Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»

Մայիս 10,2008 00:00

\"\"ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է

Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում են իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Իսկ երեկ արդեն դիմել են կոնկրետ քայլերի: Արմենի պատմածը հետեւյալն էր. «Ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան, ժամը 7-ը չեղած դուրս եմ գալիս տնից: Իսկ դրանից հետո ամեն օր ոստիկանությունից մեր տուն են գնում, չեն հայտնում, թե ի՞նչ նպատակով կամ՝ ինչո՞ւ, մտնում են տուն»: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող քաղաքացու տուն են այցելում ոչ թե այդ տարածքի, այլ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները, կարգին չեն ներկայանում, մեկն ասում է, թե Շահումյանի ոստիկանությունից են, մյուսը թե՝ Կենտրոնի եւ այլն: Տնեցիներին արթնացնում են, իսկ տանը տարեց մարդիկ են ապրում, նաեւ փոքր երեխա կա, բայց սա չի կաշկանդում «օրենքի» մարդկանց, որ առանց թույլտվության, առանց խուզարկության համար համապատասխան փաստաթղթերի ներխուժեն մարդու բնակարան եւ բազմոցի, շորերի, տան տարբեր իրերի մեջ ինչ-որ բաներ փնտրեն: Երեկ առավոտյան «անկոչ հյուրերը» դարձյալ «այցելել են» Արմեն Գեւորգյանի բնակարան. «Հայրիկիս ասում են՝ քեզ էլ կարանք տանենք, մորն էլ կտանենք: Եվ այսօր մայրիկիս կանչում են Արաբկիրի բաժանմունք, մաման գնում է, իրենք զանգում են ձեռքիս, ասում են՝ մայրդ մեզ մոտ է, դու էլ արի: Գնացի: Ես զանգեցի քննիչին, Արաբկիրի քրեական հետախուզության օպերատիվ գծով պետի տեղակալ Հայրիկ Վարդանյանին, կանչեց, ասեց՝ արի, տղա ջան, մի հինգ րոպեի զրույց կա, արի: Մաման արդեն իրենց մոտ էր, գնացի: Հետո հայրս պատմեց, որ այս ոստիկաններից մեկը մամայիս ուսից է քաշել, հայրս կոպտել է, թե` տղա ջան, քեզ կարգին պահիր իմ տան մեջ: Ինչեւէ, ոստիկանությունում ինձ մտցրին կաբինետ, մայրիկիս ներս չթողեցին, ներկա էին նաեւ երկու այլ աշխատողներ: Ասում էին, թե ես իբր մարտի 1-ին ոստիկան եմ ծեծել, ավտոբուս եմ վառել, մեքենա եմ վառել, եւ իբր այդ ամենը նկարահանված կա CD-ի մեջ: Մի խոսքով, ինչ մտքներով անցնում էր` փորձում էին իմ վզին փաթաթել: Բայց դա նրանց չհաջողվեց, որովհետեւ այդ ամենը ճիշտ չէր: Իրոք, ես մասնակցել եմ մարտի 1-ի հանրահավաքին, բայց չեմ եղել այն տարածքում, որտեղ իրենք ինձ փորձում էին «տեղավորել»: Ես բացահայտ ասում էի՝ գտնվել եմ ֆրանսիական հրապարակին հարող «Կոնգրես» հյուրանոցի տարածքում, որտեղ կայանված է եղել 2 հատ KVZ տիպի ավտոմեքենա, որոնք չէին այրվել, այդտեղ էին բերվել արդեն ջարդված վիճակում: Իսկ ինձ շարունակ ասում էին՝ դու տեսել ես ոնց են առաջին «վիլիսը» ջարդել, ոնց են վառել: Այսպես, մի քանի ժամ: Մի խոսքով, արդյունքի չհասնելով, ոստիկանության աշխատողներն ինձ տարան պետի մոտ: Ոստիկանության պետն էլ իր հերթին սկսեց հարցեր տալ, ասում է՝ որ Լեւոնը ընտրվեր, քեզ պիտի պաշտո՞ն տար: Ասացի՝ չէ, ես իմ երեխայի ապագայի մասին եմ մտածում, որոշ կոպիտ բաներ էլ ասացի, պետը վրա եկավ դուբինկայով, էլեկտրաշոկով, սպառնաց՝ հեսա քեզ կտանեմ, կքցեմ Սերժի ախրանայի մոտ, տես, թե քեզ ինչ կանեն»:

Հետո Արմենին իջեցնում են ներքեւ եւ մոտ 3-4 ժամ պահում են ինչ-որ կաբինետում, դարձյալ հարցաքննում են, ասում են՝ ձեռքիդ եռագույն դրոշակ է եղել: «Ասացի՝ հա, եղել է, դրոշակով խփել եմ ավտոբուսի գլխին: Հետո էլ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչո՞ւմ ես, ասում եմ` հա, իսկ ո՞վ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, կա՞ Հայաստանի Հանրապետությունում մարդ, որ նրանց չի ճանաչում, էդ հանցա՞նք է»,- պատմում է Արմենը: Դրանից հետո ոստիկանները մի քանի վիրավորական խոսքեր են ասում եւ «սպառնում» են, որ այսուհետեւ դարձյալ անհանգստացնելու են Արմենին՝ «ամեն անգամ գալու ես, դիսկերը ցույց ենք տալու, հեսա, քո ձեռքի դրոշն էլ կա, ներքեւի հարկի կաբինետում դրած է»: Արմենը պատասխանում է՝ «արի, դրոշը ցույց տուր, ես տակը ստորագրեմ, հարց չկա»:

Այս ամբողջ պատմության արդյունքում կտրուկ վատանում է Արմենի մոր առողջական վիճակը, ընտանիքը հայտնվում է դժվարին հոգեբանական վիճակում: Ի դեպ, հենց ոստիկանությունից Արմենը փորձել է զանգել մեր թերթի խմբագրություն, նրան արգելել են, ինչպես նաեւ թույլ չեն տվել զանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Արդեն երեկոյան իր բնակարանից փորձել է կապվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, զանգերն անպատասխան են մնացել:

Հ. Գ. Արմեն Գեւորգյանը չի թաքցնում իր գաղափարական կողմնորոշումը եւ ասում է, որ ինքը չի էլ ուզում թաքցնել իր քաղաքական հայացքները եւ դրանց մասին խոսում է բաց եւ անկաշկանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել