Որքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է
Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում օրերով:
Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի բնակիչների ներկայացմամբ՝ 3 շաբաթը մեկ իրենց շենքի ջրի պոմպն այրվում է, ինչի հետեւանքով բնակիչները 2-3 օր ջուր են կրում: Թե ինչն է պատճառը՝ ընկերության մասնագետները գլուխ չեն հանում: Բնակիչների համոզմամբ, շարժիչը պարզապես անորակ է:
Ջուր չունենալու պատճառով «Առավոտին» են դիմել նաեւ Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչները: Նրանք դժգոհում են, որ ամեն տարի, եղանակի տաքանալուն պես, իրենց ջրերը կտրվում են. «Ամռանն ընդհանրապես ջուր չենք ունենում, սա սկսվում է մոտավորապես հունիսի կեսերից, բայց էս տարի, չգիտես ինչու, մենք մարտի վերջից օրերով-շաբաթներով ջուր չենք ունենում: Անցած տարիներին գոնե 3-4 ամիս էինք ջուր կրում, էս տարի երեւի 6-7 ամիս ենք կրելու: Մեր շենքում մինչեւ 4-5-րդ հարկ՝ 4-5 օրը մեկ ջուր լինում է, բայց վերեւի հարկերը ջուր չի հասնում: Անընդհատ զանգում ենք «Երեւան ջրի» 1-85 ծառայություն՝ կա՛մ զբաղված է, կա՛մ էլ վերցնող չի լինում»: Բնակիչները փորձել են նաեւ «Երեւան ջրի» իրենց տարածքային կենտրոնի միջոցով ջրամատակարարման որակը բարձրացնել, սակայն ապարդյուն՝ այնտեղից էլ սպառիչ պատասխան չեն ստացել, թե, ի վերջո, ո՞րն է ջուր չունենալու պատճառը: Բնակիչներից մեկի խոսքերով. «Դեռ այդ ջուր կրելուն մի կերպ հարմարվում էինք, բայց մեր շենքի վերելակն էլ օրումեջ փչանում է, ինչքա՞ն կարող ենք ոտքով ջուր կրել»:
Արաբկիր թաղամասի Ավետ Ավետիսյան փողոցի 80 շենքի բնակիչների ներկայացմամբ, իրենց շենքի ջրամատակարարումն էլ է վերջերս կտրուկ վատացել, իսկ շենքի մոտակայքում գործող ատամնաբուժարանում 24 ժամ ջուր է լինում: Բնակիչները մեզ պատմեցին, որ մի քանի օր առաջ ծորակներից «մի քանի գրամ ջուր» եկել է. «Բայց արդեն 3-4 օր է՝ ջուր չունենք»:
Քաղաքացիների բողոքների առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի շենքերում նոր տեխնիկական միջոց են տեղադրել, որի շնորհիվ ջրամատակարարումը պետք է կարգավորվի, սակայն օրերս էլ այս տարածքը ջրով ապահովող Կաթնաղբյուրի ջրատարն է վնասվել, որի պատճառով մի քանի օր եւս ջուր չի լինի: Ինչ վերաբերում է Արաբկիր թաղամասի Ավետ Ավետիսյան փողոցի շենքերի ջրամատակարարմանը, ապա, ըստ «Երեւան ջրի», այստեղ մի քանի օր ջուր չի եղել Արզնիի ջրատարի խոշոր վթարի պատճառով: Մոտակայքում գտնվող ատամնաբուժարանում էլ ջուր եղել է, քանի որ այստեղ ջուր է մատակարարվում ինքնահոս եղանակով: Ջրամատակարարման վատթարացման խնդրով «Առավոտին» էին դիմել նաեւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 շենքի բնակիչները, որոնք էլ բողոքում էին, որ չնայած գրաֆիկով իրենք պետք է օրական ունենան 8 ժամ ջրամատակարարում, սակայն ունենում են ընդամենը 4 ժամ: Այս խնդրի առնչությամբ էլ «Երեւան ջրից» պարզաբանեցին, որ շենքը գտնվում է բարձրադիր գոտում, ուստի այնտեղ ջուր մատակարարելու համար տեղադրված պոմպն ու կարգավորիչը, որոնք ջրամատակարարումը ավտոմատ են կարգավորում, հին են: Ըստ ընկերության, «Երեւան ջրի» 2008 թվականի ծրագրերում այս շենքի պոմպի նորացումը ներառված է: