Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՈՒՆԻ՞ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

Մայիս 08,2008 00:00

Ում է վստահվելու «անկախ հետաքննությունը»

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում արծարծված առաջարկությունները, եւ համակարգի դրանց իրագործումը: Անցած կիրակի քառակողմ կոալիցիան հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում կարեւորում է աշխատանքային խմբի գործունեությունը: Այդ՝ բոլոր առումներով շարքային հայտարարության մեջ կա մի նախադասություն, որը կարող է ոչ միանշանակ ընդունվել. «Աշխատանքային խմբից քաղաքական կոալիցիան ակնկալում է հստակ քայլեր՝ բանաձեւում տեղ գտած առաջարկությունների իրագործման եւ հատկապես՝ հետընտրական զարգացումների անկախ հետաքննության ուղղությամբ» (ընդգծումն իմն է- Մ. Ե.):

Աշխատանքային խմբի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց հստակեցնել՝ արդյոք աշխատանքային խումբը հատուկ կարգավիճակ ունի՞, եթե ոչ՝ ինչպե՞ս է իրականացնելու հետընտրական զարգացումների անկախ հետաքննություն: Ըստ պարոն Ռուստամյանի՝ «դա ենթադրում է ուղղակի քաղաքացիական վերահսկողություն այն ամբողջ գործընթացի նկատմամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ից հետո, եղել են ձերբակալություններ, կալանավորումներ, դատավարություններ. նախ՝ այդ ամենի հետ կապված, պետք է քաղաքացիական վերահսկողություն իրականացվի, երկրորդը՝ պետք է քննվեն բուն մարտի 1-ի իրադարձության հետ կապված խնդիրները: Հիշենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հատուկ նշվում է, որ պետք է հստակ գնահատվեն երկու կողմերի գործողությունները, այսինքն՝ ցուցարարների եւ ոստիկանության: Այս իմաստով էլ պետք է տեղի ունենա համապատասխան հետազոտություն եւ ներկայացվի եզրակացություն: Հիմա թե ինչ ֆորմատով դա տեղի կունենա, այս պահին դա քննարկվում է»: Մեր հարցին՝ արդյոք «հետաքննական» լիազորություններ վերագրելով աշխատանքային խմբին, նրան չի՞ տրվում դատախազական ֆունկցիա, Արմեն Ռուստամյանը ժխտողական պատասխան տվեց. «Չէ, չմտնելով դատախազական ֆունկցիաների մեջ, չփորձելով զուգահեռ քննություն իրականացնել, գնահատել ձեռք բերված ապացույցները, որոնք զուտ դատական իշխանության իրավասությունների տակ են, բայց, այդուամենայնիվ, իրականացնել մոնիտորինգ այդ գործընթացի հետ կապված, մոտավորապես այնպիսի մոնիտորինգ, որը նույն Եվրախորհուրդը իրականացնում է տարբեր երկրներում»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, պետք է կարողանալ վերահսկողության միջոցով հասնել նրան, որ «հասարակության գիտակցության մեջ հստակ տարանջատվեն այս գործի քաղաքական եւ քրեական մասերը»: Մեր դիտարկմանը, որ հասարակության գիտակցության մեջ շատ հստակ «տարանջատված» է, որ մարտի 1-ի դեպքերի թիվ մեկ մեղավորը իշխանություններն են, սակայն իշխանություններն այսօր ստեղծել են աշխատանքային խումբ, որը կփորձի քննել մարտի 1-ի դեպքերը կամ՝ 1609 բանաձեւի կատարումը «կվերահսկեն», արդյոք կա՞ համապատասխան վստահություն իշխանությունների հանդեպ, որ մարդիկ չզարմանան՝ ո՞վ է արել եւ ո՞վ է քննելու, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պետք է ձեւավորվի վերահսկողական այնպիսի գործընթաց, այնպիսի հետաքննություն, որի մեջ պիտի ընդգրկվեն հասարակության այն ներկայացուցիչները, որոնց մարդիկ վստահում են, եւ, բնականաբար, «այդ խնդրով մենք պետք է դիմենք Եվրախորհրդին կամ միջազգային փորձագետներին, որպեսզի նրանք նույնպես ընդգրկվեն այս աշխատանքների մեջ: Սրանք կլինեն, այսպես ասած՝ փորձագետ-մեթոդիստներ, որոնք պետք է ուսումնասիրեն ամբողջ գործընթացի օրինականությունը: ԵԽ-ն հստակ սահմանել է «քաղբանտարկյաներ» հասկացությունը, իսկ դրա հետ կապված՝ արդեն իսկ կան սահմանված չափորոշիչներ: Այն գործընթացը, որը ԵԽ-ն կարող է անել իր իսկ զեկուցողների Հայաստան գալով, մենք կարող ենք նաեւ ինքներս իրականացնել, չսպասելով, որ մարդիկ գան ԵԽ-ից: Իհարկե, սա չի բացառում, որ ԵԽ-ն կարող է անցկացնել իր սեփական քննությունը, քանի որ մեկը մյուսին չի բացառում, ընդհակառակը՝ նույն նպատակին է միտված լինելու»:

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ խնդրո առարկա աշխատանքային խումբն ինքնանպատակ չի ստեղծված, ունի հստակ խնդիր եւ մինչեւ մայիսի 10-ը նախագահին պետք է ներկայացնի 1609 բանաձեւի կատարմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ: Ըստ մեր զրուցակցի, մարտի 1-ի ամբողջ մեղքը մեկի վրա չէ, եւ «պետք չէ՝ ամեն մեկն իրեն արդարացնելու համար, ամբողջ մեղքը մյուսի վրա բարդի: Հենց հետաքննությունը դա է նշանակում. ի վերջո, մեր հասարակությունը պետք է օբյեկտիվ պատկեր ստանա՝ ով ինչ է արել, ինչ չափով է մեղավոր այս ողբերգական հետեւանքների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել