պարոն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում բռնություն համարեց ոչ միայն լրագրողին ծեծելը, լուսանկարչական ապարատը կամ տեսախցիկը ձեռքից վերցնելը: «Լրագրողի աշխատանքի խոչընդոտում կամ նրա նկատմամբ բռնություն եմ համարում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին չպատասխանելը այն պատճառաբանությամբ, թե իբր ռադիոկայանը քայքայում է երկրի պետականության հիմքերը: Նմանատիպ դեպք էր նաեւ այն, որ նախկին նախագահն իր ասուլիսին հրավիրում էր 3-4 խիստ «պատասխանատու» լրատվամիջոցների, որոնք տալիս էին «պատասխանատու» հարցեր եւ որոնց՝ նախագահը պատասխանում էր մեծ պատասխանատվությամբ: Պարտադիր չէ, որ լրագրողին ծեծեն: Երբ լրագրողը չի կարողանում կատարել իր մասնագիտական պարտքը, դա ծեծելուց վատ է»,- հավելեց Մ. Հարությունյանը: Նա այսպիսի արատավոր երեւույթների դեմն առնելու միջոց է համարում լրագրողական համաձայնությունը, երբ նշված դեպքում բոլոր լրատվամիջոցները կհրաժարվեին մասնակցել Ռ. Քոչարյանի ասուլիսին: «Երբ արտակարգ իրավիճակի ժամանակ գրաքննվում եւ լույս չէին տեսնում որոշ թերթեր, պիտի մնացածներն էլ լույս չտեսնեին: Այդ դեպքում ինչ-որ բան կունենայինք: Որքան էլ լրագրողները իրար հետ տարաձայնություններ ունենան, մասնագիտական հարցերում համախմբվել է պետք»,- կարծում է փորձագետը: Նա վկայակոչեց ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքը, որով ամրագրված է. «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ»: Հետո էլ հիշեց 2004-ի ապրիլի 12-ի ցույցերի ժամանակ լրագրողներին ծեծելու մասին Սերժ Սարգսյանի ասածներն ու լրագրողների դեմ կատարված այլ դեպքեր: «Սերժ Սարգսյանի ասածը, թե ծեծի ենթարկվածների մեջքներին գրված չէր, որ ժուռնալիստ են, դեմագոգիա էր: Երբ ոստիկանը Հյուսիսային պողոտայում իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի վրա է հարձակվում եւ խլում ֆոտոապարատը, պարզվում է, որ դա հրամայել է իրեն դատախազ համարող մարդը՝ Աղվան Հովսեփյանը: Եթե դատախազը՝ օրենքի պաշտպանը, չի հասկանում, որ լրագրողը իր մասնագիտական պարտքն է կատարում, ի՞նչ եք ուզում մականունավոր օլիգարխների ոչ պակաս մականունավոր թիկնապահներից: Եթե Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց չի տալիս, նրանից ցածր կանգնածը ոչ միայն հարցազրույց չի տա, այլեւ ապարատը կխլի, ավելի ցածր կանգնածը՝ կծեծի, նրանից էլ ցածր կանգնածը՝ կսպանի, մարզպետների իշխանիկներն էլ կգնան թերթերը կհավաքեն: Այնպես որ, սա մի շղթա է»,- պարոն Հարությունյանն այս երեւույթը նմանեցրեց Ավ. Իսահակյանի՝ չինական կայսեր հրամանի մասին պատմվածքին, որտեղ կայսրն ընդամենը ասում է, թե լավ կլինի՝ գլխարկ դնեն, իսկ գավառներում չդնելու համար մարդ են կախաղան հանում: Ըստ Մ. Հարությունյանի՝ լրագրողների դեմ բռնությունների կանխման նախապայմաններից է անկախ դատական համակարգը. «Օրենքը պիտի գործի, որ լրագրողի դեմ կատարված որեւէ բռնություն չմնա անպատիժ: Ծեծը, բռնությունը նորմալ երկրներում անցել են երկրորդ պլան, խնդիրները լուծվում են լրագրողների դեմ հարուցված դատական գործերով»: Նկատենք, որ ՀՀ-ն այս առումով հետ է գնացել, քանի որ մեր երկրում լրագրողների դեմ հարուցված դատական գործերի թիվը, ի տարբերություն նրանց դեմ կատարված բռնությունների, տարեցտարի նվազում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել