Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկավարժի ցուցմունքը՝ 28 տառասխալով

Մայիս 08,2008 00:00

Ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը երեկ անցավ սարսափելի լարված մթնոլորտում՝ ուշաթափություններով ու ժողովուրդ-ոստիկան բախումներով: Դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր դատավարությունն անցկացնել փոքր դահլիճում: Այդ պատճառով ոստիկանները լծվել էին մարդկանց դատարանի շենք չթողնելու գործին: Բանը հասավ նրան, որ փշրվեցին դատարանի ապակյա դռները: Կես ժամ տեւած բախումից հետո մի քանիսին թույլատրեցին մասնակցելու երկու ժամ ուշացումով սկսված դատավարությանը: Այդ ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը դատարանի նախագահի հետ բանակցություններ էր վարում ժողովրդին ներս թողնելու թեմայով՝ խոստանալով ստանձնել դատապրոցեսի անաղմուկ ընթացքը: Բանակցություններն ապարդյուն անցան: «Մարդկանց պարտադրում են մնալ 70 տեղանոց դահլիճում, որի զգալի հատվածը զբաղեցնում են կարգադրիչներն ու ոստիկանները, գուցե հայտարարվի, որ նիստը դռնփա՞կ է, մարդիկ կիմանան, որ չեն կարող մտնել, դատավարությունն էլ կընթանա այնպես, ինչպես պատկերացնում են իրականացնողները»,- «Առավոտին» ասաց պատգամավորը:

Դատը սկսվեց 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանի հարցաքննությամբ: Անցած անգամ կիսատ էին թողել նրա հարցաքննությունը: Թեեւ այս անգամ էլ էր վկան պնդում, որ ամբաստանյալները որեւէ խուլիգանություն չեն արել, ընտրական գործընթացը չի խոչընդոտվել, այդուհանդերձ հակասական ցուցմունքներ էր տալիս: Փաստաբան Գրիշա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան ցուցմունքը գրել է ի՞ր ձեռքով՝ որեւէ մեկը չի՞ ուղղորդել, չի՞ թելադրել: Վկան հպարտորեն պատասխանեց՝ ոչ: «Այդ դեպքում ինչպե՞ս է, որ Դուք՝ մանկավարժ լինելով, ցուցմունքի մեջ 28 տառասխալ էիք արել, սա ինձ կասկածի տեղիք է տալիս»,- զարմացավ փաստաբանը:

Ցնցող էին մյուս վկաների ցուցմունքները: Նրանցից մեկը՝ Նարինե Հովակիմյանը, խոստովանեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, իրենց տեղամասում ոչ մի խուլիգանություն, սպառնալիք չի եղել, գոռգոռոցներ չեն հնչել, իսկ իրեն դատախազությունը ստիպել է վկայություն տալ իր մոր մահանալու օրը: Հասկացնել տալով, որ զղջում է իր նախաքննական ցուցմունքի համար, նա հայտարարեց, որ սգի մեջ չի հասկացել, թե ինչ է գրել: Վկան խոստովանեց, որ իրեն դատախազությունում թելադրել են: Նա խնդրեց որպես ճշմարտություն ընդունել դատարանում տված ցուցմունքը: Մյուս վկան՝ Լիլիթ Սահակյանը, ասաց. «Ես ոչ մի ամբաստանյալի չեմ ճանաչում, ոչ մի խուլիգանություն չեմ տեսել, հանձնաժողովի ոչ մի անդամ իրեն վատ չի զգացել, միայն մի պահ բարձրաձայն խոսակցություններ եմ լսել անձնագրի դրոշմակնիքի շուրջ»: Վկայի ցուցմունքը կիսատ մնաց աշխատանքային ժամը ավարտելու պատճառով:

Դատական նիստից հետո Գյումրիի ԵԿՄ անդամները՝ 21 հոգի, հացադուլ հայտարարեցին, քանի որ դատարանը չքննեց նրանց միջնորդությունը՝ հրամանատար Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Չի բացառվում, որ ազատամարտիկները որպես բողոքի նշան հետ հանձնեն իրենց շքանշանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել