Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի բողոքը, որով վիճարկվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը: Վերաքննիչը երեկ մերժել է Ս. Այվազյանի փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը, որով նա պահանջում էր ազատ արձակել իր պաշտպանյալին: Հիշեցնենք, որ Ս. Այվազյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելն ու նրան դիմադրություն ցույց տալը: Ս. Այվազյանին, ի դեպ, երեկ դատարան այդպես էլ չբերեցին: Վերջինիս պաշտպան Հ. Արսենյանը վստահ է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը արհեստածին է ու շինծու եւ ունի քաղաքական շարժառիթներ: ՀՀ Վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անփոփոխ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 18-ի վճիռը, որով Գ. Ջհանգիրյանի նախնական կալանքը երկարաձգվել էր եւս երկու ամսով՝ մինչեւ հունիսի 24-ը:
Նույն օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էլ պիտի քննության առնվեր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման հարցը: Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Երեկ, սակայն, դատարանն այդ հարցի քննությունը մեկ շաբաթով հետաձգեց:
ՀՀ վերաքննիչ դատարանում քննվելու էր Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի գործով դատական հայցը, որով վերջինս բողոքարկում էր Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ ազատամարտիկը իր տանը գտնված որսորդական 16 փամփուշտի համար դատապարտվել էր երեք տարի ազատազրկման: Այս դատական նիստն էլ հետաձգվեց Հ. Բաղդասարյանի պաշտպանի՝ Վարդան Զուռնաչյանի հիվանդության պատճառով, թեեւ «Առավոտի» տեղեկություններով, Հ. Բաղդասարյանը պատրաստվում է փոխել իր պաշտպանին: Այս քրգործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 13-ին:
Երեկ տեղի են ունեցել նաեւ արագացված դատաքննություններ: Այսպես, Երեւանի քրեական դատարանը արագացված դատաքննության կարգով քննել է Հարություն Մկրտչյանի գործն ու նրան մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ «Զանգվածային անկարգություններ», եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Հարություն Մկրտչյանը մեղադրվում էր նրանում, որ մարտի 1-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայհոյել է ոստիկաններին, վերջիններիս ուղղությամբ նետել քարեր, դատարկ շշեր եւ ոտքերով հարվածել նրանց վահաններին: