Վրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ
այդ «օգնության» կարիքը խիստ զգում են:
Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է մեծ ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախեթի, Ախալցիխե եւ Ասպինձայի տարածաշրջաններին, որոնց բնակչության մեծամասնությունը հայեր են: Ասպինձայի շրջանում ընդամենը մեկ հայաբնակ գյուղ կա՝ Դամալան, որը, կարելի է ասել, իրար է միացնում Ախալքալաքի եւ Ախալցիխեի տարածաշրջանների հայությանը: Այս գյուղի բնակիչների խոսքերով՝ նախագահի ուշադրությունն առավել ընդգծվել է անցած տարվա հոկտեմբերին, երբ Սահակաշվիլին նախագահական ընտրություններից առաջ գյուղի թոշակառուներին 50 լարիանոց (մոտ 10 հազար դրամ) կտրոններ է բաժանել, որոնք նախատեսված են եղել էլեկտրաէներգիայի վարձերը վճարելու համար: Հենց այդ էլ նպաստել է, որպեսզի այս գյուղում Վրաստանի նախագահական ընտրություններում Սահակաշվիլին ընտրվի միաձայն: Քանի որ առաջիկայում Վրաստանի խորհրդարանական ընտրություններն են, Սահակաշվիլին Դամալա գյուղի ամեն բնակչի 1-ական պարկ ալյուր ու 20 լիտր վառելանյութ էլ է բաժանել:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն Վրաստանի նախագահը բացեիբաց ընտրակաշառք է բաժանում, Դամալայի գյուղապետ Գուրգեն Թումասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Չեմ կարող միանշանակ ասել, քանի որ մինչ այդ մեզ վրացական իշխանությունները ոչ մի ձեւով ուշադրություն չեն դարձրել: Մենք ունենք այդ օգնության եւ ուշադրության կարիքը»: Գյուղապետը մեկ առ մեկ թվարկեց, թե վրացական իշխանությունները ինչեր են արել. «Ախալքալաքից Ասպինձա եկող ճանապարհը հիմնովին վերանորոգել են, Ասպինձայի կոպեկանոց բյուջեն արդեն հազարներով է լցվում: Նման պարագայում տարածքում արդեն չկա ազգային խտրականություն: Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է իր բիզնեսը սկսել՝ ազատ մրցակցային պայմաններում, վերջերս էլ հարկերն են իջեցնում։ Մեզ մոտ իրոք կա օրենքի գերակայություն։ Այն գյուղացիները, որոնք այսօր օտար երկրներում են, տեսնելով այս ուշադրությունը՝ ուզում են վերադառնալ: Առայժմ ավելի շատ ուշադրություն է դարձվում ոստիկանության, մաքսային համակարգի աշխատակիցներին՝ նրանց աշխատավարձը շատ բարձր է, սակայն լավ կլիներ, որ ժողովրդի հետ աշխատողներն էլ գնահատվեին ըստ արժանվույն»։
Գյուղապետի խոսքերով, ինքն իրենց գյուղապետարանի միակ աշխատողն է եւ որեւէ օգնական չունի: Նրա հավաստմամբ, աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 600 լարի (մոտ 120 հազար դրամ): Գ. Թումասյանը գյուղապետ է արդեն 12 տարի, նա, Վրաստանի օրենքներով, գյուղապետ է նշանակվում տարին մեկ: Նա մեծ հույսեր ուներ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքն արդեն մենակ չի աշխատի եւ գյուղապետարանում գոնե ավագանիներ կլինեն:
Դամալան գազիֆիկացված չէ. գյուղացիների մեծ մասը տանը դեռեւս փայտի վառարաններ է վառում: Գյուղապետի խոսքերով, գազն արդեն ճանապարհին է եւ շուտով խողովակը Ասպինձայի շրջանից կհասնի Դամալա: Նշենք նաեւ, որ այնտեղ ֆիքսված հեռախոսակապի վարձն ընդամենը 4 լարի է, քաղաքային հեռախոսից բջջային զանգելն՝ անվճար: Դամալա գյուղն ունի 2 հազար 115 բնակիչ։ Գյուղում հիվանդանոց չկա։ Եթե գյուղացիները առողջական խնդիրներ են ունենում՝ գնում են Դամալայից 10 կմ հեռու գտնվող Ասպինձայի հիվանդանոց: Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Դամալայի եղանակային պայմաններն այնպիսին են, որ այստեղ աճում են բազմատեսակ պտուղ-բանջարեղեններ: Այդուհանդերձ, գյուղապետը դժգոհեց, որ գյուղացիներն այնքան էլ լավ չեն ապրում: Գյուղապետը հենց այդ փաստով էլ պայմանավորեց իրենց գյուղի տղամարդկանց մեծ մասի արտագնա աշխատանքի գնալը. «Եթե խոպան չգնան՝ ընտանիքները չեն կարող պահել»:
Դամալեցիները ոռոգման ջրի խնդիր էլ ունեն, սակայն Վրաստանի իշխանությունները խոստացել են մինչեւ մյուս տարի այդ հարցը լուծել: Գ. Թումասյանի պատմելով, գյուղացիների հիմնական խնդիրը վարելահողերի բացակայությունն է. «Աշխատուժ կա, բայց տարածք քիչ ունենք»: Գյուղում մեկ եռահարկ դպրոց է գործում: Հետաքրքիրն այն է, որ այստեղ ուսանելու 11 տարվա ընթացքում աշակերտները ոչ մի առարկայից քննություն չեն հանձնում: Դպրոցն ավարտած այն աշակերտները, ովքեր լավ են սովորում՝ բուհ ընդունվելու համար գնում են Երեւան: Վրացիներով շրջապատված այս գյուղի բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են հայ-վրացական հարաբերությունները: Նրանց ներկայացմամբ՝ «Մենք իրար հետ ոչ մի պրոբլեմ չունենք»:
Գուրգեն Թումասյանի խոսքերով, իրենց տարածաշրջանում վրացիներն ուզում են հիդրոէլեկտրակայան կառուցել, որտեղ աշխատողներ են պահանջվում: Ըստ նրա, վրացիներն առաջարկել են, որ հենց իրենց գյուղացիներն այնտեղ աշխատեն. «Սուտ են ասում, որ հայերին տեղ չեն տալիս, տալիս են, հենց մեր գյուղից արդեն քանի հոգի են կանչել բարձր աշխատավարձով՝ մոտ $1000, այդ կայանի կառուցման շինարարական աշխատանքներին մասնակցելու համար, ապրելու տեղ էլ են հատկացնում»: Մեր հարցին, թե Հայաստանից Ջավախքին կամ Ախալցիխեին տրամադրվող օգնությունից դամալեցիներն օգտվո՞ւմ են, պարոն Թումասյանը պատասխանեց. «Հայաստանում Դամալայի մասին մոռացել են: Սակայն Ախալքալաքն ու Ախալցիխեն, իմանալով մեր վիճակի մասին, այդ օգնությունից մեզ էլ են բաժին հանում»: