Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանում երեկ խառնաշփոթ էր

Մայիս 09,2008 00:00

Արամ Կարապետյանին դատարան չէին բերել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ հետաձգվեց դատական նիստը: Նրանք դիմել էին դատարան՝ գրավի միջոցով կուսակցության ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին:

Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի բողոքը, որը կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հետ: Դատարանն իր որոշմամբ Ա. Կարապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել էր՝ բավարարելով ԱԱԾ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Ա. Կարապետյանի պաշտպան Հ. Բաղդասարյանը երեկ լրագրողների հետ զրույցում միջնորդության հետաձգումը պատճառաբանեց ապրիլի 14-ին դատախազության նոր միջնորդությանը հաջորդող իրադարձություններով: «Այս հարցը այսօր եւ մայիսի 14-ին քննարկելն արդեն մի տեսակ դառնում էր աննպատակահարմար: Ելնելով որոշակի կոնյունկտուրային խնդիրներից՝ նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 14-ը, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք նախաքննության մարմինն ուզում է նոր մեղադրանք առաջադրել, թե՞ ոչ, կալանքը երկարացնե՞լ, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը:

«ՆԺ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում գրեթե բոլոր դատական ատյաններում իրենց դիմումների մերժվելը որակեց որպես «քաղաքական պատվերի տրամաբանության մեջ առկա գործողությունների շարք»: Կուսակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ «Ապրիլի 16-ից մինչեւ երեկ պրն Կարապետյանը մասնակցել է ընդամենը մեկ քննչական գործողության եւ բուն թեմային վերաբերող հարցերի շուրջ նրա հետ որեւէ բան չի խոսվել»: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե՝ ի՞նչ կտան ձեր միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու առնչությամբ, եթե քաղաքական պատվերի շրջանակներում, ինչպես դուք եք ներկայացնում, դրանք մերժվում են, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Սա զուտ բարոյական խնդիր է նաեւ, քանի որ Ա. Կարապետյանի մայրը 70 տարեկան է, խրոնիկ հիվանդ է, շատ ծանր է տանում այս իրավիճակը, առավել եւս՝ փետրվարի 24-ին՝ Ա. Կարապետյանի ձերբակալման գիշերը, 6 դիմակավոր ԱԱԾ աշխատակիցներ ներխուժելով բնակարան՝ սարսափի մեջ են գցել տարեց կնոջը: Մինչեւ այսօր նրա մայրը անկողնային վիճակում է»:

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում դարձյալ մինի-միտինգ էր, որի պատճառով դատարանում տագնապալի իրավիճակ էր: Դատական կարգադրիչների ու ոստիկանների առատությունից քաղաքացիները չէին կարողանում ազատ տեղաշարժվել: Հավաքվածները Ա. Կարապետյանի նկարներով պաստառները վեր բարձրացրած, վանկարկում էին՝ «Ազատությո՜ւն», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Նկատենք, որ նրանց կողմից քաղաքական գործիչներից պարսավանքի արժանացավ միայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ «Արթո՛ւր, դավաճան» բնութագրմամբ: «Մեր հույսն այս միակամ ժողովուրդն է: Բոլոր քաղբանտարկյալները պետք է անվերապահորեն ազատ արձակվեն: Նոր դրանից հետո կարելի է մտածել երկխոսության մասին»,- ի պատասխան «Առավոտի»՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն, երբ Ա. Կարապետյանն ազատ արձակվի, ասաց Հ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել