Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկրապահը հրաժարվեց տոնից

Մայիս 09,2008 00:00

Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում խնջույքավորներին, երկու օր շարունակ հացադուլի նստած երկրապահներն իրենց բողոքն արտահայտում էին «Շուշին ազատագրվեց, ազատագրողներն ազատազրկվեցին» ցուցապաստառով: Ինչպես տեղեկացրել էինք՝ Գյումրիի ԵԿՄ-ն հայտարարել էր, որ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը չփոխի քաղաքական հայացքների համար հալածվող իրենց հրամանատար Աշոտ Զաքարյանի խափանման միջոցն ու նրան ազատ չարձակի, ապա իրենք կդիմեն 24-ժամյա նախազգուշական հացադուլի: Նախորդ օրը երիտասարդ դատավորը լսել անգամ չուզեց ազատամարտիկներին, ուստիեւ նրանք, դուրս գալով դատարանից, Գյումրիի ԵԿՄ գրասենյակում սկսեցին բողոքի ակցիան: Սակայն սա ոչ մեկին չհետաքրքրեց՝ բացի լրագրողներից, «Ժառանգություն» խմբակցության անդամներից ու որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներից: Գիտենալով հանդերձ, որ հացադուլավորների մեծ մասը 2-3-րդ կարգի հաշմանդամներ են՝ նույնիսկ մարզի բժիշկները հրաժարվեցին նրանց այցելել: Տեղեկացնենք, որ հացադուլավորները հատուկ գրություն էին ուղարկել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչություն, Շիրակի մարզային ոստիկանություն: «Առավոտի» հետ զրույցում քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը, դժգոհեց. «Ոչ մի արձագանք, ոչ մի այցելություն չի եղել, մեր ընկերներից մի քանիսը գիշերը վատացան, ծանոթներից դեղ խնդրեցինք: Անցած տարիներին զանգահարում, շնորհավորում էին, էս տարի ներքաղաքական իրավիճակի բերումով մեր տեղական իշխանությունները Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեցին՝ մեզ դիտարկեցին այլ ճամբարում: Չէինք կարծում, որ այսպես կվարվեն, նույնիսկ մտածում էինք, որ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ ազատամարտիկի տոնի կապակցությամբ շինծու գործերը մի կողմ կդնեն ու բերդերից կազատեն: Բայց նախորդ օրվա դատավարությունից զգացինք, որ մենք իշխանություններին պետք չենք, իրենք էլ մեզ պետք չեն»: Մեկ այլ հացադուլավոր՝ Ժորա Աթոյանը, ասաց. «Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ազատամարտիկներին: Սա հաստատեց քաղաքապետն էսօրվա խնջույքով: Հասկանում եմ, որ տոն է, կա ուրախության առիթ, բայց մեր համար էսօր ուրախություն չէ: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ մեր ընկերները բանտերում են: Մենք հպարտ ենք, որ մասնակցել ենք Արցախի ազատագրմանը, ունեցել ենք մեր ներդրումը, մեր խղճի առաջ մաքուր ենք: Էն ժամանակ ասում էին՝ ազգի սերուցքն է մարտի դաշտերում, բայց պայմաններից ելնելով՝ էդ սերուցքը մոռացվեց: Էդ սերուցքի ուսերի վրայով շա՜տ մարդիկ բարձրացան պաշտոնների՝ մոռանալով ամեն ինչ: Ե՞րբ պիտի հասկանան, որ ընդդիմություն չի նշանակում՝ թշնամի: Եվ ի՞նչ է նշանակում իշխանությունը զավթել, որի համար մեղադրում են շատերին, երբեւիցե տեսե՞լ եք, որ երգ ու պարով իշխանություն զավթվի»:

Նշենք, որ հացադուլավոր ազատամարտիկների մեծ մասը եղել են Սերժ Սարգսյանի մարտական ընկերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել