Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը

Մայիս 10,2008 00:00

Ասում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես:

Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի պատմածը, որն ապօրինաբար այնտեղ էր պահվել շուրջ 7 ժամ: Այդ ընթացքում բազմիցս խախտվել էին նրա իրավունքները: Եվ հարցին, թե ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, Կարեն Հեքիմյանը պատասխանեց. «Թե՛ մարտի 26-ին, երբ ինձ Հյուսիսային պողոտայի «Թայմ աութ» սրճարանի մոտից տարել էին Կենտրոնի, հետո Շենգավիթի ոստիկանություն, թե՛ այս վերջին դեպքի կապակցությամբ ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց ասեմ, որ մարտի 26-ի դեպքի կապակցությամբ Պաշտպանը դեռ ոչ մի կերպ չէր արձագանքել: («Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոն եւ Շենգավիթ բաժանմունքներ են տարվել անձինք, ովքեր զբոսանքի անվան տակ երթ են կազմակերպել: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա ակցիա է եղել, ինչն օրենքով արգելված է»,- մամուլում ասել էր Արմեն Հարությունյանը.- Ա. Ի.): Խոսքն ինձ բերման ենթարկելու եւ 3,5 ժամ անազատության մեջ պահելու հիմքերի մասին է. այս դիմումին նա ընդհանրապես չարձագանքեց:

Ես Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու բավական հարուստ փորձ ունեմ՝ տարբեր գործերի հետ կապված ու տարբեր թվականներին 4-5 անգամ դիմել եմ Պաշտպանին: Եվ ուզում եմ անդրադառնալ նրա գործունեությանը թե՛ ընդհանրապես, թե՛ այս վերջին դեպքերի առնչությամբ: Պաշտպանը ցանկացած գործով զբաղվում է միայն փոստատարությամբ: Ես դիմում եմ Պաշտպանին, նա դիմում է այն մարմնին, որի հետ ես խնդիր ունեմ, ու ինձ ցույց է տալիս այդ մարմնի եզրակացությունն իմ խնդրի վերաբերյալ: Սա նման է «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմում Պեչկինի գործունեությանը, որը կատվին ու շանը սովորեցնում էր իրար նամակ գրել: Ինքն անձամբ ոչ մի եզրակացություն չի ներկայացնում»: Մեր դիտարկմանը, թե Պաշտպանն այնուամենայնիվ անում է եզրակացություններ իր զեկույցներում՝ Կարեն Հեքիմյանն արձագանքեց. «Ես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակից Արմենին հարցրի՝ այս արտահերթ զեկույցն անձամբ ինձ վերաբերո՞ւմ է: Ասաց՝ իհարկե: Առաջարկեցի ինձ վերաբերող մասը զեկույցից հանել ու ինձ պատասխանել: Ասաց՝ ոչ:

Օրերս պարզեցի, որ մարտի 26-ին ինձ բերման ենթարկելու կապակցությամբ Պաշտպանը հարցում է արել Շենգավիթի ոստիկանություն: Այնտեղից պատասխանել են, թե նման դեպք եղել է, բայց ոչ թե 3,5 ժամ, այլ 1 ժամ: Բացի այդ՝ գրել են, որ Կարեն «Հեքեյանին հրավիրել են» Կենտրոնի բաժին (չգիտեմ ինչի համար, քանի որ հրավիրատոմս չկար), բայց ես ինքս եմ գնացել, հետո տարել են Շենգավիթի բաժին ու 1 ժամից բաց են թողել: Ինչի՞ համար, ո՞նց, հրավիրատոմսս ո՞ւր է կամ ինչո՞ւ Հեքեյան եւ ոչ թե Հեքիմյան: Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցն ասում է, որ ինքն է սխալ գրել ազգանունս: Ոստիկանությունն էլ նույն սխալը կրկնելով՝ պատասխանել է: Այսինքն, եթե աշխատակազմից գրեին՝ Սափեյանին ինչո՞ւ եք բերման ենթարկել, ոստիկանությունն էլի նույն կերպ կպատասխաներ:

Ես այս ամենը գնահատում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անգործություն: Եվ հավաքում եմ այդ կառույցին իմ բոլոր դիմումները, փաստաթղթերն ինձ մտերիմ բոլոր մարդկանց, ովքեր ժամանակին նույնպես դիմել են Պաշտպանին: Կփորձեմ Սահմանադրական դատարանում վիճարկել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությունը:

Ես իրոք գտնում եմ, որ Պաշտպանի գրասենյակը «Հայփոստից» չի տարբերվում ոչնչո՛վ: Ուղղակի «Հայփոստում» 50 կամ 100 դրամ ես մուծում նամակդ տեղ հասցնելու համար, իսկ այստեղ ձրի է: Մինչդեռ միշտ կարծում էի, թե Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար է, որ մարդուն պաշտպանի պետական հնարավոր անօրինականություններից: Բայց Պաշտպանի աթոռին այսօր նստած մարդը փաստորեն պաշտպանում է պետությունն ինձնից»: Մեր հիշեցմանը, թե իշխանությունն էլ է դժգոհ Արմեն Հարությունյանի գործունեությունից՝ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի նրան տրված «անհաջող կադր» որակումն է՝ ընդդիմադիր կուսակցության անդամն այսպես արձագանքեց. «Ես համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանին՝ իրոք շատ անհաջող կադր է: Մարդը պիտի լինի կա՛մ այս կողմում, կա՛մ այն: Ինքն ասում է՝ ես զեկույց եմ գրել: Մեկն էլ «Արխիպելագ Գուլագ» է գրել: Բայց «Արխիպելագ Գուլագ»-ով չեն պաշտպանվում մարդու իրավունքները. դա է հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել