Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՐՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Մայիս 08,2008 00:00

\"\"Օպերային թատրոնների մակարդակով

Կարճատեւ այցով Երեւանում էր Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: «Առավոտին» Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Այս տարի օպերային թատրոնը նշելու է իր հիմնադրման 75-ամյակը, ուստի մշակույթի նախարարության հետ համատեղ հրավիրել ենք ճանաչված օպերային ռեժիսոր Գեորգի Իսահակյանին՝ իրականացնելու որեւէ բեմադրություն: Իհարկե, նա զբաղված է իր մասշտաբային ստեղծագործական ծրագրերով, բայց մենք եկանք փոխհամաձայնության, եւ մոտ ժամանակներս նա այստեղ կիրականացնի ընդամենը մեկ ներկայացում: Տրամադրելով օպերաների պարտիտուրները, նրա ընտրությանն ենք թողել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը» կամ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան»: Կարծում եմ, մեր համագործակցությունը սրանով չի ավարտվի»:

«Առավոտը» հանդիպեց նաեւ Գ. Իսահակյանի հետ, որը աշխարհի տարբեր բեմերում շուրջ 80 բեմադրություն է իրականացրել: Նրան ասացինք, որ հայաստանցի արվեստագետներն իրեն հիշում են 1980-ականներից, երբ անվանի ռեժիսոր Վահագն Բագրատունու հետ Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրեց Տիգրանյանի «Անուշը» եւ, փաստորեն, այդքանով ավարտվեց իր գործունեությունը հայրենիքում: Խնդրեցինք հակիրճ ներկայացնել իր ստեղծագործական ճանապարհը, մասնավորապես՝ ինչպե՞ս է հայտնվել Պերմի օպերային թատրոնում: Գ. Իսահակյանը տեղեկացրեց, որ 1991թ. օպերային ստուդիայում բեմադրած «Անուշն» իր դիպլոմային աշխատանքն էր. «Ժամանակին Երեւանի օպերային թատրոնից աշխատանքի հրավեր չեմ ստացել, իսկ իմ հետաքրքրությանն ի պատասխան՝ ասել են, թե թատրոնում տեղ չկա: Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Կուրոչկինի արվեստանոցը: Այն 1991թ. ավարտելով եւ ստանալով երաժշտական թատրոնի ռեժիսորի որակավորում, բեմադրություններ իրականացրի Ռուսաստանի տարբեր օպերային թատրոններում, հետագայում նաեւ Եվրոպայում, Ճապոնիայում եւ այլուր»: Դառնալով Պերմի օպերային թատրոնում իր աշխատանքին, Գ. Իսահակյանը նշեց, որ նախ աշխատել է ռեժիսոր, հետո՝ գլխավոր ռեժիսոր եւ միայն 2001-ից՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ չի զբաղեցնում միանգամից երկու՝ գեղարվեստական ղեկավարի եւ ռեժիսորի պաշտոնները, մեր զրուցակիցը փաստեց, որ Ռուսաստանում օրենքը թույլ չի տալիս նույն հիմնարկում երկու պաշտոն զբաղեցնել: Հետաքրքրվեցինք նաեւ Պերմի օպերային թատրոնի խաղացանկով եւ դասական օպերաների ժամանակակից բեմադրություններով, եթե, իհարկե, դրանք կան: Նշելով, որ իր ղեկավարած թատրոնը Ռուսաստանում երրորդը կամ չորրորդն է արտիստական ուժերով, ֆինանսավորմամբ եւ այլնով, ռեժիսորը հայտնեց. «Խաղացանկում այսօր ունենք 50 օպերային եւ բալետային ներկայացում: Ոչ միայն Պերմի, այլեւ ցանկացած օպերային թատրոն այսօր պետք է բավարարի տարբեր ճաշակի հանդիսատեսի պահանջները, հետեւաբար մեր թատրոնում դասական բեմադրությունների կողքին «հաշտ-համերաշխ» ապրում են ավանգարդիստականները: Մեր թատրոնում իրականացրել ենք օպերաների համաշխարհային պրեմիերաներ, այդ թվում՝ Մասնեի «Կլեոպատրան», Դվորժակի «Ջրահարսը», Շչեդրինի «Լոլիտան» եւ այլն»: Հարցին, թե հայրենիքում մեկ օպերայի բեմադրությամբ կավարտվի՞ ռեժիսորի համագործակցությունը Ազգային օպերային թատրոնի հետ, Գ. Իսահակյանը հույս հայտնեց, որ հավանաբար Պերմն ու Երեւանը համատեղ կանդրադառնան Խաչատրյանի «Սպարտակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել