Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» ու ընտրական գործընթացների կատարելագործման համար՝ ԱԺ-ին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբին, որի ղեկավարն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պետք է անդամակցեն ԱԺ խմբակցությունների պատգամավորները, իսկ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ԿԸՀ-ի, ԱԺ աշխատակազմի, ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար նշված կազմակերպությունները կարող են դիմել մինչեւ մայիսի 15-ը: Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հատուկ խնդիրներ է լուծելու այս աշխատանքային խումբը, հիշեցնելով, որ միայն անցած երկու ամսում արդեն երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Ըստ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ ԱԺ-ինն առնչություն ունի այնքանով, որ «նախագահի ստեղծած աշխատանքային խումբը պիտի ուղղակի առաջարկություններ ներկայացնի հետագա բարելավումների հետ կապված, իսկ սա կոնկրետ «Ընտրական օրենսգրքի» վրա աշխատող խումբ է լինելու եւ պիտի ԱԺ-ին ներկայացնի օրենքի բարելավման առաջարկություններ, իսկ դրանք կներկայացվեն համապատասխան մարմիններին, օրինակ՝ ԿԸՀ-ին: Այս խմբերը ոչ թե հակասություն ունեն, այլ փոխլրացնող են»: Պարոն Թորոսյանը չբացառեց, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի «Ընտրական օրենսգիրքը»: Պարզեցինք, որ կարծես մտադրություն կա ստեղծել եւս մի հանձնաժողով՝ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման համար: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը պարոն Թորոսյանը ավելի հարմար է համարում խորհրդարանում, քան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, մանավանդ՝ Մարդու իրավունքների պաշտպանը արդեն ներկայացրել է իր եզրակացությունը մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված. «Չեմ կարծում, որ Պաշտպանը նոր բան ներկայացնի, մնում է ժամանակավոր հանձնաժողովի տարբերակը, ես դա իրական համարում եմ, բայց կարեւոր է, որ մինչ այդ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը այս տարբերակի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեն»: