«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի դեպքերը՝ ասել է կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Ա1+»-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը դեմ էր ուժի կիրառմանը, սակայն չկարողացա՞վ հետ պահել Քոչարյանին, ի պատասխան՝ Խորեն Թռչունիչն ասել է. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դեմ էր, դեմ չէր, ես նրան ոչ բարեւ եմ տալիս, ոչ խոսում եմ հետը, բայց նման հարցերում որոշում կայացնողը երկրի առաջին դեմքն է լինում, առաջին դեմքն էլ Քոչարյանն էր»: Երկրում ստեղծված իրավիճակը Խորեն Թռչունիչը գնահատում է բացասական եւ վստահեցնում, որ այսօր մեր երկրին օդի եւ ջրի պես անհրաժեշտ է կայունություն. «Մենք ունենք երկու «սիրված» հարեւան՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ մեկ «կիսասիրված»՝ Վրաստանը, եւ չգիտենք, թե մեզ ինչ անակնկալներ կմատուցեն: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր փոքր հայրենիքը, այդ թվում Ղարաբաղը, չկորցնենք»: Որպես ելք Թռչունիչն առաջարկում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հետո մտածել, թե որ հարցերի շուրջ սկսել երկխոսությունը: Ավելի հավանական է համարում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը. «Ով էլ լիներ իշխանության, չէր համաձայնվի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել: Իշխանությունից հրաժարվելը հեշտ բան չէ: Ես անձամբ պետք է խնդրեմ եւ Սերժ Սարգսյանին, եւ Տեր-Պետրոսյանին քարը գցել իրենց փեշերից եւ երկխոսել: Ես գտնում եմ, որ վերջ պետք է տալ տարբեր բամբասանքներին, որովհետեւ բամբասանքը ժանգ է, եւ երկխոսություն սկսել ոչ միայն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, այլեւ՝ բոլոր ուժերի»: Թռչունիչը դատապարտում է մարտի 1-ի դեպքերը եւ գտնում, որ այսօր ամենահեշտ հարցը պարզելն է, թե զոհվածները ինչ զենքերից են մահացել եւ ով է կրակելու հրաման տվողը: Նա հաստատեց այն փաստը, որ այսօր բազմաթիվ կոմունիստներ միացել են համաժողովրդական շարժմանը, սակայն հարկ համարեց ընդգծել. «Գնացել են ոչ թե Տեր-Պետրոսյանի հետեւից, այլ դեմ լինելով Քոչարյանին, չսիրելով Քոչարյանին: Այո, կոմունիստներից շատերը եղել են մարտի 1-ին ժողովրդի կողքին»: