Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»

Մայիս 09,2008 00:00

\"\"Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:

– Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի միայն երկուսը: Նախ՝ Շուշիում տարած հաղթանակը հայ մարդու մեջ վերականգնեց հավատը սեփական ուժերի հանդեպ եւ նրան մղեց ապավինելու մեկ ճշմարտության, այն է՝ ցանկանու՞մ ես օգտվել այլոց հարգանքից ու պատկառանքից, տիրապետիր ինքդ քեզ պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում՝ թշնամուդ սանձելու արվեստին: Երկրորդ՝ Շուշիի ազատագրման օպերացիան ցույց տվեց, որ հաջողությունն անխուսափելի է, եթե ունես ղեկավարվող ուժ, ասել է թե՝ բանակ՝ իր բոլոր կառույցներով հանդերձ: Ահա այն երկու կարեւոր դասերը, որ հայը սերտեց 1992-ի մայիսի 9-ին եւ արդյունքում կերտեց իր հետագա փայլուն հաղթանակները…

– Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է: Դա չի՞ խախտում, արդյոք, ուժերի հարաբերակցությունը:

– Վերջին շրջանում բազմիցս առիթ եմ ունեցել պատասխանելու այդ հարցին ու պետք է ասեմ, որ, իրոք, Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի տարեցտարի ավելացումը մտահոգիչ է եւ այդ հանգամանքը մեկ անգամ եւս փաստում է Բաքվի ագրեսիվ մտադրության մասին: Սակայն ասվածին ավելացնեմ նաեւ, որ յուրաքանչյուր ռազմական բյուջեի կատարողականի վերջնական գնահատականը տալիս է մարտադաշտը: Ի դեպ, ոչ հեռավոր պատերազմական տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն քանիցս գերազանցում էր մեր զինական ծախսերին, բայց, ինչպես հայտնի է, Բաքվին այն որեւէ հաջողություն չբերեց: Չեմ կարծում, որ միայն ռազմական ծախսերի ավելացմամբ կարելի է հասնել առավելության կամ ուժերի հարաբերակցության խախտման: Հաջողության են հասնում ոչ այնքան ռազմական բյուջեի մեծացման, որքան ունեցած միջոցները նպատակային եւ արդյունավետ օգտագործելով: Իսկ դա, հավաստիացնում եմ, մեզ հաջողվում է: Հակառակ դեպքում, դժվար թե 14 տարի շարունակ Ադրբեջանը հանդուրժեր հրադադարի ռեժիմը:

– Վերջերս ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը իր մի հոդվածում ասաց, որ Ադրբեջանի բանակի պատրաստվածությունը ավելի ցածր է, քան ռազմական ծախսերը: Դուք համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

– Եթե ես չլինեի բանակի հրամանատար, բայց ադրբեջանական զինուժի մասին ունենայի այն բոլոր տեղեկությունները, որոնք հիմա իմ ձեռքի տակ կան, գուցեեւ համաձայնեի պարոն Կիրակոսյանի հետ: Բայց պետության մեջ իմ գրաված պատասխանատու դիրքը ստիպում է մեր հավանական հակառակորդի հնարավորությունները գնահատել ավելի բարձր, քան նա ունի: Թերագնահատել հակառակորդին, նշանակում է՝ սխալվել: Իսկ մենք սխալվելու իրավունք չունենք:

– Տարբեր հետազոտությունների արդյունքներով Հարավային Կովկասի տարածաշրջանն ամենառազմականացվածն է Եվրասիայում: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Եվ, առհասարակ, սպառազինության մրցավազքը սպառնալի՞ք է, թե՞ անվտանգության երաշխիք այսօր:

– Իհարկե, քանի որ մեր տարածաշրջանում դեռեւս առկա են մի շարք չլուծված հակամարտություններ, ուստի սպառազինության մրցավազքն անխուսափելի է: Մենք ստիպված ենք գործընթացն ընդունել ե՛ւ որպես սպառնալիք, ե՛ւ անվտանգության երաշխիք… Դա է այսօրվա վիճակը, եւ մենք պարտավոր ենք մեր բոլոր հաշվարկները կատարել հենց այդ վիճակից ելնելով:

– Ղարաբաղի բանակը համարվում էր Անդրկովկասում ամենամարտունակը: Այսօր այն շարունակո՞ւմ է մնալ այդպիսին:

– Ես չէ, որ պիտի խոսեմ այդ մասին… Մենք ունենք վերադաս, ով պարբերաբար հետեւում եւ գնահատում է մեր կատարածը: Բայց այն, որ տարիներ շարունակ, առանց որեւէ երրորդ ուժի միջամտության, մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը եւ ապահովել ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը, դա անհերքելի իրողություն է եւ խոսում է մեր բանակի բարձր մարտունակության մասին: Իսկ առիթից առիթ բանակին հասցեագրված գերազանց գնահատականները մեզ ոչ այնքան հրապուրում, որքան պարտավորեցնում են: Ինչ վերաբերում է տարածաշրջանի բանակների հետ համեմատությանը, ապա, ինչպես միշտ, այդ մասին կցանկանայի լսել ուրիշներից:

– Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը:

– Համոզված եմ, որ ԵԱՀԿ շրջանակում իրականացվող բանակցային գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ճանապարհն է:

– Հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, թե՞ ադրբեջանական կողմի՝ այդ մասին հայտարարությունները նախընտրական քարոզչություն են:

– Անկախ նրանից, թե պատերազմի վերսկսման հետ կապված ինչ հայտարարություններ են անում Ադրբեջանի պաշտոնյաները եւ ինչ նպատակ են հետապնդում դրանք, մեր զորամասերը մշտապես գտնվում են պահանջվող մարտական պատրաստականության վիճակում եւ անհրաժեշտության դեպքում լիարժեք կատարելու են իրենց առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ես ի պաշտոնե պարտավոր եմ դրան սպասել նաեւ հենց հիմա՝ ձեզ հետ զրուցելու պահին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել