Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆանտաստիկ» մեղադրանք

Մայիս 07,2008 00:00

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը:

«Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ իրենք եւս միանում են ՆԺԿ նախագահի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով դրանց պատասխանները: Հիշեցնենք, որ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի կապին, ինչն էլ պատճառ դարձավ Ա. Կարապետյանի կալանավորմանը: «Գլխավոր դատախազությունն առնվազն պետք է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ նշած անձանց՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Վլադիմիր Բադալյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հրավիրի հարցաքննության: Թող պարզեին՝ այդ մարդիկ վիրավորվե՞լ են Արամ Կարապետյանի հայտարարություններից, թե՞ ոչ»,- «Առավոտին» իր կարծիքը մանրամասնեց ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Պրն Սարգսյանը հիշեցնում է, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ էր քննադատում այս իշխանություններին. «Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին որակեց դավաճան: Ա. Բաղդասարյանը մեկ տարի հետո հայտարարեց, որ իր նկատմամբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մահափորձ են կազմակերպել: Արդյունքում, Բաղդասարյանին տարան դատախազություն՝ ուժեղացրին նրա պաշտպանությունը, «Ջիպ» տվեցին: Հետո էլ որոշեցին, որ նա շատ լավ Անվտանգության խորհրդի քարտուղար է եւ պաշտոն տվեցին»: Երեկ ՆԺԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության ու քաղաքական դրդապատճառներին առնչվող քննարկման ժամանակ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը նաեւ կատակեց, թե մարդու իրավունքների միջազգային պրակտիկայում Հայաստանը նոր նորմ է մտցնելու՝ հարց տալու իրավունք:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հիշեցնում է, որ Մեղրիի շուրջ խոսակցություններ, ինչպես նաեւ որոշակի նախապատրաստություններ եղել են դեռեւս 2000 թվականից, եւ այն ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից: Հիշեցրեց, որ նաեւ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես չժխտեց, որ Մեղրիի վերաբերյալ տարբեր մոտեցումներ եղել են: Ուստի, Գ. Հարությունյանը փաստում է, որ այդ հարցերի պատասխաններն այսօր հուզում են բնակչության առնվազն 90 %-ին, եւ միանշանակ պնդում է, որ Ա. Կարապետյանի նկատմամբ մոտեցումը քաղաքական է: Արամ Կարապետյանի մեղադրանքը փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը համարում է «ֆանտաստիկ» եւ առայժմ չի պատկերացնում, թե մեղադրող կողմն այն ինչպես է դատարանում ապացուցելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել