Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հարցադրումների

Մայիս 08,2008 00:00

\"\"Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս հայտարարում ենք, որ միանում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում ենք հետեւյալ հարցերի պատասխանը.

ա/ Ճի՞շտ են, արդյոք, այն տեղեկությունները, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից մշակվել է Մեղրիի տարածաշրջանի ազգաբնակչության վերաբնակեցման համապարփակ նախագիծ, ըստ որի՝ կազմվել են համապատասխան տեղագրական քարտեզներ, մշակվել են մարդկանց տեղափոխելու ավտոբուսային երթուղիներ, հստակեցվել են վերաբնակեցման ու կառուցապատման աշխատանքների ծրագրերը: Ճի՞շտ է, արդյոք, որ այս ամենի արժեքը հայկական կողմի ներկայացմամբ կազմել է 4 միլիարդ 328 միլիոն 629 հազար դոլար:

բ/ Ճի՞շտ է, արդյոք, որ 1999թ. սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ են արտահայտվել Մեղրին զիջելու ծրագրի իրագործմանը եւ Անվտանգության խորհրդի նիստում բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հասցեին:

գ/ Այս ամենից չի՞ բխում, արդյոք, այն եզրակացությունը, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացումն ուղղակիորեն կապ ունի հիշյալ նիստի հետ:

դ/ Ճի՞շտ է, արդյոք, այն տեղեկությունը, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ-ում են գտնվել մի քանի երկրների տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, արդյոք, նրանց պարբերաբար ժամանումը Երեւան:

ե/ Դատելով «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված համաձայնագրի տեքստից՝ այն պետք է ստորագրեին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԵԱՀԿ-ի ու Եվրամիության ներկայացուցիչները: Չե՞ք կարծում, որ հատկապես Թուրքիայի ընդգրկումն այդ համաձայնագրում՝ ուղղակիորեն ցույց է տալիս նախատեսված ծրագրի իրականացման պանթուրքիստական էությունը:

զ/ Հիշյալ ծրագրի իրականացմամբ շահագրգռված հայկական կողմի պետական այրերն ի վերջո ո՞ր ազգի շահերն են ներկայացնում… Չե՞ք կարծում, որ նմանօրինակ ծրագրի քննարկումն անգամ հակասում է մեր պետական շահերին՝ համարվելով ազգային դավաճանություն:

Ընդհանրապես մեզ հետաքրքրում է, թե Դուք անցկացրե՞լ եք, արդյոք, համակողմանի հետաքննություն՝ բացահայտելու Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրի գոյությունն ու պարզելու այդ հանցավոր համաձայնագրին առնչվող հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել