Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն այցելեց «Բյուրակն» համալիր

Մայիս 07,2008 00:00

\"\"Եվ պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին չուղարկել արտասահման սովորելու

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց «Բյուրակն» կրթահամալիր: «Առավոտը» դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր, որ այս կրթօջախը սովորական հանրակրթական դպրոցներից տարբերվում է ուսման մեթոդներով ու աշխատաոճով. «Բյուրակնի» ամեն մի աշակերտ յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով, եւ ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են բոլոր աշակերտները: Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլեւ սովորեցնող, այստեղ սովորեցնելով ուրիշներին, սովորում են նաեւ իրենք: Հինգ տարվա պատմություն ունեցող «Բյուրակնի» առանձնահատկություններից է նաեւ այն, որ պետական ուսումնական ծրագրով նախատեսված նյութը աշակերտները յուրացնում են դպրոցում՝ ուսումնական գործընթացի ժամանակ, իսկ տնային աշխատանքներ, որպես այդպիսին, չկան: Կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում օտար լեզուների խորացված ուսուցմանն ու այլ լեզվական միջավայրից եկած աշակերտներին էլ հնարավորություն է տրվում շարունակել ուսումը իրենց իմացած լեզվով: Աշակերտներին նաեւ ուսուցանվում է պար, երգ, շախմատ եւ այլն: Տնօրենի խոսքերով, հարգվում է աշակերտի արժանապատվությունն ու վերջինս զերծ է ֆիզիկական եւ հոգեբանական հարկադրանքից: Վ. Ղազարյանը նաեւ հավաստիացրեց, որ իրենց դպրոցում երեխաների մոտ չիմացած բան երբեք չի կուտակվում, ինչը, ըստ նրա, մյուս դպրոցների մեծագույն խնդիրն է. «Յուրաքանչյուր երեխայի հատկացվում է անհրաժեշտ ժամանակ, որքան հարկավոր է տվյալ թեման յուրացնելու համար»: Տնօրենի ձեւակերպմամբ, այնպես, ինչպես «Բյուրակն» է կազմակերպել ուսումնական պրոցեսը՝ դժվար է. «Անհրաժեշտ է բարձրակարգ եւ զանազան հմտությունների տիրապետող ուսուցիչների թիմ ունենալ: Արդեն չորս տարի անընդմեջ մեր ուսուցիչների վերապատրաստման հարցերով լրջագույն աշխատանքներ ենք տանում: Արդյունքում՝ ձեւավորվել է ուսուցիչների հիմնական կորիզը»: ԿԳ նախարարի խոսքերով, այս կրթահամալիրում փորձարկված նոր մեթոդիկան կարող է օգտակար լինել շրջաններում՝ փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների համար. «Հայաստանի պրոբլեմն այն է, որ 1400 դպրոցներից 600-ը ունեն 300-ից քիչ աշակերտներ, իսկ 100 դպրոցներում աշակերտների թիվը 100-ից էլ պակաս է: Այս պարագայում առաջանում է երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների խնդիրը, ինչն էլ պահանջում է նոր մեթոդիկա: Այսօր աշխարհում մեծ զարգացում է ապրում ոչ տրադիցիոն դպրոց հասկացությունը»: Լ. Մկրտչյանի փոխանցմամբ, լեռնային գոտիների 100-ից պակաս աշակերտներ ունեցող դպրոցներում խնդիրը մեթոդիկան է, իսկ այն դպրոցներում էլ, որտեղ երեխաների թիվը հասնում է 300-ի, կա ուսուցիչների պակաս:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է նախարարը վերաբերվում այն երեւույթին, որ ինչ-ինչ կազմակերպություններ իրենց իրավունք են վերապահում փորձարկումներ անցկացնել դպրոցներում՝ անընդհատ սթրեսի ու քննական դողի մեջ պահելով երեխաներին: «Դրանք պարտադիր չեն: Այն երեխաները, ովքեր չեն ցանկանում՝ չեն մասնակցում: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա վատ բան չէ, որովհետեւ որոշ կազմակերպություններ երեխաներին նախապատրաստում են: Մենք ինքներս էլ նախատեսել ենք՝ երեխաներին աստիճանաբար նախապատրաստել: Իմ կարծիքով, եթե դպրոցներում ուղեցույցներ մտնեն, փորձարկումներ կատարվեն, դա վատ չի երեխաների համար: Այդկերպ նրանց հոգեբանորեն պատրաստում ես քննությանը: Երեխաները սթրեսի չեն ենթարկվի, որովհետեւ դրանց արդյունքները որեւէ կերպ չեն հաշվառվում, դրանք չեն ազդում նրանց քառորդների վրա»,- պատասխանեց նախարարը, չուզենալով «նեղացնել», օրինակ, «Թեստմետր» կազմակերպությանն ու նրա ներկայացուցիչ, իր ընկեր Ռուբեն Թոփչյանին: «Առավոտի» մյուս հարցին էլ, թե ինչ խորհուրդ կտա այն պաշտոնյաներին, որոնք մտադիր են իրենց դպրոցահասակ երեխաներին ուղարկել արտասահման սովորելու, Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Մինչեւ բակալավրական կրթությունը ներառյալ՝ Հայաստանը նորմալ կրթություն է տալիս: Դպրոցը նախ եւ առաջ կենսակերպ է ու աշխարհընկալում: Այն դպրոցները, որտեղ ուղարկում են, երանի կտան մեր դպրոցներին՝ գոնե երկու հիմնական առավելություններով՝ հայաստանյան դպրոցներում գոյություն չունեն թմրանյութեր եւ սեքսուալ ոտնձգություններ: Հայաստանյան դպրոցներում երեխաները մեծանում են իբրեւ քույր եւ եղբայր: Եվ եթե սեր է առաջանում, ապա դա լինում է մաքուր: Սա մեր կրթական համակարգի ձեռքբերումներից է, որը կապ ունի ժողովրդի մենթալիտետի, ընտանիքի ու մեր ընկալման հետ: Օրինակ՝ ես, որոշակի հնարավորություն ունեմ իմ երեխային ուղարկելու արտասահման, բայց դա չեմ անի: Թող չորս տարի նա իր հայրենիքում ստանա մասնագիտական կրթությունը, որից հետո, եթե կարիք կունենա զարգացնել այն, թող շարունակի արտերկրում: Ես որպես կրթության նախարար, նաեւ խորհուրդ կտամ երեխաներին էլիտար դպրոցներում չփակել, այլ ուղարկել սովորական դպրոց: Ի վերջո, հանրակրթության մեջ հավասարության սկզբունքը շատ կարեւոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել