Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնօրենն ու գեղղեկավարը համախոհներ են»

Մայիս 07,2008 00:00

\"\"Չեխական փորձն է ներկայացնում ճանաչված դաշնակահար Յան Սիմոնը

Առաջին անգամ Հայաստանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մայիսի 8-ին հանդես կգա չեխ վիրտուոզ դաշնակահար (եվրոպական մամուլի գնահատմամբ) Յան Սիմոնը, կատարելով Սեն-Սանսի դաշնամուրի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):

«Առավոտի» հանդիպումը արվեստագետի հետ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք կապվում են հայաստանյան մշակութային կառավարման խնդիրներին: Քանիցս անդրադարձել ենք եվրոպական մշակութային կենտրոն դարձնելու կառավարման մոդելները մեր երկիր «տեղափոխելու» խնդրին: Հիշեցնենք, որ խոսակցությունների, մտահոգությունների առանցքում անընդհատ հոլովում ենք գեղարվեստական ղեկավար-տնօրեն հարաբերությունների հարցը, շատ հաճախ դիլետանտորեն պնդելով, որ ՊՈԱԿ կոչվածը բացառում է գեղարվեստական լիդերությունը:

Տեղեկացնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետություններից Հայաստանն առաջին երկիրն է, ուր Յան Սիմոնը եկել է համերգային այցով:

Տեղեկանալով, որ դաշնակահարը նաեւ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գործադիր տնօրենն է, հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ իր եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնները միանձնյա ղեկավարելը: Յան Սիմոնը հայտնեց, որ ինքը՝ որպես Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գործադիր տնօրեն, նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Վալեկը համախոհներ են: «Մենք երկուսով ենք քննարկում նվագախմբի ինչպես գեղարվեստական, այնպես էլ ադմինիստրատիվ հարցերը: Ինչ խոսք, ես պատասխանատու եմ համերգաշրջանի ծրագրերի համար եւ, իհարկե, միեւնույն ժամանակ՝ ֆինանսական մասով: Քանի որ մեր եւ ձեր երկրները համեմատաբար նոր են սոցիալիզմից անցել կապիտալիզմի, կարծում եմ, ֆինանսավորման հարցը նույն վիճակում է: Օրինակ, մեր նվագախմբի միջոցների 80%-ը հոգում է պետությունը: Մենք ռադիոյի կոլեկտիվ ենք, միջոցները գոյանում են ռադիոյի համար մուծվող վճարներից, մնացած 20%-ի հարցերը լուծում ենք մենք»,- ասաց Յան Սիմոնը: Դաշնակահարը մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Շոպենի, թագուհի Էլիզաբեթի, Չայկովսկու: Քանի որ վերջին տարիներին «Առավոտի» հետ զրուցած երաժիշտներից շատերը թերահավատորեն են տրամադրված մեր օրերում հիմնված մրցույթներին, ցանկացանք լսել Յան Սիմոնի կարծիքը: «Ասեմ, որ ես մրցույթներ չեմ սիրում: Օրինակ, երբ թագուհի Էլիզաբեթի մրցույթին շահեցի գլխավոր մրցանակը (Բրյուսել, 1991թ.) լրագրողներն ինձ հարցրին, թե որքա՞ն հպարտ եմ, պատասխանեցի, որ մրցանակը ընդամենը հաճելի է ինձ: Կարծում եմ, որ եթե ժյուրին ընդամենը մի քանի անդամով ավելի լիներ, հնարավոր է, որ ես ոչ թե գլխավոր մրցանակ չստանայի, այլ ընդհանրապես ուշադրության չարժանանայի: Չէ՞ որ ժյուրիի ցանկացած անդամ իր մոտեցումը, ճաշակն ու համակրանքն ունի: Չեմ բացառում, որ այդ մրցույթի մասնակից 140 երաժիշտների թվում գոնե 40-ը, որոնք այդպես էլ չնկատվեցին, բարձրակարգ երաժիշտներ էին»,- նշեց դաշնակահարը: Ըստ նրա, մրցույթ հասկացությունը այսօր ընդգրկել է ոչ միայն մշակութային ոլորտը, այլեւ սոցիալականը, գյուղատնտեսականը եւ այլն. «Ծանոթ լինելով հայաստանյան Խաչատրյանական միջազգային մրցույթին, ասեմ, որ թեեւ մեր օրերում մրցույթները իմաստազրկվել են, այդուհանդերձ, կան որոշ մրցույթներ, որոնց անցկացումը ավելորդ չէ: Հայաստանի դեպքում՝ իրոք իմաստ կա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ անցկացնելը՝ ձեր հանճարեղ կոմպոզիտորի անունը անընդհատ հնչեցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել