Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարիշել» ու միասին քոչարի պարել

Մայիս 09,2008 00:00

\"\"Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը

«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել զոհի կարգավիճակից»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց հոգեբույժ Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ ամեն դեպքում ազգի առողջությունն ավելի կարեւոր է, քան մյուս հարցերը. «Իհարկե, պե՛տք է մտածել Հայոց ցեղասպանության ճանաչման ու այլնի մասին, որոնք ծառացել են երկրի առջեւ, բայց պետք է նաեւ գիտակցել, որ առողջ ազգ ունենալն ամենակարեւորն է: Հարեւան երկրների հետ բանակցություններ վարելու համար նախ պետք է երկխոսություն սկսել սեփական երկրի ներսում»: Ա. Ներսիսյանը բոլոր կուսակցություններին առաջարկեց մայիսի 28-ին համախմբվել ու միասին քոչարի պարել, որովհետեւ սա եւս, ըստ մասնագետի, «բարիշելու» յուրօրինակ դեղատոմս է.«Իսկ եթե քայլեր չձեռնարկենք, դա կնպաստի երկրում առկա դեպրեսիայի խորացմանն ու այլեւս դժվար կլինի ժողովրդին դուրս բերել ծանր վիճակից»: Հոգեբույժը փաստեց, որ հայերը կարողանում են լավ համախմբվել միայն կրիտիկական պահերին, իսկ հետո ամեն մեկը դառնում է եսակենտրոն անհատ: Հոգեբույժը, դառնալով քաղաքական գործիչների կայացրած որոշումներին, նշեց, որ ընդհանրապես չարժե պահի ու աֆեկտի ազդեցության տակ որոշումներ ընդունել. «Չէ՞ որ նրանց որոշումներից տուժում կամ շահում է ողջ երկիրն ու ազգաբնակչությունը»: Նա անդրադարձավ նաեւ մարտյան իրադարձություններին. «Մենք գենետիկորեն ճնշված, ջարդված, դեպրեսիա կրած ազգ ենք, մեզ չի կարելի նոր սթրես կամ ցնցում ապրել: Սա պետք է գիտակցի երկրի ղեկավարությունը, հակառակ դեպքում՝ վատ հետեւանքներն անխուսափելի են: Ղեկավարները պետք է պրոֆեսիոնալ լինեն ու հասկանան, թե ինչ է հարկավոր հասարակությանը սթրեսներից զերծ պահելու համար: Մենք պետք է միավորվենք: Ախր, մի փոքրիկ Հայաստան է, մի փոքրիկ ժողովուրդ, բայց, ցավոք, չենք կարողանում իրար հասկանալ»: Ա. Ներսիսյանը ողջունեց իշխանությունների կողմից փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունն ու հույս հայտնեց, որ արտաքին փոփոխությունները կօգնեն մարդկանց փոխվել ներքուստ: Նա հավելեց, որ պիտի պարտադիր լինի Հայաստանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հոգեբանական բուժզննում անցնելը:

Խոսելով բոլորի կողմից տարբեր առիթներով հոլովվող ազգասիրության մասին, հոգեբույժն ասաց, որ խոսելու շրջանն արդեն անցել է ու հիմա գործելու պահն է: Նա առաջարկեց, օրինակ, ավանդական մեթոդով բուժվելու՝ Նարեկաբուժությամբ մաքրվելու ծրագիր. «Ինչ ղեկավարություն, կուսակցություն էլ փոխվի, այս ծրագիրը չպետք է փոփոխվի: Նարեկաբուժությունը շատ կարեւոր է: Ես քանիցս որոշ իշխանավորների առաջարկել եմ Նարեկն օգտագործել բանտերում, գաղութներում, բայց ոչ մի արձագանք այդպես էլ չեմ ստացել»: Ա. Ներսիսյանը չթաքցրեց, որ իր հաճախորդների մեջ նաեւ քաղաքական գործիչներ կան, բայց անուններ չտվեց՝ բժշկական էթիկայի կանոններից ելնելով. «Ամեն մարդ էլ, անկախ պաշտոնից ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, ունի հոգի ու պրոբլեմներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել