Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վետերաններին արհամարհում են

Մայիս 09,2008 00:00

Մինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն

Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների անօրինական գործողություններն ինձ դարձրել են ավելի աղքատ, իսկ որոշ հարուստների՝ ավելի հարուստ:

Ընտանիքս բաղկացած է երեք հաշմանդամ անձանցից: Մեր ընտանիքի միակ ապրուստի միջոցը Գյուլբենկյան 24 շենքի հարեւանությամբ օրինական կարգով տեղադրված 6 քմ մակերեսով առեւտրային կրպակն էր: Սակայն Երեւանի քաղաքապետարանն ապօրինաբար այն քանդել է եւ հողատարածքը, կարծում եմ՝ կաշառքով, տրամադրել իրեն ցանկալի մարդուն:

Բազմիցս դիմել եմ քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ պաշտոնյաների, դատախազին ու դատարան, սակայն որեւէ արդյունքի չեմ հասել:

Հարցին գրավոր միջամտել է պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Ռ. Կարապետյանը: Իշխանությունները գեներալի միջնորդությունների հանդեպ դրսեւորել են անհարգալից վերաբերմունք: Այսօր աշխարհը նշում է Հաղթանակի օրը եւ օգնում, փայփայում պատերազմի մասնակիցներին: Սակայն մեր իշխանությունները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատերազմի մասնակիցների նկատմամբ, ոտնահարում նրանց իրավունքները եւ պաշտպանում օրենք խախտող ու կաշառքի մեջ կասկածվող պաշտոնյաներին:

ՀՀ իշխանությունների հետ ոչ մի հարց չես կարող լուծել՝ առանց ծանոթի եւ առանց կաշառքի: Մեզ մոտ հասարակությունը խիստ պասիվ է: Ցանկանում եմ աջակցել երկրում կատարվող լրջագույն բարեփոխումներին, կաշառակերության հաղթահարմանը եւ նորմալ երկրում ապրելուն: Ունեմ բավարար փաստեր ապացուցելու, որ պետական կառույցներում կան պաշտոնատար անձինք, որոնք իրենց անձնական շահը գերադասում են պետականից եւ անձնական օգուտ ստանալու համար խախտում են օրենքը եւ մնում անպատիժ: Բայց ինձ լսող չեմ գտնում:

Հարգելի նախագահ Սերժ Սարգսյան, խնդրում եմ հաշվի առնել վերոգրյալը եւ խնդիրը օրենքով եւ արդար լուծելու համար ձեր միջամտությունը՝ կատարելու «ծառայողական հետաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել