Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔԸ՝ ԵԼՔԻՑ

Մայիս 08,2008 00:00

\"\"Արձագանք «Առավոտի» 23.04.08թ. համարում հրապարակված «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին

ՀՀ նախագահի այս տարվա ընտրությամբ մեզանում սաստկացավ իշխանությունը սահմանադրորեն փոխելու հնարավորության մասին կասկածը: Գուցե դա կարծրանա՝ որպես համոզմունք, եթե ժողովրդապետության քաղաքական ներհակ միության զուգակշիռ գումարելիները՝ իշխանություն եւ ընդդիմություն, շարունակենք նույնացնել նախկին եւ նորօրյա իշխանություն ամբարիշտ հակառակության ժամանակային բաժանարարների հետ:

Երկեւանությանս պատճառն այն է, որ մենք շփոթարկու այդպիսի բավարար փորձ ունենք: Հիշենք 1996 թվականը: Մեզ ընդդիմություն ներկայացավ Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության հանդեպ: Այնինչ, «Ղարաբաղ» կոմիտեի անառարկելի գաղափարախոսն իրենով մարմնավորում էր նախորդ իշխանությունը մինչեւ Հայաստանում նախագահական ինստիտուտի հիմնարկեքը միջանկյալ փուլում. Երրորդ հանրապետության վարչապետն ու իրական ղեկավարն էր, եւ հենց այդ ինստիտուտի կազմավորումը պատճառ եղավ խորհրդարանական կառավարման անձնուրաց ջատագովի պաշտոնաթողության, ինչով պայմանավորված է նրա հետագա ոգորումն անդրանիկ ամենաազդու ընդդիմադրի կեցվածքով: Երկու տարի անց Վ. Մանուկյանի դերում Կարեն Դեմիրճյանն էր: Թեպետ իրադրությունն այլ էր, իշխանության առաջին դեմքը լքել էր իր թիմը, իսկ Դեմիրճյանն այս պետությունում գործող անձ չէր, որին դեռ ընդդիմադի՛ր էլ հորջորջեինք, այնուամենայնիվ, սոցիալիստական Հայաստանի նշանավոր ղեկավարը մեր կողմից ընդունվեց պետության քաղաքական կառույցի կանգունության ապահովմանը կոչված իշխանության հակամիտ լծակից, ընդ որում՝ այնքան մեծարվեստ, որ մենք (թերեւս՝ ինքն էլ) չնկատեցինք նրա ծիրանու ահռելի ստվերը եւ դրա մեջ դես ու դեն զարկվող երդվյալ խամաճիկներին: Նույն պատրանքայնությամբ համակվեցինք՝ տեսնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազատության հրապարակում: Նույնիսկ այն դեպքում, երբ նա մեծաբարբառ հայտարարեց ներկա իշխանության պետական համակարգը կազմաքանդելու մասին, որ նորի նկատմամբ նախկինի անողոք վրեժխնդրության խոշոր չափաբաժին էր պարունակում: Այս առումով ի դեպ է նաեւ նշել նպատակի իրականացման համար իրեն գործիք դարձնելու Տեր-Պետրոսյանի հորդորը, ինչը, սակայն, «Հայլուրի» մեկնաբանի շուրթերի օգնությամբ ստացավ ապաբարո իմաստ:

Եթե հրապարակային գայթակղիչ վարքով, Հեթում արքայի «Ճաշոցը» հիշեցնող պերճ, ախորժելի, զնգուն հայերենով, մանավանդ ամենքի եւ բոլորի առաջ որպես երդում Չարենցի «Մահվան տեսիլի» արտասանությամբ նա նույնիսկ կարողացավ դրսեւորել իսկական ընդդիմադրի լիարժեք որակներ, որ աստիճանաբար կանոնավորեցին իր տողանը, միեւնույն է՝ մինչեւ վերջ, այսօրը ներառյալ, մնաց իշխանության դիմադարձ հակոտնյան:

Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել ՀՀ առաջին նախագահին նրա համար, որ մեր պետական տարածքում կարծես թե սկսում է ծիլեր արձակել այն ընդդիմության անդաստանը, որը ես շեշտադրում եմ, եւ որի չգոյությունն է հանրային մեր բոլոր չարիքների ու աղետների պատճառը: Աներկբայելի է, որ կարծեցյալ, անազնիվ, հերյուրածո, բռնազբոսիկ, գրպանային ընդդիմության ճշգրիտ բացահայտումը եւ փայլուն մերկացումը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հրաշալի պայման է անհրաժեշտ խնամքի պարագայում այդ ծիլերի փարթամ աճի համար: Որքան էլ իշխանության կամքին հակառակ լինի՝ դրան նպաստում է նաեւ կոալիցիայի ստեղծումը: Պարտադիր չէ քաղաքագիտության տեսական կառույցը տակնուվրա անել՝ մակաբերելու, որ ցանկացած ընտրության ժամանակ ձայնի իրավունքով օժտված զանգվածը բաժանվում է երեք մասի. իշխանության անսասանության ջատագովներ, դեպի լավը փոփոխության հույսը ընդդիմության վրա դնողներ եւ չեզոք դիրք զբաղեցնողներ: Առաջին երկուսը նրանք են, որ մասնակցում են քվեարկություններին: ՀՀ նախագահի այս տարվա ընտրությանը նրանց թիվը, ըստ տոկոսային ցուցչի, կազմել է շուրջ 65:

Այսպիսով՝ մեր չափահաս բնակչության մոտավորապես 35 տոկոսը ձեռնապահությամբ մերժում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ հավատ չընծայելով նրանց բացասությամբ ձեւավորված պետությանը: Հայաստանը նրանց պատկերանում է ոչ այլ կերպ, քան Ա. Բակունցի «Պրովինցիայի մայրամուտի» Աստաֆյան փողոց: Ես լավ գիտեմ նրանց, 1996-ին եւ 2003-ին եղել եմ իրենց հետ. բարդույթներից, նախապաշարումներից, աղանդապաշտական հակումներից կամ պարզապես առտնին քմահաճույքներից, այդ թվում՝ արկածախնդրությունից եւ շահատենչությունից հեռու մարդիկ են: Նրանք խորթացած պետության մեջ խանդաղատանքով գուրգուրում են հարազատ հայրենիքը՝ կենսական մասերով՝ տուն, ընտանիք, հիշատակներ: Եվ միշտ ունկնդիր են ավետարանական մեկ նախադասությամբ Ոսկե օրենքին. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դու՛ք արեք նրանց»: Քանի որ խոսքս դատապարտվածների եւ ինքնադատապարտյալների կամ անտրոհելի ու անմերձենալի զանգվածի մասին չէ, այլ հանրության թերեւս ամենաաչալուրջ, պատվախնդիր, արդարախոհ, անմեղսակից, հարաշարժ անդամների, որոնք խորությամբ վերլուծելով եւ կշռադատելով երկրի կացությունը, նախագահական բազմոցի հավակնորդների ծրագրերը, խոստումներն ու հնարավորությունները՝ տվյալ ընտրության ժամանակ առանց գալարափող հնչեցնելու ժողովվում եւ ամբողջանում են անթերի ինքնակազմակերպմամբ, ապա ոչ միայն սխալ չէր լինի, այլեւ ճիշտ կլիներ հենց նրանց դիտարկել որպես այն ընդդիմությունը, որը իր ոչ վրիժավառ էությամբ եւ կենակից բնույթով ազնվարար պայքարի մեջ կմտնի իշխանության հետ՝ վերջապես սրբագրելով մեր քաղաքական չափորոշիչները: Նրանք այսօր սպասում են ամենատես եւ քաջ կարապետողի: Դժվար չէ կանխասել, որ վերջինիս հայտնության պարագայում այս զանգվածը էապես կստվարանա «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի, «Ազգային միաբանության» խաբված կողմնակիցների, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի առավել երիտասարդ տարիքի համակիրների եւ իշխանական ու իշխանամետ կուսակցությունների այն անդամների համալրմամբ, ովքեր դժգոհ են կառավարության նոր կազմից ու այլազան նշանակումներից: Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի մտահանգմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի դեմ իշխանության, մասնավորապես՝ Ռ. Քոչարյանի գործադրած միջոցները փոխառված են ՀՀ առաջին նախագահի զինանոցից, որը, ինչպես հայտնի է, լրակազմ օգտագործվեց Վ. Մանուկյանի հուժկու հաղթարշավը կասեցնելու համար:

Ինձ չափազանց կարեւոր թվացող այս միտքը կրկին փաստում է, որ, իրոք, մենք մշտապես ականատեսն ենք նախկին եւ ներկա իշխանությունների անհանդուրժամիտ հակամարտության, այլ ոչ թե ընդդիմության եւ իշխանության անզիջում մրցակցության: Այս տեսակետից օրինաչափ է Լ. Տեր-Պետրոսյանին իշխանության թեկնածուի փոխարեն հենց Ռ. Քոչարյանի դիմադարձությունը:

Իսկ տեսեք, թե ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ հակառակորդին ոչնչացնելու եւ ոչ թե հաղթելու կիրքը: Մի կողմը՝ հանձին Լ. Տեր-Պետրոսյանի, տեխնիկական նորահնար բազմազան միջոցներով շրջանառության մեջ դրեց երկխոսություն, որտեղ Ռ. Քոչարյանը ՀՀ առաջին նախագահին շփոթահար խոստովանում է, թե տերունական «Հայր մեր»-ի չիմացությունն իբր իր աղվանական ծագմամբ է պայմանավորված: Ի՞նչ արած, մնում է մխիթարվել, որ մեզ ոչ արյունակից այդ ժողովրդի այբուբենն էլ է Մաշտոցը ստեղծել եւ օգնել, որ հղկվի նրա խեցբեկագույն լեզուն:

Մյուս կողմն, ի դեմս Ռ. Քոչարյանի, իր հերթին Հանրային հեռուստատեսության եթերում մարտաֆիլմերի հաճախականությամբ եւ ռիթմով տեսահոլովակներ պտտեցրեց այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանը քայքայել է Հայաստանի տնտեսությունը, իր ժողովրդին ցրտի եւ խավարի մեջ պահել, մեր ռազմական գործողությունները խափանել եւ ունի տեսողական թերություն: Հավասարարժեք փոքրոգություն:

Անհանգստություններս արձանագրելու գրգիռն ինձ հաղորդեց «Առավոտ» թերթի 2008 թ. ապրիլի 23-ի համարում հրապարակված «Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը» ճշգրիտ բառերով, սթափ կշռադատությամբ, վավերական գնահատականով եւ, կարծում եմ, ընդունելի առաջարկով հոդվածը, որի հեղինակից ես մի դատում արդեն վկայակոչեցի: Դարձյալ երկրորդելով երկրում հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված իրավիճակով խիստ մտահոգ քաղաքագետին, այն համոզմանն եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերջակետել նախկին իշխանություն-այժմյան իշխանություն ջղաձիգ եւ կործանարար մրցակցությունը՝ նախագահի ընտրություն ձեւակերպմամբ, եւ վարից վեր կազմակերպել մեր պետական բոլոր համապատասխան ինստիտուտների նոր ընտրություն: Իրական, հավասարակշիռ ընդդիմության զորակից մասնակցության ապահովմամբ:

Ծանր ժառանգություն ստացած հանրապետության երրորդ նախագահ Ս. Սարգսյանը, որը նախորդներից, ըստ իս, տարբերվում է մեր պետական շինության նորոգչի անկեղծ հանձնառությամբ ու բարի կամքով, թվում է՝ կոչված է իրականացնելու այդ առաքելությունը: Որքան շուտ՝ այնքան լավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել