Անկողնուն գամված մայրը սպասում է
46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչ այդ նրան մեքենայում 15 ոստիկաններով խոշտանգումների են ենթարկել: Կենտրոնի ոստիկանները մի քանի ժամ պահելուց հետո նրան տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժին: Հարությունյանը ոստիկանության ժամանակավոր պահման վայրում 72 ժամի փոխարեն մնացել է 84 ժամ: Այնտեղ իրավաբանական օգնություն չի ստացել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար:
Ներկայումս Ս. Հարությունյանը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ի դեպ, մարտի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրա անվամբ լրացված բժշկական քարտում նշվել է, որ Հարությունյանի մոտ առկա են քթի, մեջքի «քերծվածքներ», «ձախ ակնակապիճի արյունազեղում՝ կապույտ գույնի»: Իսկ փորձագետի 27/1 եզրակացությամբ նշվել է, որ Հարությունյանի մարմնական վնասվածքները՝ ձախ ստորկոպային շրջանի արյունազեղում եւ քթի սալջարդ վերք, այժմ՝ սպի, պատճառվել են բութ առարկաների ազդեցությամբ, «առանձին-առանձին վերցրած առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»: Պաշտպանական կողմը միջնորդել է, միաժամանակ, Ս. Հարությունյանին ճանաչել տուժող: Խոշտանգումների դրվագով մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործն օրեր առաջ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանքը «հաստատվելու» դեպքում ջրմուղագործին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Նրա պաշտպանությունը ներկայումս իրականացնում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Նարինե Ռշտունին:
«Իշխանության ներկայացուցիչները տղայիս դաժանաբար ծեծել են (ինչը հաստատվում է հեռախոսով պատկերված լուսանկարում- Ռ. Մ.): Նա ցուցմունքը տվել է ֆիզիկական եւ հոգեկան ծանր ճնշման տակ»,- ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում գրում է Հարությունյանի 76-ամյա մայրը՝ Պարզիկ Հարությունյանը, որը ինֆարկտային վիճակով գամված է անկողնուն: Ի դեպ, կալանավորված Հարությունյանի խնամքի տակ էր գտնվում նաեւ ցմահ 1-ին կարգի հաշմանդամ դարձած եղբայրը: Տիկին Հարությունյանը պահանջում է, որպեսզի տղայից հանվի մեղադրանքը, նա չի հավատում, որ ոստիկանների հետ երբեւէ գործ չունեցած որդին ձեռք է բարձրացրել նրանց վրա: «Քննչական մարմինների կողմից կազմված արձանագրություններում գրված է, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել»,- շարունակում է մայրը:
Այն, որ Հարությունյանի մոտ չի հայտնաբերվել զենք, բռնություն խորհրդանշող որեւէ գործիք, երեւում է մարտի 7-ին կազմված, մեր տրամադրության տակ գտնվող ՀՀ հատուկ քննչական ծառայության խմբի ավագ Ա. Մայիլյանի կազմած խուզարկության արձանագրությունից. «Քննության ընթացքում քննությանը հետաքրքրող իրեր եւ առարկաներ չեն հայտնաբերվել», թեեւ մինչ այդ առաջարկվել էր «հանձնել» զենք, ռազմամթերք, մահակներ, ձողեր, թմրամիջոցներ, «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք»: Խուզարկության ընթացքում Հարությունյանի տանը գտնվել է «Լեւոն» անունով երկու «DVD» տեսակի լազերային սկավառակ, որը անծանոթ մարդիկ էին բերել եւ բաժանել: Ուշադրության արժանի է այն, որ խուզարկություն էր տեղի ունեցել նաեւ Հարությունյանի քրոջ՝ Սեդայի բնակարանում: Այնտեղ գտնվել էր Սեդայի ուսանող որդու ՀՀԿ-ական անդամատոմսը: Սա արդեն արձանագրել, «վախեցել» էին: Տիկին Սեդա Հարությունյանը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի բժշկական զննման ենթարկվի եղբայրը: Վերջինս մինչ օրս տառապում է գլխի, մեջքի եւ ոտքի սուր ցավերից:
Ս. Հարությունյանի մայրը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից մարտի 23-ին ստացվել է պատասխան՝ բողոքը քննարկման ընդունելու մասին: Դիմումատուն եւ նրա պաշտպանը նշել էին Սամվելի խոշտանգումների, փաստաբան չունենալու եւ բժշկական օգնությունից զրկված լինելու մասին: