Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել շուրջ 7 ժամ: Հավելենք, որ Կարեն Հեքիմյանը նախկին լրագրող է, Շենգավիթի շրջխորհրդի նախկին պատգամավոր: Այն ամենը, ինչ նա պատմեց ոստիկանությունում իր անցկացրած ժամերի մասին՝ անցած տարիներին հրապարակվում էր «Դիտմամբ չես հնարի» խորագրի ներքո: Ուղղակի վերաշարադրում ենք նրա պատմածը, որը կարիք չունի որեւէ հավելյալ մեկնաբանության:
«Մայիսի 5-ի առավոտյան, երբ դեռ քնած էի՝ ոստիկանության 3 աշխատակիցներ ներխուժեցին իմ բնակարան: Բառիս բուն իմաստով ներխուժեցին, քանի որ ես մեկին հրավիրեցի. մյուս երկուսը սկզբում չէին երեւում, հետո թափով եկան, դուռը հրեցին, բացեցին ու մտան ներս: Ներկայացան՝ Շենգավիթի ոստիկանության քրեական բաժնից, եւ ասացին, որ պետը (ճիշտն ասած՝ չհասկացա, թե որ կամ ինչի պետը) ուզում է բարեկամական զրույց ունենալ ինձ հետ: Ասացի՝ իսկ եթե չգա՞մ, ծանուցագիր ունե՞ք, թե՞ չէ: Պատասխանեցին՝ ծանուցագիր չունենք, բայց եթե չգաս՝ այստեղ ենք մնալու, զանգահարելու ենք մեր բաժին, այնտեղից կհրահանգեն՝ ինչպես վարվել եւ, ըստ երեւույթին, այսպես թե այնպես՝ բերման ենք ենթարկելու: Ես փորձեցի գոնե հագնվել, քանի որ կիսահագնված վիճակում էի դուռը բացել: Գնացի մյուս սենյակ՝ հագնվելու: Երեքն էլ եկան իմ հետեւից: Հարցրի՝ ինչի՞: Ասացին՝ դե, կարող է, զենք ունենաս, վերցնես ու կրակես մեր վրա, մեր դեմը հագնվի: Ստիպված նրանց դիմաց սկսեցի հագնվել: Այնուհետեւ վերցրի տան հեռախոսը, որ զանգեմ՝ ձեռքիցս վերցրին: Ու խորհուրդ տվեցին, որ ձեռքի հեռախոսն էլ ընդհանրապես չտանեմ հետս, քանի որ մեկ է՝ չեն թողնելու խոսեմ:
Գնացինք: «Ժիգուլի» նստեցրին, եւ ուղեւորվում էինք դեպի Շենգավիթի ոստիկանություն: Ճանապարհին մի պահ մեքենայի դիմաց դուրս եկավ լրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանները սկսեցին վերջին բառերով հայհոյել Շամշյանի մորը:
Ժամը 10-ին հասանք ոստիկանություն, բարձրացանք 3-րդ հարկ: Ինձ նստեցրին մեկի առանձնասենյակում, որն ազգանունը չասաց, միայն ասաց՝ Հովիկ է անունս: Ես ջուր խնդրեցի: Ասացին՝ չէ՛, չի հասնում: Փորձեցի գնալ զուգարան: Ասացին՝ չէ՛, առայժմ չի հասնում: Փորձեցի նորից օգտվել հեռախոսից: Ասացին՝ դեռ չի հասնում:
Ասացին՝ նստիր, սպասիր: Նստեցի, սպասեցի: Հովիկ անունով մարդը «ձեռի հետ» անընդհատ ինձ հարցնում էր՝ մարտի 1-ին ո՞ւր ես եղել: Ես բացատրում եմ, թե որտեղ եմ եղել՝ ընկերոջս տանը: Մեկ էլ նորից՝ լա՞վ ես մտածել: Ասում եմ՝ հա: Նորից հարցնում է՝ բա կարո՞ղ ա էն ճաղավոր «Վիլիսը» դու ես ջարդել: Ասում եմ՝ չէ, ես չեմ ջարդել: Հարցնում է՝ կարո՞ղ ա էն սպիտակ «Նիվան» դու ես վառել: Ասում եմ՝ չէ, ես չեմ վառել: Էլի է հարցնում՝ կարո՞ղ ա ձեռդ ձող է եղել: Ասում եմ՝ չէ: Հարցնում է՝ փե՞տ էլ չի եղել: Ասում եմ՝ չէ: Ասում է, դե լավ, նստի: Գնում է մի տեղ, էլի գալիս ու նորից հարցնում՝ բայց ախպեր, լա՜վ մտածիր, կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվան» դու ես վառել: Ասի՝ չէ: Ու այդպես անընդհատ նույն հարցերն էր տալիս, ինձ հոգնեցնելով: Վերջում արդեն հրաժարվեցի պատասխանել:
Ի դեպ, Հովիկն ընթացքում ինձ հարցրեց՝ դու ստեղ էլի եղե՞լ ես: Պատասխանեցի՝ այո՛, մարտի 26-ին «Թայմ աութ» սրճարանի մոտից՝ Հյուսիսային պողոտայից, ինձ սկզբում բերման ենթարկեցին Կենտրոնի ոստիկանություն, հետո՝ այստեղ, մատնահետքեր վերցրին: Այսքանը որ պատմեցի՝ Հովիկն ասաց՝ արա՜, դու պատրաստված ես փաստորեն: Ճիշտն ասած, չհասկացա, թե դա ինչ է նշանակում՝ ինչո՞վ եմ պատրաստված կամ ո՞ւմ կողմից եմ պատրաստված: Փորձեցի այդ հարցերը ճշտել: Ասաց՝ դե, պատրաստված ես, էլի: Ու վե՛րջ: Հետո Հովիկն ասաց՝ վոբշըմ, հավես չունեմ՝ ես հիմա զբաղված եմ, լիքը գործեր ունեմ, գնում եմ, դու նստի՝ մինչեւ ես գամ:
Մի որոշ ժամանակ ինձ առանձնասենյակում մենակ թողեցին՝ դուռը փակեցին: Հետո Հովիկն եկավ ու ասաց՝ դու ստեղից գնա արդեն ուրիշ կաբինետ: Տարան ուրիշ սենյակ, որտեղ անիմաստ նստեցի մոտավորապես մինչեւ ժամը 15-ը: Հետո այստեղ եկավ արդեն քրեականի պետ ներկայացած Էդիկ Վարդերեսյանը: Հարցրի՝ արդյոք ի՞նքն էր ուզում հետս բարեկամաբար զրուցել: Պատասխանեց՝ այո: Հա՛, նորմալ էր զրուցում՝ կոշտ ու կոպիտ արտահայտություններ չէր անում, ի տարբերություն Հովիկի: Բայց էլի հետաքրքրվում էր, թե մարտի 1-ին ինչ եմ արել: «Վիլիս», «Նիվա» ու նման պատմություններ չէր անում՝ ուղղակի ուզում էր ճշտել, թե մարտի 1-ին որտեղ եմ եղել: Ես ծայրից ծայր պատմեցի, թե մարտի 1-ին ինչ եմ արել՝ առանց որեւէ դրվագ բաց թողնելու: Անգամ նշեցի, թե ում տանն եմ եղել: Պետը գնաց, կես ժամ հետո եկավ, թե՝ քեզ տեսնող է եղել մարտի 1-ին, հիմա դեմ դիմաց կբերենք, կասի, ու լավ կլինի՝ ճիշտն ասես: Ես ասացի՝ Աստված էլ վերից իջնի, ինչ որ ասում եմ՝ դա է եղել:
10 րոպեից բերեցին մի շատ հաստավիզ, գեշ արտաքինով ջահել տղայի: Չգիտեմ՝ իրենց աշխատակի՞ցն էր, թե՞ ով (ինձ բաց թողնելուց հետո նրան տեսա տարբեր հարկերում շրջելիս, ծխելիս): Այդ տղան հենց ինձ տեսավ, ասաց՝ հա, հա, ինքն ա, ես իրան ճանաչում եմ: Հարցրեց՝ Հեքիմյան Կարենն ես, չէ՞, վարսավիրանոց ունես, չէ՞: Ասացի, հա ու փորձեցի իմանալ, թե ի՞նքն ով է: Ինձ ասացին՝ դու իրավունք չունես հարցնելու, թե ինքն ով է:
… Առերեսման ավարտից հետո պետն էլի եկավ ու հարցրեց՝ այն ընկերդ, որ ասում էիր՝ գիշերն իրենց տանն ես մնացել, ո՞վ է: Ասացի՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Գեւորգ Էմին-Տերյանն է: Նա փաստորեն իմ միակ ալիբին էր: Ասացին՝ արի զանգենք, կանչենք Գեւորգին: Կանչեցին, եկավ: Նա չգիտեր, որ ես այնտեղ եմ: Իր հետ առանձին երկար զրուցեցին: Ես նստած սպասում էի: Հետո պետն եկավ ու ասաց՝ էդ Գեւորը լավ էլ տղա ա: Ասում եմ՝ ես չեմ ասել, թե ինքը վատ տղա է: Ասում է՝ բա, դու էլ ես լավ տղա: Ասում եմ՝ դե հիմա, ձեր գնահատականն է: Ասաց՝ Գեւորը հաստատեց, որ դու իրենց տանն ես եղել, գնա: 7 ժամ պահելուց հետո: Բայց նաեւ ասաց՝ վաղը 11-ին արի, էլի նստենք, բարեկամաբար խոսենք իրար հետ: Փորձեցի հասկանալ՝ ինչի՞ց; Ասաց՝ պռոստո նստենք, խոսենք, հրավիրում եմ: Ես չգնացի՝ անիմաստ էր»:
Հ. Գ. Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Կարեն Հեքիմյանն այս ամենի կապակցությամբ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզվեց, որ նա նման դիմումների հարուստ փորձ ունի: Այդ փորձից նրա եզրահանգումները՝ վաղվա համարում: