Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասպարեզի» նախագահը խեղճացրեց վկաներին

Մայիս 07,2008 00:00

\"\"Նախորդ օրը Շիրակի մարզի վարչական դատարանում քննվում էր ոստիկանների ներկայացրած վարչական հայցը

ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակում ժողովրդին հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Եվ քանի որ նա գտնում է, որ սա սարքած գործ է, դատարանում հանդես էր եկել հակընդդեմ հայցով: Նրա մեկնաբանելով. «Ես գնացել եմ այնտեղ զբոսնելու, սակայն փոխոստիկանապետ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը ինձ հրել է, հայցը կազմվել է սուտ հիմքերի վրա, եւ ես պնդում եմ, որ սահմանափակվել է իմ քաղաքացիական, լրագրողական իրավունքը, ես մասնագիտական գործունեությունս խոչընդոտելու համար դատախազություն չեմ դիմել, հույս ունենալով, որ հարցերը կլուծվեն դատարանում»: Դատական նիստի ժամանակ Լեւոն Բարսեղյանը իր դեմ ցուցմունք գրած ոստիկաններից՝ օպեր-լիազորներ Հրայր Քալաշյանից եւ Խաչատուր Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք ականատե՞ս են եղել Գյումրիում կազմակերպված հանրահավաքին, եւ առհասարակ՝ ի՞նչ է հանրահավաքը նրանց պատկերացմամբ:

Ոստիկանության օպեր-լիազոր Հրայր Քալաշյանը հպարտ-հպարտ պատասխանեց. «Ոչ, ես հանրահավաքի նախաբանն եմ տեսել, իսկ հանրահավաքը այն է, երբ մարդիկ հավաքվում են»: «Ըստ ձեր սահմանման՝ ստացվում է, որ Գյումրիում այնքան հանրահավաք է տեղի ունենում, որքան մեռել են թաղում»,- շշպռեց Լեւոն Բարսեղյանը: Նաեւ հարցրեց. «Եթե ես թատերական հրապարակում կանգնեի ու հավաքվածների համար բարձրաձայն ընթերցեի Սահմանադրության 27, 28, 29 կետերը, ըստ ձեզ՝ դա օրինակա՞ն կլիներ, թե՞ ոչ»: Նույն վկան խեղճացավ՝ սկզբում պատասխանելով, թե դա գովելի կլիներ, այնուհետեւ ասաց, թե նայած Սահմանադրության որ հոդվածն է ընթերցում: Ոստիկաններից յուրաքանչյուրի գրած ցուցմունքի մեջ զավեշտալին այն էր, որ «ես» բառի փոխարեն օգտագործված էր «մենք» բառը: Պարզվեց, որ ցուցմունք գրած օպեր-լիազորները ոչ մի օրինական պահանջ չէին ներկայացրել Լեւոն Բարսեղյանին եւ իրականում փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանի գործողություններն էին իրենց վերագրել:

Վկաները նաեւ չկարողացան ապացուցել, որ Լեւոն Բարսեղյանը դիմադրություն է ցույց տվել ու ոստիկանության մեքենան չի նստել: Որպես վկա ներկայացել էր նաեւ փոխոստիկանապետ Վ. Հարությունյանը, որը թատերական հրապարակում վիրավորել էր Լեւոն Բարսեղյանին՝ նրան հրելով, օձիքից քաշելով: Վերջինս, ի դեպ, այդքան ազնվություն ունեցավ, որ խոստովանեց Լ. Բարսեղյանին հրելը:

Փաստորեն Գյումրիում ոչ մի հանրահավաք տեղի չի ունեցել, եւ ոստիկանությունը վարչական գործ հարուցել է այն ենթադրության հիման վրա, թե կարող էր «չիրազեկված» հանրահավաք լինել: «Ասպարեզ» ակումբի նախագահը լրագրողների հետ զրույցում փոխանցեց. «Ես քաղաքացիներին ձեռքի շարժմամբ կանչել եմ, թե մոտեցեք՝ իրար երես տեսնենք, բայց ոստիկանությունը ծաղկեցրել-դարձրել է, թե ես էդ շարժումը արել եմ՝ հանրահավաքի կոչ անելով: Միաժամանակ չկարողացան ապացուցել, որ իմ այդ կոչերը անօրինական են: Ոստիկանությունը շարունակում է իր արատավոր գործելաոճը, իրենց թվում է, թե այն, ինչ իրենց թվում է, դա է օրինական: Անեկդոտ է սրանց վարչական գործը: Ես խոստանում եմ դատարանից վերցնել իմ եւ ոստիկանության հարց ու պատասխանը, որ կլինի տարվա հիթը, կտեսնենք, թե ինչպես է ոստիկանությունը պատասխանում մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել