Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում:
Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ազատամիտ ու ըմբոստ ձորակապցիները հանդես են գալիս տարբեր բողոքի ակցիաներով: Նկատենք, որ անգամ դաժան եղանակը՝ վերջին օրերին Շիրակի մարզում տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւները նրանց չեն լռեցնում: Եվ եթե մի քանի օր առաջ ձորակապցիները գյուղովի կանգնելով ուժեղ կարկտի տակ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ վանկարկելով «Սերժիկ հեռացիր, Հայաստանը մոռացիր», ապա երեկ ճարահատյալ փոխեցին բողոքի ձեւը: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սեւակ Սաղաթելյանը, գյուղի «Սուրբ հալեւոր պապ» մատուռի տակ վրան խփելով, ժամը 15.00-ից սկսած անժամկետ հացադուլ հայտարարեց: Հետաքրքիրն այն է, որ նա հարկ չէր համարել այս մասին որեւէ պետական կառույցի տեղյակ պահել: «Ոստիկանությունից ինչքան հեռու մնանք, էնքան՝ լավ»,- այսպես մեկնաբանեց իր չիրազեկելը Սեւակ Սաղաթելյանը՝ փորձելով իր հայտարարությունը նրանց հասցնել թերթերի միջոցով: Ըստ նրա, հացադուլի ժամկետը կախված է ամսի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարության ընթացքից: Ի դեպ, հացադուլավորին միանալու պատրաստակամություն են հայտնել գյուղի բոլոր տղամարդիկ, չնայած որ գյուղացիների խորին համոզմամբ՝ դիմացինն այնքան «անհոգի է ու անխիղճ», որ դժվար թե արձագանքի: «Երեկ տեսանք, էլի, Գյումրիի երկրապահները հացադուլ էին հայտարարել, ոչ մեկը դռները չբացեց, գոնե ձեւի համար նրանց տոնը չշնորհավորեցին»,- ասում էր Շոթա Սաղաթելյանի որդի Կարենը: Իսկ հացադուլավոր Սեւակ Սաղաթելյանը «Առավոտին» մանրամասնեց, որ սկսել են հալածել իրենց ընտանիքի բոլոր անդամներին: Նրա ներկայացնելով՝ Երեւանի ոստիկանությունը ընկած թաղեթաղ «կեղծ» վկաներ է փնտրում՝ Մուշեղ Սաղաթելյանի դեմ «նկարած» քրեական գործը հաստատելու համար: «Մուշեղ Սաղաթելյանի խափանման միջոցը՝ կալանքը, երկու ամսով երկարացրին այն պարզ պատճառով, որ դատախազության կողմից նրան ներկայացված մեղադրանքների ոչ մի էպիզոդը չեն կարող հաստատել, ժամկետն են երկարացնում՝ վկաներ ճարելու համար, որպեսզի հաստատեն, թե իբր Մուշեղը փող է տվել մարդկանց՝ հանրահավաքների տանելու համար: Գործը մենք արդեն ուղարկել ենք Եվրոդատարան, այլեւս չենք վստահում մեր դատական համակարգին, ակնհայտ է, որ այն իշխանություններին սերտաճած, իշխանության կամակատարն է»,- ասում է Սեւակ Սաղաթելյանը: Ըստ նրա՝ իշխանությունները, չբավարարվելով իր հոր ու հորեղբոր հետեւից ընկնելով, այժմ էլ սկսել են անմարդկային հալածանքներ իրենց ընտանիքի մյուս անդամների հանդեպ: Սեւակը վրդովված է, որ հայրենի իրավապահները «քթները խոթում են» իրենց անձնական կյանքի մեջ՝ վարկաբեկելով ընտանիքին: Նա նաեւ զայրացած է իր ու եղբոր մեքենաները մարտի 1-ին Օպերայի տարածքից անօրեն ձեւով առգրավելու ու մինչ օրս չվերադարձնելու փաստից: Ի դեպ, մեր զրուցակցի մեքենայի մեջ եղել են որոշակի գումար, փաստաթղթեր, ընդհուպ մինչեւ անձնագիրը, որն այդպես էլ ոստիկանները չեն բարեհաճել վերադարձնել: Սաղաթելյանները ստիպված են եղել այս հարցով եւս դիմել դատարան, սակայն քննությունը անհարկի պատճառներով հետաձգում են: «Աղվանների ու Սերժերի մանկլավիկ քննիչներին ես կարող եմ այդպիսի մեքենաներ նվեր տալ, բայց վերջ-առաջ իրենք պատասխան պիտի տան իրենց օրինախախտումների համար, մենք քրեորեն հետապնդելի մարդիկ չենք, հանցանք չենք կատարել, սակայն մեր մեքենաները, չգիտես ինչու, կալանքի տակ են: Սա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ են բացատրել: Աղվանները վաղը- մյուս օրը փախնելու են, կատարողներն են մնալու, էնպես որ՝ շատ իզուր են իրենց վրա այդքան ծանր բեռ վերցնում, վաղը կարող են դրա տակ մնալ»,- նախազգուշացնում է Սեւակ Սաղաթելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ բավական չէ մեքենան խլել են, նաեւ վնասել են՝ կոտրելով ապակիները: Նրա կարծիքով, եթե անգամ իշխանությունները սխալվեն ու ցանկություն հայտնեն ազատել քաղբանտարկյալներին, ապա «կորիզին»՝ Մուշեղ Սաղաթելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Սմբատ Այվազյանին ոչ մի կերպ բաց չեն թողնելու: Ըստ նրա՝ այդ մարդկանց հարազատներին, եղբայրներին դիտավորյալ գերի են վերցրել՝ հետագայում բաց թողնելու ու իմիտացիա ստեղծելու համար, թե՝ տեսեք, տեսեք, մենք քաղբանտարկյալներին ազատ ենք արձակում:
Նյութը պատրաստելուց հետո Ձորակապից տեղեկացրին, որ այսօրվանից միահամուռ հացադուլի է նստելու ամբողջ գյուղը: