ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն՝ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, չի խանգարում հազարավոր հայերի աշխատել Թուրքիայում կամ Հայաստանից Թուրքիա թռիչք կազմակերպել: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջնականապես խզված չեն,- հայտարարել է Ֆասիեն՝ հավելելով:- Հուսով եմ, հակամարտության կարգավորմանը զուգահեռ՝ հետեւողականորեն կլուծվի նաեւ երկու երկրների (ՀՀ-ի եւ Թուրքիայի- խմբ.) միջեւ այդ լրջագույն խնդիրը: Իմ կարծիքով, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լինի առաջընթաց, դա դրականորեն կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ երկու խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր է»:
ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ ֆրանսիացի համանախագահը ասել է. «Ստրասբուրգում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կրում էր ճանաչողական բնույթ, նախարարները վստահեցրին մեզ եւ միմյանց, որ շարունակելու են բանակցությունները: Դա կարող է հնարավորություն ստեղծել նախագահների հանդիպման համար: Եվ եթե նախագահները անհրաժեշտ համարեն՝ հանդիպումը կկայանա: Այժմ հիմնական հարցն այն է, թե ե՞րբ նախագահները անհրաժեշտ կհամարեն այդ հանդիպումը»: Ֆասիեն նշել է, որ մինչ այդ հանդիպումը, համանախագահները չեն նախատեսում կողմերին ներկայացնել նոր առաջարկներ՝ մանրամասնելով. «Ներկայումս օրակարգում նոր առաջարկների հարց դրված չէ: Գիտեք, մադրիդյան հանդիպումից հետո բանակցային սեղանին դրված են գրավոր առաջարկներ: Այժմ այդ առաջարկների որոշ դետալներում պետք է հստակություն մտցվի: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են կողմերն ընդունում դրանք եւ ինչ է պետք փոփոխել կամ ավելացնել: Այլ խոսքով, այդ առաջարկների վրա պետք է աշխատել, բայց մենք դեռ գործընթացի այդ փուլում չենք: Այժմ հիմնական հարցը նախարարների եւ նախագահների ճանաչողական հանդիպումներն են»:
Բանակցային գործընթացի վրա աշնանը Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին ի պատասխան, Ֆասիեն նշել է. «Եթե մեզ հաջողվի մոտ ժամանակներում անցկացնել նախագահների հանդիպում, ապա կարող ենք նախարարների հետ հանգիստ աշխատել ընտրարշավից դուրս: Այդ աշխատանքը կարող է շարունակվել նաեւ հետընտրական շրջանում: Սակայն չեմ բացառում, որ հաջողություններ կարձանագրվեն մինչ ընտրությունները»: