Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների զամբյուղ ուղարկել Վ. Սարգսյանի հուշարձանին, խնդրել, որ Արարատ գնացող իր ընկերները շնորհավորանքներ հաղորդեն տիկին Գրետային, ու ինքը վերադարձել էր Էջմիածին՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ էլ են տարբեր միջոցառումներ նախատեսվում: Նա նաեւ ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից»: Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, ինչպես նաեւ Եռաբլուրում, ծաղկեպսակ կար նաեւ ՀՀԿ-ի անունից: Ժամը 11-ից սպարապետի հուշարձանի մոտ հավաքված էին ընդդիմադիրները եւ ազատամարտիկները: Հայտնի կարգախոսները, կալանավորվածների անունները վանկարկելով, նրանց նկարները ձեռքներին՝ հավաքվածները պահանջում էին ազատ արձակել հետընտրական շրջանում ձերբակալված իրենց ընկերներին:
«Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք բոլոր ազատամարտիկներին կոչ ենք արել այս ակցիայի միջոցով բարձրացնել մեր ընկերներին ազատ արձակելու հարցը: Ինչպես նաեւ պահանջում ենք դադարեցնել հետապնդումները: Եթե հնարավոր է այսօր այդ տղաներին կալանավորել զուտ քաղաքական հայացքների համար եւ շինծու մեղադրանքներ ներկայացնել՝ կնշանակի բոլորիս նույն բանն է սպասվում: Սա յուրաքանչյուրի խղճի խնդիրն է»,- «Առավոտին» ասաց փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, ով, ի դեպ, 2004-ի հայտնի ապրիլյան դեպքերից հետո երեք տարով ազատազրկվեց՝ իշխանությունների վրա զինված հարձակում կատարելու մեղադրանքով: «Մենք ուրախ ենք, որ Ղարաբաղում ազատամարտիկներին մեքենաներ նվիրեցին տոնի առիթով, իսկ Հայաստանում հաշմանդամներին գոնե սայլակներ տվե՞լ են»,- հարցնում է Արմեն Մաթեւոսյանը ու ինքն էլ պատասխանում. «Մեր ընկերներն են, եթե տված լինեին՝ կիմանայինք: Էնտեղ կարծես սոցվճարներն էլ են հանել… Խտրականություն դնելու հարցը շատ է շոշափվում. հիմա ո՞վ է խտրականություն դնում: Աստված մի արասցե, որ պատերազմը սկսվեց՝ բոլորս էլ կկռվենք, բայց էսօր մենք մեր ընտանիքն ենք ուզում պահել, ուրիշ ոչինչ»: Իսկ Սերժ Սարգսյանին սատարած Վաչագան Չիբուխչյանն ասում է՝ «քաղաքականությունը՝ քաղաքականություն, ընկերությունն՝ ընկերություն: Մեղք են տղերքը, ինչի՞ են բռնել. կարող ա վաղն էլ ինձ բռնե՞ն»:
Ապա հավաքվածները շարժվեցին Եռաբլուր, որտեղ արդեն իսկ բավականին մարդիկ կային: Իսկ ժամը 13-ին Եռաբլուր եկան առաջին նախագահը, Արամ Զ. Սարգսյանը՝ տիկին Գրետայի հետ, Ստեփան Դեմիրճյանը, ՍԴՀԿ, ԺՈՒԿ ղեկավարները եւ Համաժողովրդական շարժման մյուս լիդերներն ու անդամները: Նրանք ծաղիկներ դրեցին Վ. Սարգսյանի շիրիմին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքով բարեւում էր բոլոր ազատամարտիկներին, զրուցում նրանց հետ: Առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը շփվեց «Հայոց կանանց շարժման» ներկայացուցիչների հետ: Իրենց հնչեցրած հարցերում եւ բարձրաձայնած համոզմունքներում կանայք փորձում էին հասկանալ շարժման հետագա քայլերը եւ անելիքները: Առաջին նախագահը ժպիտը երեսին ունկնդրում էր նրանց եւ երբեմն զարմանքի, երբեմն տարակուսանքի ժեստային արտահայտություններով օրորում գլուխը: Ի դեպ, հետաքրքիր էր, որ Եռաբլուրում պատվո պահակախմբի դեր էր կատարում եւ կարգն էր հսկում ոչ թե Ռազմական ոստիկանությունը, այլ ոստիկանները:
Մինչ Համաժողովրդական շարժման լիդերների գալը՝ Եռաբլուրում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը: «Անկախ քաղաքական համոզմունքներից, բոլորս մեկ ենք, եւ Շուշիի հաղթանակը միասնական հաղթանակ է, որը վճռեց պատերազմի ճակատագիրը: Երկրապահը նա է, ով արյուն է թափել, բայց արյան դիմաց իշխանություն չի պահանջում, այլ՝ պատիվ: Իսկ պատիվը՝ ընկերների համակ ուշադրությունն է: Յուրայինների անտարբերությունն է, որ ինչ-որ կերպ կարող է երկրապահին խաթարել: Իսկ դա չի կայանում նրանում, թե այսօր ինչպիսի քաղաքական դատողություն ունեն կամ ինչ սոցիալական օգնություն են տալիս: Այսօր ոգեղենը պիտի թեւածի, ինչպես ասում էր սպարապետը: Մեծ հայրենականի հաղթանակ տարած սերնդի սերունդները այսօր եւս մեկ անգամ հնարավորություն ունեն բարձր կանգնելու ամեն տեսակի քաղաքական խաղերից եւ կատարելու իրենց պարտքը՝ յուրաքանչյուրն իր տեղում: Երկրապահները պառակտված չեն: Անկախ քաղաքական խաղերից՝ բոլորը նույն համոզմունքի տեր են: Երկրապահը պետության մարմնավորումն է եւ բանակի հիմքը: Երկրապահը քաղաքականությանը չի խառնվում: Եթե ինչ-որ մեկը կուսակցական է եւ իր կուսակցության շահն է պաշտպանում՝ իր խնդիրն է: Ես մտել եմ ԵԿՄ եւ միշտ եղել եմ անկուսակցական»,- խուսափելով «Առավոտի»՝ քաղաքական ենթատեքստով հարցերի պատասխաններից, ասաց Ա. Պետրոսյանը:
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Վ. Սարգսյանի հուշարձանի մոտից երթով Եռաբլուր էին գալիս երիտասարդներ, քաղաքացիներ՝ ում միեւնույն չէր կալանավորվածների ճակատագիրը: