Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանները «կատոկել» են

Մայիս 07,2008 00:00

Էլիտարաշինություն եզդիների պապենական գերեզմանոցի տարածքում

Նորքի այգիներում գտնվող եզդիների հին գերեզմանատունը վերջերս ավերվում եւ պղծվում է: Այս տարածքում բուռն դղյակաշինություն է ընթանում, ինչի հետեւանքով եզդիների գերեզմանոցը «արմատախիլ» է արվում եւ տեղանքն էլ ասֆալտապատվում է: Այս հանգամանքը հարուցել է Հայաստանում բնակվող եզդիների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում 62-ամյա Սուրիկ Ալոյանը պատմեց. «Արդեն 70 տարի ծնողներս, քույրս, հետո նաեւ որդիս թաղվել են եզդիների այս գերեզմանատանը, բայց հիմա նրանց շիրիմներից բան չի մնացել: Ինչ-որ անհայտ մարդիկ քանդում են գերեզմանները՝ տեղում տներ ու պարիսպներ են կառուցում, տարածքն ամբողջովին աղբանոցի են վերածել: Բա դրանք խիղճ ունե՞ն: Ո՛չ հարգանք կա, ո՛չ պատիվ, գերեզմաններն էլ չեն խնայում: Չգիտե՞ն, որ մի օր էլ իրենք են մեռնելու: Հայի հետ մենք ախպերներ ենք, ինչի՞ են իրենց խիղճը կորցրել»: Ըստ եզդիների, Նորքի այգիներում 100 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանատանը մոտ 50 եզդի է ամփոփված:

Եզդիների գերեզմանատուն մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ շիրիմների քարերը հանված եւ այս ու այն կողմ էին նետված: Գերեզմանատան որոշ հատված էլ ասֆալտապատվել է եւ ավտոմեքենաների համար ճանապարհ է ծառայում: Այդ ճանապարհը տանում է դեպի մի տուն, որի պարսպի հարեւանությամբ, եզդիների ներկայացմամբ, նույնպես գերեզմաններ են: «Պատկերացնո՞ւմ եք, ճանապարհը սարքել են հենց շիրիմների վրա: Թո՛ղ մի քիչ այն կողմ կառուցեին, որ մեր անցավորներին ու մեզ չնեղացնեին»,- ասաց Սուրիկ Ալոյանը: Ի պատասխան սրան, նշյալ տարածքի սեփականատեր Ավիկ Խաչատրյանը հերքեց, որ իր պարսպի մոտ գերեզմաններ են եղել: Նա ասաց, որ այդտեղ վաղուց այգի է եւ իրենք ոչ մի գերեզման էլ չեն քանդել:

Նկատենք, որ եզդիների գերեզմանատունը ցանկապատված չէր եւ անխնամ էր: Մեր հարցին, թե ինչո՞ւ է գերեզմանոցը եզդիների կողմից եւս անտերության մատնվել, Ս. Ալոյանն ասաց. «Այս շիրիմների ժառանգներից շատերը երկրից թողել-գնացել են, ինչ էլ ես անում եմ՝ կոտրում, ջարդում են»: Ս. Ալոյանը քաղաքային իշխանություններից պահանջեց, որպեսզի գերեզմանոցը վերականգնվի եւ նրանք, ովքեր մեղավոր են՝ պատժվեն: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ այս առնչությամբ ասաց. «Մենք նոր ենք իմացել, որ նման անմարդկային բան է կատարվել»: Եզդիների պրեզիդենտի գնահատմամբ՝ գերեզմանը պղծելը քրեորեն պատժելի է եւ պետք է այն լուծվի կառավարության մակարդակով: Իրավիճակը չկանխելու եւ գերեզմանոցը չվերանորոգելու դեպքում, եզդիների պրեզիդենտը կդիմի միջազգային դատարան. «Բայց առայժմ չենք ուզում այդ քայլին գնալ, կբավարարվենք կառավարության միջոցով հարցը կարգավորելով: Սխալը պետք է շտկվի»:

Եզդիների գերեզմանատունը գտնվում է Նորք-Մարաշ համայնքի ենթակայությամբ: Նորք-Մարաշի թաղապետի տեղակալ Սերգեյ Մկրտչյանը «Առավոտի» հարցից խիստ զարմացավ՝ լսելով գերեզմանոցի մասին, քանի որ, ըստ նրա՝ «Դրանք հին, անտեր գերեզմաններ են, որոնց վրա ոչ մի պարիսպ էլ կառուցված չէ: Այսքան ժամանակ մեզ ոչ ոք չի բողոքել: Թող գերեզմանների տերերը մեզ դիմեն, եւ մենք հարցը կկարգավորենք: Գերեզմանը մեզ համար սրբություն է, ինչպես կարելի է նրանց վրա ավտոճանապարհ կառուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել