Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապօրինի բերման ենթարկելը շարունակվում է

Մայիս 08,2008 00:00

«Իրավական նախաձեռնություն, ընտրություն ներ-2008» հասարակական կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսը վերաբերում էր 2008թ. նախագահական ընտրությունների օրը եւ հետընտրական զարգացումների ժամանակ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ կողմից կատարված ապօրինի ձերբակալություններին եւ մարդկանց իրավունքների ոտնահարմանը: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ի նախագահ Գայանե Մարկոսյանը հայտնեց, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, եւ հատկապես մարտի 1-ի վայրագություններից հետո իրենց ցանցի նախաձեռնությամբ բացվել է շուրջօրյա «թեժ գիծ», որը շարունակում է գործել մինչ օրս («թեժ գծի» հեռախոսահամարն է՝ 080-080-804): Ըստ բանախոսի՝ մարդիկ անվճար իրավական օգնություն են ստանում, երբ նրանց առանց ծանուցագրի հրավիրում կամ բերման են ենթարկում ոստիկանություն, խուզարկում են տունը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը եւ փաստաբան Նարինե Ռշտունին իրազեկեցին, որ անգամ այս, թերեւս, հարաբերականորեն կայուն օրերին էլ Երեւանում եւ մարզերում շարունակվում են մարդկանց ապօրինի բերման ենթարկելը եւ հարցաքննելը, որոնք հիմնականում առնչվում են մարտի 1-ին եւ ընդդիմադիր հայացքներ ունենալուն: Ն. Ռշտունին հրաժարվեց հրապարակել օրերս բերման ենթարկվածներից որեւէ մեկի անունը, այն պատճառաբանությամբ, որ դա փաստաբանական գաղտնիք է: Իրավաբան Անի Ներսիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի կտրվածքով օրական եղել է 2-ից մինչեւ 10 զանգ, որոնց անմիջապես իրավական օգնություն է տրվել: «Ընդամենը երեկ Հրազդանից զանգահարեց մի կին եւ պատմեց, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները, առանց ներկայանալու եւ իրավական փաստաթղթեր ցույց տալու, իրեն դուրս հանել սեփական խանութից, կնքել այն, ասելով՝ մինչեւ տղադ չգա, չներկայանա, խանութդ չենք բացի: Սակայն երբ դիմում-բողոք ներկայացվեց, ոստիկանության բաժնում հրաժարվել էին այն ընդունել եւ որոշ ժամանակ անց եկել եւ խանութի դռները բացել էին, կրկին կնոջը սպառնալով՝ չփոշմանես, երբ երկու օրից տղայիդ բռնենք»,- թարմ օրինակը հրապարակեց Անի Ներսիսյանը: Իրավաբանները բերեցին այլ փաստեր եւս, երբ քաղաքացուն զրուցելու պատրվակով հրավիրել են ոստիկանություն եւ հարցաքննել, թե ինչո՞ւ է ապրիլի 24-ին մասնակցել բողոքի ակցիայի վերածված սգո երթին՝ հորդորելով այլեւս չմասնակցել այդ կարգի միջոցառումների: Ոստիկանները, ըստ բանախոսների, անհանգստացրել են անգամ թոշակառու կանանց:Փաստաբան Ն. Ռշտունին ափսոսանքով նկատեց, որ մեր հասարակության մի զգալի մասը զուրկ է իրավագիտակցությունից. «Շատերը նույնիսկ չեն կարդում այն փաստաթուղթը, որն իրենց հրամցվում է: Չեն պահանջում փաստաբան, իսկ իրավապահներն էլ պատճառաբանում են, թե բերման ենթարկվածները փաստաբան չեն պահանջել»: Ըստ փաստաբան Ռշտունու, երբ քաղաքացիներին հուշում են, որ կարելի է բողոքարկել ապօրինի անազատության մեջ իրենց պահելը, մարդիկ հրաժարվում են՝ «ոչինչ չի օգնի» պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել