Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ

Մայիս 07,2008 00:00

\"\"Կառավարության կողմից գազի սուբսիդիայի դադարեցման փաստը՝ շատ գազալցակայանների տերերի համար անգամ նախկինում էժան գնով ձեռք բերված գազը 700-800 դրամով թանկ վաճառելու առիթ է հանդիսացել:

Մայիսի 1-ից ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում ավելի քան 50%-ով թանկացել է գազի գինը: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա այսօր՝ 2 հազար դրամ: Նշենք, որ մեր հանրապետության ավտոտրանսպորտի գերակշիռ մասն աշխատում է գազով, հետեւապես գազի գնի այս աննախադեպ թանկացումն իր ուղղակի ազդեցությունը կունենա ուղեվարձի վրա: Օրերս այս մասին հայտարարեցին մայրաքաղաքում ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ու նաեւ տաքսի ծառայությունների տերերը: Վարորդների հավաստմամբ, ներկայիս պայմաններով իրենք կարող են աշխատել առավելագույնը 1 ամիս, որից հետո ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, քանի որ իրենք գազի թանկացման պատճառով այնքան քիչ եկամուտ են ունենում, որ նույնիսկ չի բավականացնում գծի օրվա պլանը մուծելու համար: Նրանք դժգոհում են նաեւ, որ «գծի տերերին այլ բան չի հետաքրքրում, նրանք միայն իրենց վրա դրած պլանն են պահանջում»: «Այսպես շարունակվելու դեպքում մենք պարզապես կդադարենք աշխատել, քանի որ օրվա մեջ 1 կամ 2 անգամ անհամեմատ թանկ գնով գազ ենք լցնում, հետո էլ եղած գումարից պլան ենք մուծում, ու ամբողջ օրն աշխատելուց հետո երեկոյան հազիվ 1000-2000 դրամ փող ենք տուն տանում»,- դժգոհեցին «Առավոտին» դիմած վարորդները:

Բացի այդ, վարորդների խոսքերով, գծատերերը նրանց հրահանգել են առայժմ այս պայմաններին հարմարվել ու ուղեվարձի թանկացման մասին չմտածել: Նշենք, որ գծատերերն էլ «առայժմ համբերելու» հրահանգ են ստացել «վերեւներից», քանի որ օրերս փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ տրանսպորտային թանկացումների մասին հարցը քննարկվում է կառավարական շրջանակներում: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ ուղեվարձերի թանկացման պատճառներն ու հիմնավորումները ուսումնասիրելու համար օրերս տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Ու մինչ նորաստեղծ աշխատանքային խումբը կփորձի ուսումնասիրություններ ու եզրահանգումներ անել, մայրաքաղաքի եւ մարզերի հասարակական տրանսպորտի մի քանի գծատերեր, առանց որոշումների ու հրահանգների սպասելու, արդեն ուղեվարձը թանկացրել են: Մասնավորապես՝ երեկ թիվ 205 երթուղու ուղեւորներն «Առավոտին» դժգոհեցին, որ վարորդներն իրենցից նախկին 100-ի փոխարեն 150 դրամ են պահանջել: Ուղեվարձի գինը թանկացրել են նաեւ մայրաքաղաքի մի քանի տաքսի ծառայություններ՝ 1 կիլոմետրի համար գանձվող 100 դրամի փոխարեն այսօր արդեն պահանջելով 130-150 դրամ, իսկ նվազագույն վարձավճարը 500 դրամից դարձել է հազար դրամ:

Երեկվանից հասարակական տրանսպորտի ուղեվարձերը թանկացել են նաեւ հանրապետության որոշ մարզերում: Մասնավորապես՝ Գյումրիի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 50 դրամով: Ավտոբուսով երթեւեկելու արժեքը, որը մինչ այսօր 50 դրամ էր, դարձել է 100, իսկ երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից դարձել է 150 դրամ:

Աբովյանի մեկ տասնյակից ավելի տաքսի ծառայությունների տնօրեններ երեկ եւս որոշել են 1 կիլոմետրի համար գանձվող գումարը 100 դրամով թանկացնել:

Նկատենք, սակայն, որ գազի գնի թանկացումն առաջին հերթին կանդրադառնա հասարակական տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների եւ ապա նաեւ վարորդների վրա, քանի որ քաղաքացիները ստիպված կլինեն 50-100 դրամ ավելի վճարել, իսկ վարորդներն էլ անհամեմատ քիչ եկամուտ ունենալ, քանի որ երթուղայինների գազի լիցքավորումը կատարվում է իրենց հաշվին, իսկ գծատերերից որեւէ մեկը դժվար թե հրաժարվի օրվա եկամտի գոնե մի փոքր մասից եւ օրական միջինը 18-20 հազար դրամ պլանի փոխարեն վարորդներից մի քանի հազար դրամ պակաս վերցնի: Նկատենք նաեւ, որ մեր հանրապետությունում ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեծ մասը պատկանում է ԱԺ պատգամավորներին, օլիգարխներին ու մեծահարուստներին:

Չնայած կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ գազի գնի թանկացման պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը մայիսի 1-ից դադարեցրել է բնական գազի սուբսիդավորումը, մեր տեղեկություններով, հեղուկ գազի ներկայիս գնաճը հիմնավորված չէ, քանի որ գազալցակայանների տերերը գազը ձեռք են բերել այն գնով, ինչ նախկինում: Այսինքն, լցակայանների տերերը առիթը բաց չեն թողել նախկինում ձեռք բերված ու պահեստավորված գազը մայիսի 1-ից թանկ գնով վաճառելու ու լրացուցիչ գերշահույթներ ստանալու համար:

Մասնավորապես, հանրապետության գրեթե բոլոր մարզերում տեղակայված «Ա.Գ.Լ.Ճ.Կ» լցակայաններում մինչեւ ապրիլի 30-ը գազը վաճառվում էր 1300, իսկ արդեն մայիսի 1-ից՝ 2 հազար դրամով, ինչը նշանակում է, որ ապրիլի 30-ի երեկոյան լցակայաններում արդեն ոչ մի խորանարդ մետր գազ չի մնացել ու մայիս 1-ի առավոտյան ներկրվել է նոր ու թանկ գներով: Հեղուկ գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ օրերս վարույթ է հարուցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, «Հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ վերջին 2-3 օրերին, գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո, ավտոգազալցակայաններում գազի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, նախնական գնահատականներով՝ գազալցակայանների կողմից ձեռք բերված եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացում: Վարույթի ընթացքում կուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, տնտեսագիտական վերլուծության կենթարկվեն լիցքավորվող գազի գնի բարձրացման չափի հիմնավորվածությունը, «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի հնարավոր խախտման երեւույթները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել