Ասում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ վստահեցնում, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը:
– Մարտի 1-ի դեպքերից մի քանի ժամ առաջ դուք կանգնեցիք Սերժ Սարգսյանի կողքին, համատեղ հուշագիր ստորագրեցիք, հայտարարվեց, որ ղեկավարելու եք Անվտանգության խորհուրդը: Ինչո՞ւ ձեզ պաշտոնի նշանակեցին ուշացումով:
– Պատճառը հիմնավոր էր, քանի որ նախ՝ անհրաժեշտ էր ձեւավորել նոր կառավարություն եւ հաստատել նրա ծրագիրը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողքը կանգնելուն կամ աջակցելուն, ապա դա եղել է ոչ միայն իմ, այլեւ ողջ քաղաքական թիմի որոշումը՝ գնալու ոչ թե արկածախնդրության, այլ իրական բարեփոխումների եւ մեր նախընտրական ծրագրերը իրականացնելու ճանապարհով: Իմ կողմից այլ ճանապարհով գնալը նշանակելու էր անկանխատեսելի զարգացումներ, ավելի մեծ քանակի զոհեր եւ երկիրը ցնցումների տանել: Ես ընտրեցի ոչ թե ցնցումների, այլ համատեղ ուժերով երկիրը կառավարելու ճանապարհը: Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը բաց, հրապարակային փաստաթուղթ է: Մեջբերեմ մի հատված այդ համաձայնագրից. «Ողջունելով եւ համաձայնություն արտահայտելով ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ համատեղ գործակցելու պետության ռազմավարական ղեկավարման համակարգում եւ ստանձնելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական համագործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձեւաչափով՝ այլ համագործակից ուժերի հետ միասին՝ ի նպաստ երկրի եւ ժողովրդի զարգացման եւ անվտանգության»:
Սա է ճշմարտությունը, եւ մենք անելու ենք հնարավորը, որ թե այս եւ թե կոալիցիոն հռչակագրով նախատեսված մյուս դրույթները իրականություն դառնան:
– Ինչպիսի՞ լիազորություններ կամ կառուցվածք է ունենալու Հայաստանի Անվտանգության խորհուրդը:
– Այսօր այդ խնդիրը գտնվում է քննարկման ընթացակարգում: Ստորագրված հրամանագրին համապատասխան՝ ես մեկամսյա ժամկետում երկրի նախագահին կներկայացնեմ առաջարկություններ խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին: Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, քաջատեղյակ է այդ համակարգին, ավելին՝ գլխավորել է Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրի մշակման եւ ընդունման աշխատանքները: Երկրի նախագահը գտնում է, որ այն պետք է ունենա ծանրակշիռ դեր պետական իշխանության համակարգում եւ թերեւս հենց դա էլ նկատի է ունեցել իր հրապարակային ելույթում:
– Մարտի 1-ի դեպքերից հետո վստահությունն իշխանության նկատմամբ իսպառ բացակայում է: Ի վերջո, ո՞վ է իր վրա վերցնելու պատասխանատվությունը այդ իրադարձությունների համար:
– Մեր կարծիքով, պատասխանատվությունը կրում են նախ եւ առաջ այն ուժերը, ովքեր նպաստեցին եւ իրենց ագրեսիվ կեցվածքով հրահրեցին այդ իրադարձությունները, որովհետեւ 10 օր անծրագիր այդ մարդկանց հրապարակում պահելով՝ ոչ մի լավ բանի հասնել հնարավոր չէր: Բնականաբար, իշխանությունն էլ պատասխանատվության իր բաժինն ունի, եւ այդ մասին իր հրապարակային խոսքում նշել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության վերաբերյալ Ձեր դիտարկմանը, ապա համաձայն չեմ, որ Հայաստանում իշխանությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայություն կա: Ընդհակառակը՝ վերջին մի քանի օրերին ես մարդաշատ հանդիպումներ եմ ունեցել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ողջունում է մեր կոալիցիայի ձեւավորումը եւ ակնկալում է վճռորոշ քայլեր եւ բարեփոխումներ երկրում: Ապրիլի առաջին կեսին շուրջ 50 հազար բնակարաններում անցկացված դռնեդուռ ծրագրի արդյունքները նույնպես հենց այս մասին են խոսում: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում եւս իշխանության ցանկությունը մեկն է՝ հասնել խնդրի խաղաղ եւ արդյունավետ կարգավորման, եւ չեմ կարծում, թե շատ սրված ու արտառոց վիճակ ունենք այս առումով, եւ որ ընդհանրապես՝ մենք լավ հիմքեր ու հնարավորություններ ունենք հավակնոտ ծրագրեր նախանշելու եւ իրականացնելու համար, եւ վստահ եմ, որ դրանք կյանքի են կոչվելու: Մենք, որպես իշխանություն, զգում ենք մեր պատասխանատվությունը եւ հետեւողական ենք լինելու մեր քայլերում եւ գործողություններում:
– ԵԽԽՎ-ն բավականին կոնկրետ պահանջներ, առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, կարծում եք՝ կոալիցիան կկատարի՞ այդ պահանջները:
– Կոալիցիան հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ եւ անդրադարձել է ԵԽԽՎ-ի բանաձեւին: Ավելին, դուք տեղյակ եք՝ նախագահի հանձնարարությամբ ստեղծված է աշխատանքային խումբ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որն, ի դեպ, աշխատում է դինամիկ ռեժիմով եւ առաջիկայում կներկայացնի առավել կոնկրետ առաջարկություններ բանաձեւի պահանջները իրականացնելու համար: Բացի այդ, ասեմ, որ այն, ինչ որ նշված է այդ բանաձեւում, այդ մասին արդեն իսկ արձանագրված է թե Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ ստորագրված փաստաթղթում եւ թե կոալիցիոն համաձայնագրում: Գաղափարական կամ քաղաքական տարաձայնություն ԵԽԽՎ բանաձեւի եւ մեր կողմից ստորագրված փաստաթղթերի միջեւ չկա: Մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ հարաբերությունների հետագա խորացման, տրամադրված ենք խիստ գործնական ու կառուցողական աշխատանքի ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլ նաեւ մյուս եվրոպական կառույցների հետ: Թե Հայաստանի ներսում մեր ժողովուրդը եւ թե Հայաստանից դուրս միջազգային հանրությունը մեզանից գործնական քայլեր են ակնկալում, եւ մենք այն պետք է կատարենք: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բանաձեւին, ապա այնտեղ հիմնական պահանջ կա՝ փոխել երթերի եւ ցույցերի մասին օրենքը, ինչի շուրջ նախագիծն արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է, կատարել մարտյան դեպքերի անկախ հետաքննություն, ինչի շուրջ այժմ քննարկումներ տարվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, եւ վերջապես երրորդը՝ նախաձեռնել քաղաքական երկխոսություն: Երկխոսության համար կարեւորը ոչ միայն համապատասխան մթնոլորտի առկայությունն է, այլ նաեւ համապատասխան մեխանիզմների ստեղծումը: Կարծում եմ, առաջիկայում այս առումով եւս հետաքրքիր առաջընթաց կարող է գրանցվել: (ԵԽԽՎ-ի բանաձեւի թիվ մեկ պահանջը քաղաքական հայացքների համար կալանավորվածներին անհապաղ ազատ արձակելն է, որի մասին պարոն Բաղդասարյանը թերեւս մոռացավ նշել- Մ. Ե.)։ Հանրապետության նախագահի նախաձեռնությունը՝ հասարակական խորհուրդ ստեղծելու մասին, համոզված եմ՝ իրական հնարավորություն է երկխոսությունը կարեւորող ուժերի համար երկրի ղեկավարի մասնակցությամբ քննարկելու առկա բոլոր կնճռոտ խնդիրներն ու վիճահարույց հարցերը: Այլ խնդիր է, թե ով ինչպես կարձագանքի եւ ով է ցանկանում իրական երկխոսություն, իսկ ով այդ մասին խոսելով՝ նկատի ունի գուցե բոլորովին այլ բան: Ես կողմ եմ առողջ քաղաքական երկխոսությանը, առողջ քաղաքական բանավեճին, ինչն ի վերջո մեր երկրի առաջընթացի լավագույն գրավականներից է:
– Ընդդիմության եւ իշխանության միջեւ ինչպիսի՞ բանակցություններ եւ երկխոսություն եք պատկերացնում՝ այն դեպքում, երբ կողմերն իրար, մեղմ ասած, տանել չեն կարողանում:
– Գիտեք, եթե խոսվում է բանակցության կամ երկխոսության մասին, ապա պետք է ընդունենք մի պարզ ճշմարտություն, որ նախապայմաններով ոչ բանակցություններ են վարում, ոչ էլ երկխոսություն: Թեեւ հարցի կոնտեքստից փոքր-ինչ կտրված կարող է դիտարկվել, բայց, օրինակ, երկխոսության հաջողված դրսեւորում է Հայաստանի իշխանությունների հրապարակային դիրքորոշումը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ երկխոսություն իրականացնելու մասին: Իմ համոզմամբ, բանակցությունները եւ երկխոսությունները հենց նրա համար են, որ կողմերը նստեն եւ բաց ու շիտակ քննարկեն բոլոր վիճահարույց հարցերը: 2005-2006թթ., երբ ես ԱԺ նախագահ էի, եթե հիշում եք, ընդդիմությունը բոյկոտել էր ԱԺ աշխատանքները եւ միայն առանց նախապայմանների ու տեւական բանակցությունների միջոցով էր, որ ԱԺ-ում մենք կարողացանք մեր գործընկերների հետ գալ համաձայնության, որի արդյունքում նրանք ոչ միայն վերադարձան ԱԺ եւ մասնակցեցին նիստերին, այլ նաեւ միասնաբար նոր «Ընտրական օրենսգիրք» դրեցինք շրջանառության մեջ: Բայց այս կեցվածքը հնարավոր էր միայն առանց նախապայմանների բանակցելու պարագայում. չէ՞ որ հենց երկխոսության վերսկսումից հետո բանակցային գործընթացն ինքնըստինքյան բերում է երկու կողմերի համար եթե ոչ ամբողջական, ապա գոնե փոխընդունելի փոխզիջումների, որը շատ ավելի լավ է, քան անխոհեմ առճակատումը, որից, ի վերջո, տուժում է մեր հասարակությունը: Բացի այս, կարեւոր է ազգային խնդիրների նկատմամբ միասնական դիրքորոշման ցուցադրումը, ինչի դրսեւորման կոնկրետ օրինակ էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասը, որը նվիրված էր Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին եւ ԱՄՆ-ի Հազարամյակների ծրագրի ղեկավարությանը: Գլոբալ առումով, սակայն, իրավիճակն այլ է: Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի դարձավ, կրկին նախապայմաններ է առաջադրում, թե ինքը եւ թե նրան աջակից ԶԼՄ-ներից շատերը զբաղված են մարդկանց վարկաբեկելով ու անվանարկելով՝ խոսելով դատավորի դիրքերից եւ պահանջատիրական տոնով: Այս կեցվածքն իրոք անընդունելի է, որոշ դեպքերում՝ նաեւ դատապարտելի, ուստի՝ իմ համոզմամբ, այս հարցում միակ ընդունելի ճանապարհը քաղաքական առողջ երկխոսությունն է, իսկ տարակարծությունների պարագայում ոչ թե անձնական բնույթի անվանարկումները, որին, ի դեպ, միշտ էլ կարելի է շատ ավելի կոշտ արձագանքել, այլ քաղաքական սթափ բանավեճը, որից թե հասարակությունը կարող է համապատասխան եզրահանգումներ կատարել եւ թե քաղաքական ուժերը: