Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բացի 2007-ի հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքների հիման վրա զեկույցից՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին է ներկայացրել նաեւ իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Սակայն նախ անդրադառնանք 2007-ի զեկույցին, որը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ համապարփակ մի փաստաթուղթ է, եւ անդրադարձ կա գրեթե բոլոր ոլորտներին, արձանագրված են հիմնական թերացումները, դրանց պատճառները եւ արված են առաջարկներ՝ դրությունը բարելավելու վերաբերյալ:
Մի քանի արձանագրումներ առանձնացնենք այս զեկույցից: Անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ Թոմաս Համմարբերգը նշում է, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իր հետ հանդիպումների ընթացքում մտահոգություն են հայտնել օմբուդսմենի գրասենյակի ոչ բավարար անկախության կապակցությամբ եւ պահանջել, որ Պաշտպանն ավելի սերտ համագործակցություն հաստատի քաղաքացիական հասարակության հետ, «դառնա իրական զրուցակից եւ գործընկեր»:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում նշված է, թե հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում իրեն տեղեկացրել են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների նկատմամբ ահաբեկումների եւ ճնշումների մասին, եւ այս կապակցությամբ առանձնացված է Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Սասուն Սարիբեկյանի դեպքը, որը աշխատանքից ազատվեց 2007-ին՝ դասավանդելու ընթացքում իշխանությունների հասցեին իր քննադատության պատճառով:
Զեկույցի այն բաժնում, որը նվիրված է դատավորների կարգավիճակին՝ Համմարբերգը նշում է, որ արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ իր հանդիպումներից եզրակացրել է. «Դատական համակարգը դեռ շատ հեռու է անկախ լինելուց»: Հանձնակատարը մտահոգություն է հայտնել ոստիկանական ուժերում կանանց սակավ առկայության կապակցությամբ: Ի դեպ, հիշեցնենք, որ ՆԳ նախարար եղած ժամանակ Վանո Սիրադեղյանը ձեւավորեց կին պետավտոտեսուչների խումբ:
Թոմաս Համմարբերգը բանտային հիվանդանոցում հանդիպել էր «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Զեկույցում անդրադարձ կա նրան վաղաժամկետ ազատ արձակելը մերժած պետական հանձնաժողովին, եւ հնարավոր է համարվում, որ այդ որոշման պատճառները պայմանավորված են գործի քաղաքական բնույթով: ԵԽ հանձնակատարը նշում է, որ այս հանձնաժողովը ձեւավորվել է ՀՀ նախագահի հրամանագրով, ուստի այն չի կարող համարվել անկախ մարմին: Այդ պատճառով նա առաջարկում է այդ հանձնաժողովը վերափոխել դատական մարմնի:
Զեկույցի «հիմնարար ազատություններ» բաժնում անդրադարձ կա Հայաստանի Քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» համար: Ըստ Թոմաս Համմարբերգի՝ այս դրույթների կիրառումը հիշեցնում է «սովետական անցյալը: Դրանք, կարծես, գործածվում են քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկելու եւ հետապնդելու համար: Օրինակի համար՝ 301 հոդվածը կիրառվել է Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին կալանավորելու համար, որոնք երկուսն էլ քննադատական վերաբերմունք ունեն իշխանությունների հանդեպ»: Հանձնակատարը կարծում է, որ 301 հոդվածը պիտի վերանայվի եւ համապատասխանեցվի միջազգային չափանիշներին ու Հայաստանի Սահմանադրությանը:
Կարծիքների բազմազանության եւ տեղեկատվության ազատության ենթաբաժնում տեղ են գտել դրույթներ, որոնք ավանդաբար զետեղվում են միջազգային այս կարգի բոլոր փաստաթղթերում: Նշված է, որ էլեկտրոնային հեռարձակվող միջոցներում էական հիմնահարց է սահմանափակ բազմակարծությունը: Մեջբերված են տեսակետներ, ըստ որոնց՝ հեռարձակող լրատվամիջոցները խիստ վերահսկողության ներքո են: Եվ հիշատակված է, որ ՀՌԱՀ-ը մերժել է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» բոլոր փորձերը՝ վերստին ստանալու հեռարձակման արտոնագիր, ու «Ազատություն» ռադիոկայանն էլ ենթարկվել է լուրջ սահմանափակումների:
Զեկույցի հանձնարարականների բաժնում մասնավորապես նշված է. «Միջոցներ ձեռք առեք մեծացնելու արտահայտման ազատությունն ու բազմակարծությունը Հանրային հեռուստառադիոընկերությունում: Երաշխավորեք ՀՌԱՀ անդամների նշանակման բաց եւ թափանցիկ գործընթաց»: Ու Համմարբերգը նաեւ առաջարկում էր՝ «Երաշխավորեք հավաքների ազատության իրավունքի հարգումը: Դադարեցրեք ոստիկանական անհամարժեք ուժի կիրառումը խաղաղ ցույցերի նկատմամբ»:
Մարտի դեպքերի վերաբերյալ նրա զեկույցին կանդրադառնանք առանձին: