ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երկխոսության մասին առաջարկներ է հնչեցրել. «Բաց տեքստով կոչ է արել առանց բացառության բոլոր ուժերին, սակայն մեր քաղաքական ընդդիմախոսները երկխոսելու փոխարեն ազգը բաժանեցին «տականքների» եւ յուրայինների: Ես չեմ ընդունում այն երկխոսությունը, որ պետք է գնաս, մարդկանց հետ խոսես, եթե նրանք քո կարծիքը չեն ընդունում՝ ասես, որ նրանք դավաճաններ են, եթե այդպես պիտի երկխոսենք, չի ստացվի: Ես, որպես երիտասարդ գործիչ, որը նոր է քայլեր անում քաղաքականության մեջ, ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ առաջին նախագահին, բայց մի բան պարզ է. չի կարելի ատելություն սերմանելով, ուսուցչի կերպար ստանձնելով՝ բոլորին դաս տալ, եւ չի կարելի, ի վերջո, մարդկանց պիտակավորել: Եվրոպան մինչ այդ կատարյալ էր, հենց եղավ Պրեսկոտի հայտարարությունը, որ ընտրությունները անցել են նորմալ, սկսեցին ասել՝ Եվրոպան սպառողական հասարակություն է, գաղափարախոսությունների ճգնաժամ է եւ այլն»: «Առավոտը» նկատեց, որ երբ թերթերի էջերում, հեռուստատեսությամբ ասում ես՝ եկեք երկխոսենք եւ հաջորդ քայլը չես անում, դա մնում է օդի մեջ: Ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց. «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ երկխոսության կոչերը եղել են օդում: Հստակ, հանրահավաքի ժամանակ, պարոն Սարգսյանը կոչ է արել երկխոսության: Հիմա գնդակը գտնվում է ընդդիմության կիսադաշտում: Ես մասնակցել եմ ՍԴ բոլոր նիստերին եւ որեւէ լուրջ հիմնավորում, որ ընտրությունները կեղծված են, ես չեմ լսել, հիմա օդում ո՞վ է խոսում»: