Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԺԻՐԱՅՐՆ ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է»

Մայիս 07,2008 00:00

\"\"Երեկ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հավելելով, որ չի ծափահարում նրա հանդեպ կատարվող գործողությունների հեղինակներին:

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպիչ եւ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը նկատեց. «Հայ ժողովրդի համար մայիսն ունի ինքնության պահպանման խորհուրդ: Ամենակարեւորը՝ այն մեզ տվել է պետականություն»: Ա. Տեր-Թադեւոսյանից ուսանողները հետաքրքրվեցին, թե Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիները ցանկացե՞լ են այն ետ վերցնել: Գեներալ-մայորը պատասխանեց. «Նրանք որոշում ունեին, որ անպայման Շուշին պիտի ետ վերցնեն: Այն ժամանակ Բաքուն ասում էր, թե այսօր-վաղը այն իբր կազատագրեն: Իրականում մայիսի 10-11-ին ավելի ուժեղ գործողություններ են եղել Ղարաբաղում, չնայած դրանց մասին ոչ ոք չի գրում»: Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե այսօրվա երիտասարդների մեջ կա՞ն պոտենցիալ հերոսներ, թե՞ նրանք հիմա ամեն ինչին թեթեւ են նայում: Ղարաբաղյան պատերազմի հերոսը պատասխանեց. «Հայրերի եւ որդիների խնդիրը միշտ էլ եղել է: Մեծերը նայում են ջահելներին՝ ասելով, թե իրենք ավելի լուրջ են եղել, բայց երեխաները ծնողներից ավելի ուժեղ եւ մարտունակ են եւ հասկանում են, թե ինչ է այս երկիրը: Կամ՝ մեկ-մեկ ասում են, թե մեր ջահելությունը փախչում է երկրից: Տվեք նրանց աշխատանք, հնարավորություններ, եւ նրանք կմնան երկրում»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե այժմ խոսում ենք միայն հաղթանակից, սակայն քիչ է խոսվում այդ հաղթանակը ձեռք բերած հերոսների մասին, Ա. Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Կան հազարավոր հերոսներ, որոնց անունը նույնիսկ չենք տալիս: Կան մարդիկ, որոնք այնպիսի հերոսություն են արել, որ իրականում նրանց մասին պիտի պատմենք: Օրինակ՝ ես մի քիչ ամոթ եմ անում իմ մարտական ընկերների մոտ: Այն օրը Արարատի մարզից 2 հոգի էին եկել՝ ասելով, թե եղել են Շուշիի ազատագրման ջոկատի մեջ, բայց իրենց մեդալ չեն տվել: Պետք է այդ տղերքի մասին պատմել, նրանց ներկայացնել»: Հետո էլ հետաքրքրվեցինք, թե գեներալ-մայորն ի՞նչ է մտածում «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի ազատագրման գործողություններին մասնակցած Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկված լինելու մասին. «Սեֆիլյանն իմ մարտական ընկերն է, իր հետ ես մտերիմ եմ: Զինվորականները պիտի իրենց հարցերով զբաղվեն, քաղաքական գործիչները՝ իրենց: Այժմ մի քիչ խառնում են այդ հարցերը եւ սկսվում են պրոբլեմները: Մենք արյուն ենք թափել այդ հողի վրա, դա մեր հողն է, որը պիտի պաշտպանենք: Բայց կան պետական հարցեր, միջազգային քաղաքականություն: Դա արդեն քաղաքական գործիչների գործն է: Իհարկե, ես ծափ չեմ տալիս նրանց կատարածին, լռում եմ»:

«Առավոտը» հերոսներին արժանավայել կերպով ներկայացնելու մասին հարցը փոխանցեց նաեւ Պարույր Հայրիկյանին: Նա պատասխանեց. «Ընդհանրապես, նրանց ներկայացնելու համար պիտի այդ արժեքային համակարգում ապրես տեւականորեն: Բայց քանի որ արժեքային համակարգերը բավականին փոխված են, ձեր նշած մարդկանց մասին խոսելը անհարմարություն է ստեղծում… Իսկ Ժիրայր Սեֆիլյանի հարցը այլ է: Նա դասական իմաստով քաղաքական կալանավոր է: Դա ոչ միայն մեզ պատիվ չի բերում, այլեւ մեր խայտառակությունն է, էլ չեմ խոսում մարդկային պարտավորության եւ ուրիշ զգացումների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել