Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

Մայիս 07,2008 00:00

«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը

Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ մենք զրուցեցինք «Համաժողովրդական շարժման կենտրոնի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Նա տեղի ունեցած կալանավորումները բաժանեց երկու մասի՝ մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածների: Ըստ նրա, մինչեւ մարտի 1-ը կալանավորվածների դեմ քրգործերը սարքվել են փետրվարի 19-ից հետո՝ կա՛մ ընտրական պրոցեսների հետ կապված՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու, վստահված անձանց դեմ բռնություններ գործադրելու, կա՛մ այլ մեղադրանքներով, որոնք բոլոր դեպքերում ակնհայտորեն քաղաքական էին եւ շինծու. «Օրինակ՝ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի եւ Աշոտ Զաքարյանի գործերը կամ՝ Գագիկ Ջհանգիրյանինը: Երբ վերջինս հայտարարեց, որ սատարում է Տեր-Պետրոսյանին, հաջորդ օրն անմիջապես իրավապահները դիմակավորված հարձակվեցին նրա վրա, հետո նրան մեղադրեցին «ապօրինի զենք-զինամթերք»-ի հոդվածով, երբ նրա մոտ եղած բոլոր զենքերը օրինական էին եւ անհրաժեշտ փաստաթղթավորում ունեին: Կամ՝ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին առաջադրվեց «սուտ մատնության» մեղադրանք նրա կալանավորումից դեռ 1-2 ամիս առաջ տարածված տեսաերիզներում նրա հնչեցրած հարցադրումների համար»: Ինչո՞ւ հենց 19-ից հետո սկսվեցին այդ կալանավորումները: Ըստ Ա. Մուսինյանի՝ որովհետեւ ընտրությունները կեղծելուց հետո դժգոհության եւ համաժողովրդական ալիքի ծավալումը թույլ չտալու համար պետք էր դրա առաջնորդներին եւ ակտիվ մասնակիցներին մեկուսացնել: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի առնչությամբ տեղի ունեցած կալանավորումներին, ապա, ըստ Մուսինյանի՝ «մարտի 1-ի հանրահավաքի ցրումը ի սկզբանե եղել է անօրինական: Նախ՝ չի հայտարարվել, որ հանրահավաքն անօրինական է, հանրահավաքի մասնակիցներին չի ներկայացվել հրապարակն ազատելու պահանջ, ուստիեւ՝ դա անելու համար ժամանակ չի տրվել: Հետեւաբար, հե՛նց ոստիկանության կողմից բոլոր մնացած գործողություններն են եղել անօրինական, անօրինական են եղել նաեւ հանրահավաքի ցրումը, իշխանության ներկայացուցչին՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար քրգործի հարուցումը»: Նա «անօրինական» եւ «քաղաքական» որակեց նաեւ Ազատության հրապարակից կալանավորվածներին առաջադրված «ապօրինի զենք-զինամթերք»-ի մեղադրանքը. «Եթե այդքան զենք ու զինամթերք է «հայտնաբերվել» հրապարակում, ինչո՞ւ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարներից ոչ մեկի կողմից ոչ մի կրակոց չի եղել: Չկա մեկ ցուցարար, որը զենք կրելու համար բռնվել է»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան եւ նրան հարող տարածքում տեղի ունեցած՝ իբր «զանգվածային անկարգություններին», ապա մեր զրուցակցի ասելով, այս դեպքում եւս մինչ օրս չի բերվում գեթ մի փաստ, մի ելույթ, որտեղ այդ հոդվածով կալանավորվածները բռնության կամ ջարդել, փշրել, թալանելու կոչ են անում: «Ավելին, իշխանությունները չունեն որեւէ կադր կամ փաստ, որտեղ զինված ցուցարար կա, կամ որտեղ ցուցարարը կրակում է: Հակառակը կա: Եթե որեւէ տեղ երեւար զենքով կամ կրակող ցուցարար, իրենք ամեն օր դա ցույց կտային»,- ասաց Ա. Մուսինյանը: Իհարկե, դա արգելք չի հանդիսանում, որ ոստիկանները «վերեւի» հրահանգով ցուցմունքներ տան կոնկրետ անձանց դեմ՝ վկայելով, թե այսինչի ձեռքին զենք են տեսել, կամ որ այդ այսինչը կրակում էր: Մուսինյանը նաեւ փաստեց, որ կան հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններ, ու հավելեց. «Ուրեմն դա արել է կոնկրետ անձ: Պետք է քրգործ հարուցվեր եւ պարզվեր, թե ո՞վ է եղել դրա կոնկրետ հեղինակը: Կա 10 զոհ, ու բոլոր 10 սպանվածների համար պետք է առանձին քրգործեր հարուցվեին՝ հանգամանքները պարզելու համար: Իսկ այդպիսիք փաստացի չկան: Այսինքն՝ դատախազությունը, այդ քննչական կոչված ծառայությունը ամբողջովին թաղված են անօրինականության մեջ: Նրանց որեւէ մի քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա: Այդ պայմաններում ո՞նց կարելի է մարդկանց կալանավորումը համարել զուտ իրավական»:

Այսուհանդերձ, Ա. Մուսինյանը հույս հայտնեց, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն մեր հասարակության եւ ընդդիմության ճնշման տակ: Մեր այն հարցին, թե՝ իրենք հույս ունեն, որ բոլորին էլ կազատե՞ն, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Կան մարդիկ, ում նկատմամբ այս իշխանության ներկայացուցիչները անձնական վրեժ ու քեն ունեն: Ասենք՝ Սասուն Միքայելյանի, Գագիկ Ջհանգիրյանի: Բայց մենք առաջին հերթին պիտի հասնենք այդ մարդկանց ազատ արձակմանը»:

Նրա համոզմամբ, իշխանությունները պատրաստ չեն եւ ոչ մի քայլ չեն անում իշխանություն-ընդդիմություն երկխոսության ուղղությամբ, որն, ի դեպ, միջազգային հանրության պահանջն է: Այսօր դեռեւս որեւէ քաղբանտարկյալ ազատ չի արձակվել: Լավագույն դեպքում փոխվել է նրա խափանման միջոցը: «Մարտի 21-ից սկսած՝ մենք հանրահավաքներ անցկացնելու իրազեկմամբ դիմում ենք քաղաքապետարանին եւ մերժումներ ենք ստանում»,- փաստեց Ա. Մուսինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել