Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԹԿ տնօրենը խոսեց քննական նորություններից

Մայիս 08,2008 00:00

Եվ հայտարարեց, որ կենտրոնը պատասխանատու չէ թեստերի ժողովածուի որոշ սխալների համար

Երեկ հրավիրված ասուլիսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ մաթեմատիկա առարկայի միասնական քննության թեստերում որոշ փոփոխություններ են կատարվել: Թեստի 17, 18, 19 առաջադրանքներում նախկինում դիմորդը պետք է ընտրեր «ճիշտ», «սխալ» կամ «չգիտեմ» պատասխանը: Առաջինի դեպքում նա ստանում էր մեկ միավոր, երկրորդի դեպքում հանվում էր նույնքան միավոր, իսկ երրորդ դեպքում՝ ոչ հանվում, ոչ էլ գումարվում էր միավոր. «Գնահատման ձեւն այս տարի փոխվել է: 17, 18, 19 վարժություններում դիմորդը պետք է ընտրի հնարավոր պատասխաններից մեկը, ինչը հօգուտ իրեն է»: Տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկայի քննությունը եւս անցկացվելու է նոր՝ թեստային տարբերակով. «9-րդ դասարանի թեստերն ունեն «բաց» մաս. վերջին երկու առաջադրանքները ստուգվելու են մասնագետների կողմից, որովհետեւ գնահատվելու է հարցերի լուծման ընթացքը: Ինչ վերաբերում է 11-րդ դասարանի ավարտական քննություններին, որոնք աշակերտները հանձնելու են թեստային համակարգով, դրանք ստուգվելու են ոչ մասնագետների կողմից: Քննություններից անմիջապես հետո ԳԹԿ-ի կայքում տեղադրվելու են քննական թեստերի ճիշտ պատասխանները: Եվ ոչ մասնագետներն էլ աշակերտների պատասխանները ընդամենը համեմատելու են կայքում տեղադրվածի հետ»:

Մ. Մկրտչյանն անդրադառնալով դպրոցներում ԳԹԿ-ի կողմից իրականացվող փորձարկումներին, տեղեկացրեց, որ դրանք կանցկացվեն մայիսի 10-15-ը՝ ՀՀ եւ Արցախի դպրոցներում՝ բնագիտական առարկաներից ու հայոց պատմությունից. «Այս փորձարկումները լինելու են շարունակական, որովհետեւ մյուս տարի երեխաները բոլոր առարկաներից են քննություն հանձնելու՝ միասնական համակարգով»: Տնօրենի ձեւակերպմամբ, ԳԹԿ-ն լիազորված չէ չթույլատրել որոշ կազմակերպությունների կողմից դպրոցներում անցկացվող զանազան փորձարկումները. «Եթե օրինական կազմակերպություն է դրանով զբաղվում, մենք իրավունք չունենք նրա բիզնեսն արգելել»:

Նրա փոխանցմամբ, այս տարի ԳԹԿ-ն միասնական քննություններին մասնակցելու համար հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել է 15000, իսկ բոլոր օտար լեզուները միասին ու մաթեմատիկա առարկաներից՝ 10000-ական դիմում-հայտ. «Այս տարի հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունը կանցկացվի հունիսի 2-ին, ռուսերենը՝ 7-ին, մաթեմատիկան՝ 11-ին, օտար լեզուները՝ 17-ին»: Մկրտչյանը նաեւ հայտնեց, որ հավելյալ քննություններ՝ հարգելի պատճառներով բացակայածների համար, կանցկացվեն հուլիսի 1-10-ը: Նաեւ նշեց, որ մաթեմատիկայի քննության ժամանակ չի թույլատրվելու օգտվել հաշվիչներից, ոչ էլ բանաձեւերի ցուցակներից, որովհետեւ թեստերի մեջ այնպիսի հարցեր կան, որոնց լուծումները հենց բանաձեւերն են:

Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԳԹԿ-ի երաշխավորությամբ տպագրված ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանի եւ Անի Մուրադյանի կազմած հայոց լեզու եւ գրականություն առարկայի պետական ավարտական միասնական քննության թեստերի ժողովածուի մեջ կան բազմաթիվ սխալներ, եւ ի՞նչ երաշխիք, որ սխալներ չեն լինի նաեւ քննական թեստերում, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Մենք երաշխավորում ենք, որ այդպիսի թերություններ չեն լինի: Այդ գրքույկը մենք ենք երաշխավորել, բայց մե՛նք չենք թողարկել: Այնպես որ, հեղինակներին կամ տպարանին հարցրեք, թե ինչու է սխալ: Այդ «մասով» պատասխանատու չենք: ԳԹԿ-ն իրավունք չունի հեղինակների խոսքը փոխել, եթե հեղինակը սխալվել է, ապա դա խոսում է իր ապրանքի որակի մասին: Ինչ վերաբերում է քննական թեստերին, դրանց հեղինակները տարբեր են, եւ ես էլ միամիտ չեմ, որ նրանց անունները հրապարակեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել