Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի
Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում եղած, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Մկրտիչ Շավարշի Աբրահամյանի քրգործը: Մ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, որ մարտի 1-ին անմիջականորեն մասնակցել է «զանգվածային անկարգություններին»:
Այս մեղադրանքը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 3-8 տարի ժամկետով: Մ. Աբրահամյանին Արմավիրի մարզի ոստիկանություն բերման էին ենթարկել մարտի 11-ին եւ ձերբակալել էին մարտի 12-ին: Բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում նրա հանդեպ ֆիզիկական բռնություն եւ խոշտանգումներ էին կիրառել: Այդ մասին տեղյակ էր պահվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որի ներկայացուցիչները լինելով տեղում՝ լսել էին Մ. Աբրահամյանին, ավելին՝ փաստի առնչությամբ նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ նախաքննական ցուցմունքների, Մ. Աբրահամյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածներով, թեեւ մինչ այդ պնդել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նախաքննական ցուցմունքներն ի հայտ էին եկել ապօրինի ճանապարհով՝ ֆիզիկական բռնության, ճնշումների տակ եւ ոչ առանց իրավապահների կողմից Մ. Աբրահամյանին «դեմ տված» պետական պաշտպանի օժանդակության, ով համոզել էր Աբրահամյանին ընդունել իր մեղավորությունը՝ խոստանալով, որ դա լավագույն տարբերակն է, որ «լավ կլինի», եւ նրան ազատ կարձակեն: Թե էլի ինչեր էին եղել նախաքննության ընթացքում, պատմեց Մ. Աբրահամյանի նոր պաշտպանը՝ Հովիկ Արսենյանը, որն այս քրգործում ընդգրկվել է ընդամենը վերջերս, երբ գործն արդեն հասել էր դատարան: Հ. Արսենյանի մատուցմամբ, դատական առաջին նիստում Մ. Աբրահամյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, եւ ցուցմունք էր տվել ու պատմել, որ ինչպես նախորդ օրերին, մարտի 1-ի առավոտյան էլ ինքն Արմավիրից եկել էր եղբոր որդուն հիվանդանոցում այցելելու: Հասել էր մայրաքաղաք եւ տեսել էր կրկեսի մոտ՝ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում ժողովուրդ է հավաքված եւ վանկարկում է «ազատություն», «պահանջում ենք դեսպանին» եւ այլն, կանգնեցրել էր ավտոմեքենան եւ մոտեցել: Քիչ անց, ըստ Մ. Աբրահամյանի նկարագրածի, մոտեցել էին ոստիկանական շարքեր եւ սկսել էին ժողովրդին ծեծել՝ այդտեղից ցրելու նպատակով: Աբրահամյանը ցուցմունք էր տվել, ըստ որի՝ քանի որ հավաքված ժողովրդի մեջ կանայք ու երեխաներ էլ կային, նա՝ որպես տղամարդ եւ քաղաքացի, փորձել էր թույլ չտալ, որ ոստիկանները մահակներով մարդկանց ծեծեն, որովհետեւ ինքն էր դրան ականատես եղել: Անխնա ծեծվող քաղաքացիներին պաշտպանելու համար Մ. Աբրահամյանը, իր ասելով, այդ ընթացքում գետնից վերցրել էր ոստիկանական մահակը եւ վահանը ու շպրտել էր դեպի ոստիկանական շարքերը: Պաշտպան Հ. Արսենյանի համոզմամբ, իր պաշտպանյալի կողմից նկարագրված այս գործողությունը երբեք չի կարելի որակել որպես մասնակից «զանգվածային անկարգությունների»: Իրավական առումով Մ. Աբրահամյանին, ըստ նրա պաշտպանի, կարելի էր մեղադրել միայն ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար, թեեւ դեռ նախաքննության ընթացքում Աբրահամյանը ցուցմունք էր տվել, որ ոստիկանության կողմից ժողովրդին ուղղված որեւէ պահանջ կամ կոչ չի եղել, նրանք ուղղակի ծեծում էին մարդկանց՝ դրանով, թերեւս, հասկացնելով, որ ուզում են նրանց այդ տարածքից ցրել: Ի դեպ, իրադարձությունների այս նկարագրությունը վերաբերվել է մարտի 1-ի առավոտյան դեպքերին, որովհետեւ երեկոյան Մ. Աբրահամյանն արդեն դեպքի վայրում չի եղել: Բայց դա չի խանգարել, որպեսզի Արմավիրի ոստիկանները, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, փորձեն ցուցմունք կորզել այն մասին, թե նա, իբր, մասնակցել է բարիկադավորմանը եւ այլն: Միայն այն բանից հետո, երբ անգամ ճնշումներ գործադրելուց հետո «իրավապահները» համոզվել են, որ Աբրահամյանը ալիբի ունի եւ կոնկրետ ժամին դեպքի վայրում չի եղել, ցուցմունքը պատռել են: Փոխարենը նրա նախաքննական ցուցմունքներում մնացել են այնպիսի անհեթեթ եւ անտրամաբանական արձանագրումներ, որոնք վկայում են, որ դրանք Մ. Աբրահամյանին թելադրել են հե՛նց քննիչները: Մասնավորապես, իբր, Մ. Աբրահամյանը այդ օրը, ժամը 11-ի սահմաններում, տեսել է, որ ամբոխը փայտերով եւ ձողերով է զինված, որ բարիկադներ են սարքվում: «Սա ակնհայտ սուտ է, որովհետեւ չէր կարող համապատասխանել օբյեկտիվ իրականությանը. նշված ժամին մարդիկ դեռ նոր էին եկել այդ տարածք եւ բարիկադներ կառուցելու անհրաժեշտությունը դեռ չէր ծագել: Միայն ժամը 15-ից հետո է, որ մարդիկ սկսել էին բարիկադավորվել՝ պաշտպանվելու համար, իսկ ժամը 11-12-ի սահմաններում այդպիսի բան չի եղել: Եվ այս պարագաներում ճնշման տակ թելադրված այդ ցուցմունքները ընդունել որպես ապացուցողական նշանակություն ունեցող, չգնահատել, չվերլուծել եւ չստուգել դրանք՝ արդեն անհեթեթություն է»,- ասաց Հ. Արսենյանը:
Նա հիշեցրեց, որ ի սկզբանե՝ կալանավորումից հետո, երբ Մ. Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել, նա ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Կա նման ցուցմունք, բայց մի քանի օր անց, զարմանալիորեն եւ հարցաքննության արձանագրության մեջ առանց լրացուցիչ հարց առաջադրելու, Աբրահամյանը լրացուցիչ հարցաքննվել էր եւ ասել, որ իրեն առաջադրված մեղադրանքում ամբողջովին մեղավոր է ճանաչում: Արձանագրությունը դրանով էլ եզրափակվել էր, այլեւս հարց չէր տրվել՝ հատկապես ինչո՞ւմ ես քեզ մեղավոր ճանաչում: Սա արդեն նշանակում է, որ տեղի էր ունեցել խարդավանք»,- ասաց փաստաբանը: Ի դեպ, Մ. Աբրահամյանին կալանավորել են մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների տեսագրության եւ այդ օրը, այդ վաղ ժամին, չգիտես ինչպես, դեպքի վայրում եղած Արմավիրի մարզի երկու ոստիկանի տված ցուցմունքի հիման վրա: Այն ոստիկանների, որոնք նրան ֆիզիկական բռնությունների էին ենթարկել: Այդ վկաները ցուցմունք էին տվել, թե իրենք տեսել են, որ Մ. Աբրահամյանը, իբր, կոչեր է անում, որ նա ոստիկաններին դիմադրություն է ցույց տալիս: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ քրգործում չեն երեւում եւ ցուցմունք չեն տվել այն ոստիկանները, որոնց Մկրտիչը, իբր, դիմադրել է կամ բռնություն է գործադրել: Սա է անհեթեթությունը: Ավելին, «հանցանքը», որի մեջ մեղադրում են Մ. Աբրահամյանին, տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց եւ նրա հարազատ եղբայրների ներկայությամբ, ինչի մասին մեղադրյալը նշել է իր ցուցմունքում, բայց որոնց վարույթն իրականացնող մարմինը չի էլ հարցաքննել: Մի խոսքով, Հ. Արսենյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը «տրաֆարետային» է, իսկ դա, նրա գնահատմամբ՝ «արդեն քաղաքական տեռոր է»: