Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ»

Մայիս 10,2008 00:00

\"\"«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել:

«Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ միայն ազատ ուսուցիչը կարող է ազատ մարդու որակներ փոխանցել աշակերտին»,- մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած «Հեղինակային մանկավարժության հանրապետական հավաքի» ժամանակ «Առավոտին» ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ զրուցեցինք նախակրթական, հանրակրթական ոլորտի խնդիրների մասին: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մեր դպրոցները դեռ դուրս չեն եկել, իր ձեւակերպմամբ, «սպառողի» կարգավիճակից: «Ազատ եւ ստեղծագործող բառերը հոմանիշներ են: Այսինքն՝ միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել, ինչը չես ասի մեր մանկավարժների մասին: Եթե մարդուն կարողանում են «քշել» միտինգի, ինքը ազատ մարդ չէ, ուրեմն ինչպե՞ս կարող է ազատ մարդ եւ քաղաքացի դաստիարակել: Եթե մանկավարժը չի տիրապետում իր ուսումնական նյութին, չի ստեղծագործում ու ստեղծում, ուրեմն շարունակում է սպառել: Հիմա հաճախ են ասում, թե սա բարեփոխված նյութ է, նախկինից լավը: Ի՞նչ տարբերություն:…Ղազարոս Աղայանն ասում էր. «Նույն նեկտարից, փոշուց մեղուն մեղր է սարքում, օձը՝ թույն»: Այսինքն՝ մանկավարժության մեջ մեթոդն է կարեւորը»,- պատասխանեց պարոն Բլեյանը: Հաջորդ հարցին, թե, ի վերջո, ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը, նա պատասխանեց. «Մանկավարժը պիտի ամեն օր պայքարի ազատության համար: Հասարակությունն էլ պիտի ազատ ուսուցիչ պահանջի, ծնողի առաջ ուսուցիչը պիտի պատասխան տա իր գործունեության համար: Թե չէ, եթե ունենք բռնապետություն, դպրոցն էլ այդ օղակներից մեկն է դառնում»: «Մ. Սեբաստացի» կրթահամալիրը 2006-ից իրականացնում է նախակրթական ոլորտի աշխատակիցների վերապատրաստումներ, որոնք հաստատված եւ ֆինանսավորվում են ԿԳՆ-ի կողմից:

Ինչպես տեղեկացրեց «Հանրակրթական դպրոցի նախապատրաստական ուսուցում» ծրագրի վերապատրաստումների կազմակերպման պատասխանատու Կարինե Խաչատրյանը, մինչեւ 28 հոգի վերապատրաստելու համար պահանջվում է մոտ 200.000 դրամ: Իսկ վերապատրաստումների արդյունավետության մասին պարոն Բլեյանն ասաց. «Դաստիարակը պիտի ունենա ընտրության հնարավորություն: Ոչ թե նրան պիտի պարտադրես այդ վերապատրաստումը, այլ ինքն ընտրի դա: Ուստի պիտի լինեն վերապատրաստում իրականացնող մի շարք կազմակերպություններ: Այժմ դրանով զբաղվում են միայն «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը եւ Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ): Լավ կլիներ, որ ԿԱԻ-ն զբաղվեր վերապատրաստողների վերապատրաստմամբ»: Զրուցեցինք նաեւ վերապատրաստմանը մասնակցած մի քանի մանկապարտեզների դաստիարակների հետ: «Առավոտի» հարցին, թե ծնողներն ինչո՞ւ են շահագրգռված իրենց երեխաներին տանել քոլեջներ եւ ոչ թե մանկապարտեզներ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Նարինե» համալիր-մանկապարտեզի դաստիարակ Արմենուհի Սարգսյանը այսպես պատասխանեց. «Դրա պատճառը օտարամոլությունն է: Ավելի շատ ձգտում են օտար լեզուների, բայց գաղափար չունեն ազգայինի մասին: Չէ որ միայն հայերեն իմանալը՝ դեռ չի նշանակում, թե ճանաչում ենք ազգային ավանդույթները: Իհարկե, կան ծնողներ էլ, որոնք իրենց երեխաներին քոլեջներից հետ են բերում մանկապարտեզ»:

Շենգավիթ համայնքի թիվ 113 մանկապարտեզի դաստիարակ Հասմիկ Մարտիրոսյանն էլ նկատեց. «Բոլոր ծնողները պայքարում են քոլեջների համար՝ մտածելով, թե այնտեղ ավելի շատ գիտելիքներ են տալիս երեխաներին, քան մանկապարտեզներում: Ես գիտեմ, թե ինչպես են քոլեջներում անցնում պարապմունքները… Ծնողները, հաշվի չառնելով երեխաների տարիքը, կրտսեր տարիքից նրանց ծանրաբեռնում են օտար լեզուների իմացություններով, այն դեպքում, երբ որոշակի գիտելիքի համար պահանջվում են տարիքային որոշ առանձնահատկություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել