Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 09,2008 00:00

\"\"Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ:

– Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:

– Ընտրական ցանկացած իրավիճակ աշխատանքների իր մարտավարությունը եւ ռազմավարությունն է թելադրում: Միայնակ առաջադրվելն էլ իր խնդիրներն ունի: Ինքս, իհարկե, ցանկանում էի, որ մեր համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մրցակցային դաշտ ձեւավորվեր, ծրագրերի, գաղափարների եւ մոտեցումների բանավեճ ստացվեր: Ես սա շատ եմ կարեւորում, քանի որ իրականում մեզ մոտ անձնավորվում է ամեն ինչ եւ չկա առողջ մրցակցություն: Սովորաբար ինչի՞ ենք ականատես լինում. թեկնածուները, փաստորեն, նույն ծրագրերով են հանդես գալիս, նույն բաների մասին են խոսում, անգամ հաճախ գործելաոճի մեջ տարբերություն չի նշմարվում, բայց իրար ուղղակի փնովում են՝ ընտրապայքարը իջեցնելով ընդամենը անձնական վիրավորանքների հարթություն:

Ես կարեւորում եմ յուրաքանչյուր ընտրության արդարությունը, անկախ այն հանգամանքից, թե քանի թեկնածու է առաջադրված: Իսկ այս ընտրություններում միայնակ մասնակցելով՝ էլ ավելի եմ կարեւորում արդարության ապահովումը: Սա շատ լավ հնարավորություն է նաեւ դավիթաշենցիների համար՝ միասնականորեն ազատ եւ արդար ընտրություններով սեփական համայնքի ղեկավար ընտրել: Պատահական չէ, որ այս ընտրություններում ես հանդես եմ գալիս «Միասնական համայնք, ուժեղ թաղապետ» կարգախոսով:

– Ի՞նչ պետք է հասկանալ «ուժեղ թաղապետ» հասկացության տակ:

– Համայնքի անդամների միասնականությունը թաղապետի ընտրության գործում ինքնին ուժ է, որը ինչպես հիմա սիրում են ասել՝ լեգիտիմության համապատասխան պաշարով է ապահովում համայնքի ղեկավարին: Ուժ է նաեւ երիտասարդությունը, որը սովորաբար իր հետ նոր մոտեցումներ եւ նոր եռանդ է բերում: Միասնական համայնքի կողմից ընտրված թաղապետը ուժեղ է նոր եւ փորձված կադրերի մասնագիտական եւ մարդկային ռեսուրսների օպտիմալ համադրմամբ: Եվ, վերջապես, ուժեղ է այն համայնքի ղեկավարը, որը իր ընտրողների կողմից արդար ստացած քվեների շնորհիվ անկախ եւ անխոցելի է տարբեր տիպի ազդեցությունների համար:

– Մեր երկրում առկա քաղաքական լարվածությունը որեւէ ազդեցություն թողնո՞ւմ է Ձեր համայնքի ընտրական գործընթացների վրա:

– Ընդհանրապես, նման ազդեցություն չեմ զգում: Ինձ ուրախացնում է, որ իմ նախընտրական շտաբ՝ գործնական առաջարկներով գալիս են եւ իշխանության թեկնածուին, եւ ընդդիմադիրներին ձայն տված մարդիկ: Եթե հիշում եք, վերջին շրջանում ես բազմիցս կոչ էի անում դավիթաշենցիներին՝ չափից ավելի չքաղաքականացնել համայնքի ղեկավարի ընտրությունները, քանի որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների համեմատ այլ խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Համայնքի ղեկավարը, կարծում եմ, նույնպես չպետք է չափից դուրս քաղաքականացված լինի, չէ՞ որ նրա հիմնական գործառույթը համայնքի եւ կոնկրետ համայնքի անդամների (անկախ նրանց քաղաքական կողմնորոշումներից) օրվա եւ հեռանկարային խնդիրների լուծումն է:

Ես որպես ՀՀԿ անդամ, իհարկե, ընդունում եմ պետության քաղաքական ուղենիշները, բայց նախ եւ առաջ ես իմ համայնքի անդամների ղեկավարն եմ լինելու:

– Այսօր շատ է խոսվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» անցկացնելու անհրաժեշտության մասին: Դրանք արդեն իսկ իրենց արտացոլումն են գտնում իրականացվող կադրային քաղաքականությունում: Ինչպե՞ս եք գնահատում այդ նոր մոտեցումները:

– Ամբողջովին համաձայն եմ, որ լուրջ բարեփոխումների նոր փուլ պետք է սկսվի: Վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ դա, ինչպես ասում են, կյանքի հրամայականն է: Եվ այսօր նոր իշխանությունները ակնհայտորեն հենց այդ ուղղությամբ են փորձում գնալ: Ամեն դեպքում անձամբ ես համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ձեռնամուխ եմ լինելու բարեփոխումների իրականացմանը:

– Հավանաբար, «նոր սերնդի բարեփոխումների» արտահայտումներից մեկն է նաեւ նոր վարչապետի արտահայտած այն գաղափարը, որ աղքատության հիմնախնդիրներ ունեցող երկրում հարուստները ամենուրեք պետք է ավելի համեստ վարքագիծ դրսեւորեն…

– Կարծում եմ, ոչ թե ապահով խավը պետք է ձգտի իրեն համեստ պահել, այլ երկրի օրենքները պետք է որոշակի զսպաշապիկ դառնան նրանց համար: Այնպես պետք է լինի, որ ունեւորները զուսպ լինեն, իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները եւ սկսնակ գործարարները այնպիսի բարենպաստ բիզնես-միջավայրում հայտնվեն, որպեսզի Հայաստանում վերջապես միջին խավ ձեւավորվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել