Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Մայիս 07,2008 00:00

Անտեսելով ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ դատարանները շարունակում են «դակել» նախաքննության մարմնի միջնորդությունները:

Տեղեկացրել ենք, որ մայիսի 4-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը: Ինքը՝ մարտի 11-ից կալանավորված ու «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գրիգոր Ոսկերչյանը հայտարարությամբ հրաժարվել էր մասնակցել դատաքննությանը՝ գրավոր մասնավորապես փաստարկելով. «Անիմաստ եմ համարում իմ մասնակցությունը մի դատական պրոցեսի, որտեղ ամեն ինչ նախապես որոշված է, եւ ըստ էության՝ արդարադատություն չի իրականացվում»:

Սակայն կարող էր թվալ, թե ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձեւից հետո, որի կետերից մեկն է՝ «Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է այն փաստը, որ դատարանները, ըստ երեւույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները՝ հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով», առնվազն պիտի անցկացված լիներ պատշաճ քննություն: Ուստի Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փաստարկներով դատարանը հիմնավորեց Աբովյանի նախկին քաղաքապետին եւս 2 ամիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: «Ոչ մի փաստարկով,- պատասխանեց փաստաբանը:- Նախաքննության մարմինը Գրիգոր Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կապակցությամբ որեւէ հիմնավոր ապացույց չներկայացրեց եւ ընդհանրապես՝ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ չներկայացրեց ոչ մի ապացույց: Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ դեկլարատիվ հայտարարությունների հիմքով: Ոչինչ ասված չէր՝ պարզապես նախաքննության մարմինը պնդում էր, թե բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, պետք է կատարվեն առերեսումներ, իսկ դրանից հետո կծագի լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, դրա համար էլ պետք է եւս երկու ամիս ժամկետ: Ես դատարանին միջնորդեցի, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 1, 2, 3 կետերի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացվեն ապացույցներ, բայց նախաքննության մարմինը փորձ չարեց առաջադրված մեղադրանքը հիմնավորելու, իսկ դատարանը, որը պարտավոր էր ապացույցներ պահանջել՝ չպահանջեց: Ես միջնորդեցի հարգել Ոսկերչյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրները եւ նրա նկատմամբ գոնե ընտրել այլընտրանքային խափանման միջոց, հաշվի առնել այն, որ տարել է թոքի ինֆարկտ եւ տվյալ պարագայում անհրաժեշտ է լուրջ հետազոտություններ ու բուժում: Դատավորը մերժեց նաեւ դա՝ պատճառաբանելով, թե ես մայիսի 4-ին դատարան չեմ ներկայացրել Ոսկերչյանի առողջությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ: Իսկ նախկինում՝ 2 ամիս առաջ ներկայացրած փաստաթղթերը չգնահատեց որպես ապացույց: Դարձյալ չհարգվեց իմ միջնորդությունը՝ կապված նրա անձի բնութագրի, հասարակության մեջ ունեցած դիրքի, նախկինում զբաղեցրած պաշտոնների հետ, նաեւ այն, որ զբաղվել է գիտական աշխատանքով»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ վերոհիշյալ բանաձեւի պահանջներից է. «Այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»: Որեւէ ապացույց չկա, թե Գրիգոր Ոսկերչյանը անձնապես մասնակցել է որեւէ բռնության: Նրա պաշտպանն ասաց, թե իր միջնորդության մեջ հիշատակել է նաեւ ԵԽԽՎ բանաձեւի պահանջները. «Ես կոնկրետ պահանջ դրեցի. եթե Գրիգոր Ոսկերչյանը կատարել է հանցավոր արարք, ապա ներկայացրեք որեւէ փաստ: Այդ ապացույցը չներկայացվեց: Ես պահանջեցի, որ եթե փաստ չեք ներկայացնում, ապա ապացուցեք, որ Ոսկերչյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի: Այս մի պահանջը մի քիչ ավելի զայրացուցիչ էր, ու կտրուկ մերժվեց: Մի խոսքով, դատարանը կայացրեց անհիմն որոշում, որի դեմ բողոք եմ բերելու վերաքննիչ դատարան: Թեեւ համոզված եմ, որ վերաքննիչ դատարանը նույնպես չի բավարարի իմ բողոքը»:

Մեր հարցին, թե ԵԽԽՎ բանաձեւից հետո փաստորեն որեւէ բան չի՞ փոխվել նախնական կալանքի միջնորդությունների քննության իմաստով՝ Հրանտ Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի փոխվել: Դատարանները շարունակում են մնալ իբրեւ դատախազության կցորդներ եւ կատարել նրանց բոլոր պահանջները: Դատարանը կաշկանդված է եւ ինքնուրույն որոշումներ չի կայացնում, ինչի ապացույցն էր նաեւ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել