Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ

Մայիս 09,2008 00:00

\"\"Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը…Եվ հիմա, նայելով աշխարհի կյանքի թանկացող վիճակին եւ մեր աննավթ-անգազ հայրենակերպին, հստակ տեսնում եմ մեզ սպասող Աստծու յոթերորդ դուռը, որ, հազարամյակներ ապրած մեր արյան միջոցով անցնելով, մեր մշակված միտքն է եւ խելքը: Տեսնում եմ նաեւ զարմանալի մի բան, որ մենք, որ Էինք, մոռացել ենք գրողի հանճարը, այսինքն թե՝ մեր գրողի, հիմա չենք էլ հիշում Խորենացուն եւ նրա Ողբը, որտեղ այդ պայծառ մարդը ոչ թե ձեւակերպում էր անցյալը, այլ զգուշացնում էր մեզ եկող օրերի մասին. թե ինչ չի կարելի անել, որ չկորցնենք պետություն ու թագավոր, եւ զարմանալի ու տարօրինակ է, թե ինչքան անտարբեր ենք գրողի ու գրականության հանդեպ, իսկապես տարօրինակ է, գուցե մեր ցեղական հիվանդությունն է…Այնինչ, աշխարհի աչքի առաջ Ջեկ Լոնդոն հրաշալի գրողը ձեւակերպեց-ձեւավորեց Ամերիկան, որը մինչեւ այսօր գործում է՝ միայնակ հաղթելու ամերիկյան ոգին… Իսկ մենք այսօր ապրում ենք կիսաբանական-կիսամտավորական երկրում, ուր առջեւում հայտնվածներին թվում է, որ կարեւորը արտառոց-անհավանական-աներեւակայելի բաներ ասելն է, միայն նրա համար, որ դառնան ուշադրության կենտրոն: Իրենց համար ոչինչ կարեւոր չէ, միայն թե իրենք երեւան, միայն թե իրենց չմոռանան ու խոսեն իրենց մասին: Իմ կյանքը ստացվեց այնպես, որ ես ակամա դարձա Վկայող՝ շատերին եւ շատ բան տեսնելով: Եվ այդ ճամփին տեսա մարդկանց, ովքեր ծեր էին ծնվել, եւ տեսա ջահելների, ովքեր իրենցից ու Աստծուց ուզում էին առաջ անցնել… Այնինչ, այսօր Աստծու յոթերորդ դուռը սպասում է մեզ, եւ երբ ազգովի թակենք, եւ երբ թակենք, այն անպայման կբացվի, որովհետեւ դուռն աստվածային արդեն վեց հազար տարի մեզ է սպասում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել