Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեւանը օբյեկտները ջրախեղդ է արել

Մայիս 08,2008 00:00

Լճի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով ափամերձ օբյեկտներն ու հեկտարներով կանաչ տարածքները ջրի տակ են մնացել:

Որքան էլ բնապահպանության ոլորտի պատասխանատուներն աշխատում են ցույց չտալ, որ խուճապի մեջ են եւ հայտարարում են, որ Սեւանա լճի մակարդակի անսպասելի բարձրացումը շրջակա միջավայրի վրա չի կարող բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ ամեն ինչ վերահսկվում է, այնուամենայնիվ, ջրի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով լճի հատկապես առափնյա հատվածներում լուրջ խնդիրներ են առաջացել: Տասնյակ հանգստյան գոտիներ, սպասարկման օբյեկտներ ու կանաչ տարածքներ արդեն մնացել են ջրի տակ: Հիշեցնենք, որ նախորդ ամիս, նախատեսված 20 սմ-ի փոխարեն, լճի մակարդակը բարձրացել է ավելի քան 62 սմ-ով՝ հասնելով ծովի մակերեւույթից 1899 մետրի, ինչը ոլորտի պատասխանատուների մեկնաբանմամբ՝ հետեւանք է այն բանի, որ եթե առաջ ոռոգման համար տարեկան մոտ 300 մլն խմ ջուր էր օգտագործվում, ապա արդեն մի քանի տարի է, ինչ լճից այդ նպատակով ընդամենը 100-120 խմ ջուր է բաց թողնվում:

Նշենք, որ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափի հարակից տարածքներում արդեն իսկ էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ բուսական ծածկույթի՝ ջրի տակ մնալու հետեւանքով, Սեւանը հայտնվել է աղտոտվելու լուրջ վտանգի առաջ, իսկ մաքրման աշխատանքների համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Հարություն Գալոյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մաքրման անհրաժեշտություն ունեցող տարածքներն իսկապես շատ են, սակայն դրանք իրականացնելու համար նախատեսված ֆինանսական հատկացումները բավարար չեն: Հ. Գալոյանի տեղեկացմամբ, այդ աշխատանքների համար նախատեսված է այնքան գումար, որքան նախորդ տարի՝ 41 միլիոն 700 հազար դրամ: Ստացվում է, որ մեր կառավարությունը պարզապես աչքաթող է արել Սեւանը աղտոտումից փրկելու հարցը, եւ, անտեսելով այս տարի լճի մակարդակի աննախադեպ բարձրացման փաստը, պետբյուջեից հատկացրել է այնքան գումար, որքան եւ նախորդ տարիներին: Նշենք նաեւ, որ լճի մակարդակը բարձրացել է հատկապես Ջրաշեն գյուղի տարածքում:

Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի ջրային ավազանների պահպանության բաժնի վարիչ Նշան Ստեփանյանը հավաստիացրեց, որ հատկապես այդ գյուղի տարածքում լճի մակարդակը գլխավոր ճանապարհից ցածր է ընդամենը 1,5 մետր: Նկատենք, որ այս տարածքում ջուրը թեեւ դեռ մայրուղուն չի հասել, սակայն ներծծվելով հողի մեջ, անցել է ճանապարհի մյուս կողմն ու փոքր լճակ է առաջացրել: Այս հատվածում դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին մաքրման աշխատանքներ են կատարվել, սակայն հաստաբուն ծառերի կոճղերն ու եղեգի մնացորդները չեն մաքրվել ու մնացել են ջրի տակ: Ըստ Ն. Ստեփանյանի, լճի այս հատվածի «կիսատ-պռատ» մաքրման պատճառը նախորդ տարվա անբարենպաստ եղանակային պայմաններն էին: Ն. Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարի, ջրի բարձրացմանը զուգընթաց, ծառերից եւ աղբից մաքրվել է շուրջ 95 հա տարածք, նույն չափի մաքրման աշխատանքներ էլ նախատեսված է իրականացնել այս տարի: Սեւանի ազգային պարկի գլխավոր անտառապետ Սուրիկ Աղաջանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը ջրի տակ է մնացել 2500 հեկտար անտառային տարածք: Նրա խոսքերով. «Միայն Ջրաշեն գյուղի տարածքից 50-60 տարեկան 911 հաստաբուն բարդի ու ուռենի է հատվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել