Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Մայիս 07,2008 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ հայկական տպագրության ստեղծման մասին

2008թ. ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գրավոր հարց-առաջարկությամբ դիմել է կառավարությանը՝ պետականորեն նշելու հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը:

Ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ կառավարությունը դրական վերաբերմունք է արտահայտել պատգամավորի առաջարկության վերաբերյալ: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ:

– Պրն Դալլաքյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր առաջարկության հրատապությունը:

– Մաշտոցյան գրերին հաջորդած մշակութային երկրորդ մեծ սխրանքը հայկական տպագրության սաեղծումն էր: 1512 թվականին Վենետիկում ստեղծվեց առաջին հայկական տպարանը, որը 16-րդ դարի հայ մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունն էր: Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր, որը ժամանակին հրատարակել է վեց գիրք: Հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք», լույս է տեսել Վենետիկում, 1512 թվականին։ Այն մասամբ հոգեւոր, մասամբ աշխարհիկ գիրք էր, որը, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես հոգեւոր աղոթքներ: Այդ ժամանակաշրջանում հայկական տպարաններ էին գործում Վենետիկում, Փարիզում, Կ. Պոլսում, Հռոմում, Բեռլինում: Հայաստանում առաջին տպարանը ստեղծվել է Էջմիածնում, 1771 թվականին: Պետականությունից զրկված հայ ժողովրդի կողմից 1512 թվականին ազգային գրատպության հիմնադրումը բացառիկ երեւույթ էր: Պետականություն ունեցող բազմաթիվ հայտնի ազգեր սեփական տպագրություն հիմնելու փորձ անգամ չարեցին այդ հարյուրամյակում եւ ազգային լեզվով տպագրություն ունեցան ավելի ուշ։ Ներկայումս աշխարհի 22 երկրներում գործում են հայկական տպարաններ: Պետականության բացակայության պայմաններում՝ 1512 թվականից մինչեւ 1918 թվականը տպագրվել է ավելի քան 20.000 անուն հայկական գիրք, որոնցից 1512-1800թթ. լույս է տեսել 1095 անուն հնատիպ գիրք: Քաղաքակրթության պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ է եւ եւս մեկ անգամ վկայում է հայ ժողովրդի ինտելեկտուալ եւ մշակութային ազգ լինելու մասին: 2012 թվականին լրանում է հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը, որը պետականորեն նշելը հայության սրբազան պարտքն է: Այդ հոբելյանը վերստին լուրջ հնարավորություն է տալիս պատշաճ ձեւով ներկայացնելու մեր ազգը, տեսակը՝ քաղաքակիրթ աշխարհին:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց այսօր այդ հարցը բարձրացնելու անհրաժեշտությունը:

– Առջեւում սպասվում է հսկայածավալ աշխատանք, ուստի անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը պետականորեն եւ մեծ շուքով նշելուն: Այդ նպատակով կառավարությանն առաջարկել եմ գործունեության հետեւյալ ծրագիրը.

2008 թվականին ձեւավորել հայկական տպագրության ստեղծման 500-ամյակի աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողով՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, մշակել կառավարական հանձնաժողովի 2008-2012 թթ. գործունեության ծրագիրը եւ կազմել համապատասխան ժամանակացույց, անցկացնել կառավարական հանձնաժողովի գործունեության ծրագրի շնորհանդես, որի ընթացքում էլ ներկայացնել այդ ծրագրի նպատակների ու խնդիրների վերաբերյալ բուկլետ, Հայաստանում գտնվող գրադարանների բազայի հիման վրա ստեղծել հնատիպ գրքերի պետական ինստիտուտ-թանգարան, հրատարակել նկարազարդ երկհատոր գիրք՝ 1512-1917 թթ. եւ 1918-2012 թթ.՝ նվիրված հայկական տպագրության պատմության 500-ամյակին, Հայաստանում եւ արտերկրներում կազմակերպել հայերեն տպագիր գրքերի ցուցահանդեսներ, վերահրատարակել առանձնակի արժեք ունեցող հնատիպ գրքեր, նաեւ հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ռւրբաթագիրքը» եւ հայ ժողովրդի կերպարը մարմնավորող «Սասունցի Դավիթ» էպոսը, կապեր հաստատել արտասահմանյան այն քաղաքների հետ, որտեղ ժամանակին գործել կամ ներկայումս գործում են հայկական տպարաններ եւ իրականացնել որոշակիորեն ծրագրված փոխայցելություններ, այդ նպատակով համապատասխան քաղաքների հետ ստեղծել «Քաղաքների ասոցիացիա»: Ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացնել հայկական տպագրության պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացնել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված արտերկրների դեսպանների եւ արտերկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ, սահմանել հուշամեդալներ՝ «Հայկական տպագրությունը 500 տարեկան է», «Հակոբ Մեղապարտ- հայկական տպագրության հիմնադիր», կազմակերպել հայկական տպագրության պատմությանը նվիրված ցուցահանդես, մշակել եւ իրականացնել առանձին ծրագրեր Սփյուռքի հայկական համայնքների, արտերկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ իրականացնել համապատասխան ծրագիր, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանել հուշադրամ «Հայկական տպագրություն 1512-2012 թթ.» եւ «Հակոբ Մեղապարտ- հայկական տպագրության հիմնադիր»: Տպագրել նամականիշ «Հայկական տպագրություն 1512-2012»: ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպել շարադրությունների հանրապետական մրցույթ՝ «Հայկական տպագրությունը 500 տարեկան է» թեմայով, մշակույթի նախարարության հետ համատեղ՝ նկարչության եւ քանդակագործության հանրապետական ցուցահանդես, երաժշտական փառատոներ, Երեւանում եւ ՀՀ մարզերում՝ մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայկական տպագրության 500-ամյակին: 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, Երեւանում անցկացնել հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Երեւանում, օրինակ, Հանրապետության հրապարակում կանգնեցնել կոթող, որը որպես եռամիասնություն կմարմնավորի եւ կխորհրդանշի հայ ժողովրդի քաղաքակրթական 3 սխրագործությունները՝ քրիստոնեության պետականորեն ընդունումը, մաշտոցյան գրերի գյուտը եւ մեղապարտյան հայկական տպագրության ստեղծումը:

Հավելեմ, որ սույն առաջարկությունները նախապատրաստվել են Մհեր Գյուլումյանի հետ:

– Դուք առաջարկել եք, որ հոբելյանական հանձնաժողովը ղեկավարի հանրապետության նախագահը: Ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը:

– Հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը պետականորեն նշելու հարցը ես հանգամանորեն քննարկել եմ հանրապետության նախագահի հետ։ Նրա վերաբերմունքը միանգամայն դրական է եւ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը կգլխավորի համապատասխան հանձնաժողովը: Ողջունելի են նաեւ մշակույթի, ԿԳ, ԱԳ եւ տարածքային կառավարման նախարարությունների ու ԿԲ-ի դրական արձագանքները մեր նախաձեռնության վերաբերյալ: Ամեն ինչ պետք է անել, որ տպագրության ստեղծման հոբելյանը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում եւ նշվի որպես միջազգային նշանակություն ունեցող երեւույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել