Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնիվ» պաշտոնյային պաշտպանեցին

Մայիս 09,2008 10:00

Կառավարության երեկվա նիստում ներկայացվել են մեր օրաթերթում Սյունիքի մարզպետի կողմից դպրոցականին ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրի շուրջ ծառայողական քննության արդյունքները։

Ըստ այդմ՝ պարզել են, որ մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում։

Այս կապակցությամբ նշենք, որ ապրիլի 25-ին՝ նույն օրը, երբ կաոավարության նիստում անդրադարձ էր եղել այդ լուրին՝ «Առավոտն» արդեն իսկ հրապարակել էր ճշտում՝ «Նրա որդին չի եղել» վերնագրով, որտեղ շարադրված էին Հայկ Կարապետյանի պարզաբանումները, թե իր որդու հետ նման բան չի եղել, եւ խոստացել էինք այս պատմության շարունակությունը ներկայացնել թերթի առաջիկա համարներից մեկում։ Այնպես որ՝ ծառայողական քննություն իբր իրականացնողներն այս կապակցությամբ զուր ջանքեր են գործադրել՝ հերքելով այն, ինչն արդեն իսկ հերքել էինք ինքներս։

Ինչ վերաբերում է Եղիշե Անթանոսյանին, որի հետ էլ իրականում տեղի է ունեցել այս միջադեպը, մենք վկաների ներկայությամբ ենք զրուցել նրա հարազատների հետ, որոնք պատմում էին, թե մարզպետի զավակների հետ կռիվ անելու պատճառով այդ 16-ամյա տղային Սուրեն Խաչատրյանը ծեծել էր «կատաղի ձեւով, մարմնի բոլոր մասերը ցավացրել», որ հարվածների եւ ստացած սթրեսի հետեւանքով տղայի մոտ առաջացել էր բրոնխիտ, ու նա բուժվում էր ծանոթ բժիշկների մոտ։ Ծնողները վախեցել էին նրան տանել հիվանդանոց, վախեցել էին նաեւ բողոքել։

Այժմ քննության արդյունքներից պարզվում է, որ Եղիշեի հայրը՝ Վահրամ Անթանոսյանը, խոսել է միայն այն մասին, որ իր տղան է ծեծել Սուրեն Խաչատրյանի որդուն, եւ լռել երեխաների վեճին մարզպետի «միջամտության» մասին։

Եթե վարչապետը հավատում է, որ Սյունիքում որեւէ մեկը կարող է ծեծել մարզպետի որդուն եւ դրանից հետո ողջ մնալ՝ դա իր խնդիրն է։ Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները», թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում։

Կառավարությանն այս կապակցությամբ բան չունենք ասելու՝ բացի նրանից, որ այս ընթացքում չպահպանվեցին ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ, ինչը ապացուցեց, թե որքան միամիտ էինք մենք՝ կարծելով, թե այս կառավարության հետ կարելի է «կառուցողական համագործակցություն» հաստատել։

Ու մի դիտարկում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ չարժե անեկդոտ պատմել այն դեպքում, երբ այս քննության ընթացքում թերեւս համոզվեց՝ տվյալ դեպքում ծիծաղելու պատճառ բնավ չկա։

ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031