Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց հարազատները պետք է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանան անձնագրերով: Այսինքն՝ նրանք ոստիկաններին պետք է ապացուցեն ամբաստանյալների հետ ազգակցական կապ ունենալը: Այս ձեւով դատարանի կարգապահները իբրեւ թե «փրկում են» դատարանի շենքը մայրաքաղաքից ժամանած «ամբոխից», սակայն ակնհայտ է, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու նպատակ են հետապնդում: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ դատական նիստի ժամանակ իբրեւ թե ժողովրդից կաշկանդվելով՝ դատավոր Վահե Խալաթյանը դատն անցկացրեց փոքր դահլիճում, հրահանգեց մարդկանց ներս չթողնել, որի պատճառով էլ դատարանի մուտքի մոտ սկսվեց ժողովուրդ-ոստիկան բախում, ու արդյունքում կոտրվեցին դատարանի շենքի ապակիները: Պարզ է, որ եթե դատարանի կարգապահները այդպիսի հանճարեղ ծրագրով շարժվեն, նոր սկանդալների սկիզբ կդնեն: Ինչպես ձեռ են առնում դատերին մշտապես մասնակցող գյումրեցիները. «Թող միանգամից դատարանում արյան անալիզի կենտրոն հիմնեն ու ԴՆԹ անեն, որպեսզի ավելի ճիշտ կողմնորոշվեն, թե ով ում բարեկամն է»: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը նախորդ դատական նիստին դատավոր Վահե Խալաթյանին մեղադրելով սադրանքներ հրահրելու մեջ, հայտարարություն էր արել. «Եթե դատավորը շարունակի ենթարկվել մեղադրող կողմի պահանջներին եւ արգելի մեր հարազատների, համակիրների մուտքը դատարան, մենք կդիմենք բողոքի ամենածայրահեղ քայլերին՝ պատասխանատվությունը թողնելով նախագահող դատավորի վրա»:
Իմիջիայլոց, մեզ հասած տեղեկություններով, նորանշանակ վարչապետը հրահանգել է ծառայողական քննություն անցկացնել՝ «Առավոտի» երկու օր առաջ տպագրած «Նոր խաղատուն Գյումրիում» վերնագրով լուսանկարի կապակցությամբ, որտեղ մեր ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը ֆիքսել էր, թե ինչպես մեծ դահլիճ «չլինելու» պայմաններում դատարանի մեծ դահլիճները ոստիկանների համար որպես կազինո են ծառայում: Ու մինչ քաղբանտարկյալներին «բալետ անող» ժողովուրդը փոքր դահլիճների մեջ խեղդվում է, շատերին էլ տեղ չլինելու պատճառով ներս չեն թողնում, ոստիկանները աշխատանքի ժամին «ազարտի» մեջ ընկած՝ բլոտ են խաղում: