Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին
Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, որը վեր է կանգնած մամուլում գերիշխող բամբասանքներից ու հայհոյանքներից: Հոդված, որը պարունակում է Հայաստանում ստեղծված իրավիճակի սթափ վերլուծություն՝ հակառակ միակողմանի քննադատություններին, առաջարկում կոնկրետ լուծման մեխանիզմ, ստեղծված իրավիճակից ելք: Յուրաքանչյուր ընթերցողի մոտ, վստահ եմ, այն հարցերի, մտածումների ու մտահոգությունների տեղիք տվեց: Այդ հոդվածը «Առավոտ» օրաթերթի ապրիլի 23-ի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հրապարակումն է՝ Ռուբեն Հակոբյանի ստորագրությամբ:
Ողջունում եմ առաջին հերթին «Առավոտին»՝ նման բանավիճային հոդված տպագրելու համար:
Ինձ համար անսպասելի չէր Ռուբեն Հակոբյանի կողմից նման հոդվածի հրապարակումը, քանզի նրան ճանաչում եմ վաղուց եւ ականատես եմ եղել, թե ինչպես նա իր համոզմունքները տարել է առաջ նույնիսկ ամենածանր պայմաններում: Ընտրակեղծիքների ու անարդարություների դեմ բացճակատ դուրս գալու Ռուբենի պահվածքը եւ հանուն ժողովրդի կյանքը վտանգելու պատրաստակամությունը երեւաց 1996 թվականի սեպտեմբերին՝ կեղծիքներով անցած նախագահական ընտրություններին հաջորդած օրերին: Հոդվածը ինձ ստիպեց նորից հիշել այդ խայտառակությունները, եւ ես պարզապես չեմ կարող անդրադարձ չկատարել դրանց: Ես այս մասին ամենուր պատմել եմ եւ ինձ մեղավոր կզգամ, եթե հիմա եւս չնշեմ:
Այո, Ռուբեն, դու ճիշտ ես նշում, դեռ այն ժամանակվանից էր ժողովրդից իշխանություն ձեւավորելու իրավունքը խլված, եւ այժմ արդարություն բարբառողները այն ժամանակ մասնակցում էին իշխանությունների սադրանքներին: Երբ խայտառակ կեղծիքներով ընտրություններից հետո 100 հազարավոր մեր հայրենակիցները իրենց ձայներին տեր կանգնելու համար ոտքի էին կանգնել, Ռուբենը եւս նրանց հետ էր, նրանց թիկունքին:
96 թվականի սեպտեմբերի 25-ին ինձ (այդ ժամանակ ես ԿԸՀ անդամ էի), այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ եւս այն ժամանակ ԱԺ պատգամավոր, այժմ՝ ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի (նրանց ընդդիմությունը լիազորել էր որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու նպատակով բանակցել ԿԸՀ-ում) վրա պաշտպանության նախարարը իր տասը-տասներկու հոգանոց զինված խմբով հարձակվեց, եւ սկսեցին մեզ դաժանաբար հարվածել: Այնուհետեւ նա պարզեց մի թուղթ՝ պահանջելով յուրաքանչյուրիս գրել իր կողմից թելադրվող նվաստացուցիչ բաներ: Ես պետք է «խոստովանեի», որ «Ես՝ Վովա Հախվերդյանս, չգիտակցելով՝ դավաճանաբար ազգի մի մասին հանել եմ մյուսի դեմ»: Ես գրեցի հետեւյալը. «Ես՝ Վովա Հախվերդյանս, գիտակցաբար, ազգի մեծ մասին հանել եմ մի խումբ իշխանավորների դեմ»: Դա պատճառ հանդիսացավ, որ կրկին ինձ վրա հարձակվի նախարարը: Սեյրան Ավագյանը, չեմ հիշում, ստորագրե՞ց այդ այլանդակ մտքերի տակ, թե՝ ոչ: Բայց ես սարսռեցի՝ տեսնելով այն հարձակումը, որ կատարվեց Ռուբենի վրա: Մեզանից հետո թուղթը պարզեց Ռուբենին՝ ասելով՝ «Էդ դաշնակները ուզում էին իշխանությունը վեկալեին, հա՞: Դե գրի, որ ես, Ռուբեն Հակոբյանս, որպես դաշնակցության ներկայացուցիչ, ժողովրդի մի մասին գիտակցաբար, իշխանությունը խլելու նպատակով, հանել եմ մյուս մասի դեմ», գետնին ընկած տեղիցս տեսա, թե ինչպես Ռուբենը վրդովված ինչ-որ բան ասաց նրան, ապա պատռեց թուղթը եւ կտորները շփեց երեսին: Այդ պահը իմ մեջ տպավորվել է, որովհետեւ այդ վիճակում, գազազած ավտոմատավորներով շրջապատված Ռուբեն Հակոբյանը գնաց մի քայլի, որը վեր է սոսկ համարձակություն ասածից: Այդ սրիկաները իրենց գլխավորի հետ միասին բավական երկար ժամանակ հարվածում էին նրան ավտոմատների խզակոթերով: Չեմ ուզում այդ նողկալի պատկերի մանրամասները հիշել:
Երբ դաժան ծեծի ենթարկելուց հետո միջանցքում մեզ քարշ տալով տանում էին՝ ԿԸՀ անդամների աչքերի առջեւով, նրանք՝ այժմ ԱԺ նախագահ, իսկ այն ժամանակ ԿԸՀ անդամ Տիգրան Թրոսյանը եւ վարչական դատարանի նախագահ, այն ժամանակ նույնպես ԿԸՀ անդամ Տիգրան Մուկուչյանը (հանձնաժողովի անդամներից նշում եմ երկուսի անունը, որովհետեւ այժմ էլ նրանք կարեւոր պաշտոն են զբաղեցնում) ոչ միայն ձայն չէին հանում, այլեւ չէին թաքցնում իրենց հեգնական ժպիտը: Նույն Տիգրան Թորոսյանը մարտի 1-ին պառլամենտի ամբիոնից ազնիվ խոսելու կոչ էր անում, երկիրը պառակտող համարում մեկին, որի «հաղթանակի» սցենարը ԿԸՀ-ում մշակողներից մեկն էր եւ մասնակցում էր այդ սցենարը հաղթականորեն բեմադրելու առթիվ կազմակերպած տերպետրոսյանական բանկետին:
Երեք օր ԿԳԲ-ի նկուղում պահելուց հետո ինձ բաց թողեցին, որպեսզի մասնակցեմ ԿԸՀ նիստին: Իսկ Ռուբենին եւ մյուս ձերբակալվածներին ԿԳԲ-ի նկուղում ավելի երկար պահեցին: Ես այս մասին հիմա չէ, որ նշում եմ. դեռ 96 թվականի հոկտեմբերի 18-ին «Լրագիր» թերթի էջերում տպագրված հոդվածում պահանջում էի պատասխանատվության կանչել մեզ ապօրինի ձերբակալողներին:
Ամբողջությամբ համաձայն լինելով Ռուբենի հոդվածին, մի պարագայում, սակայն, ես հակառակ համոզումն ունեմ. եթե Վազգեն Մանուկյանը ոտքի ելած ժողովրդին տուն չուղարկեր, ես համոզված եմ, որ հնարավոր էր իշխանափոխությունը:
Ճիշտ ես, սիրելի Ռուբեն, ճշմարտության մասին պետք է խոսի ճշմարտությունը: Այդ ճշմարտությունը, սակայն, այն ժամանակ ծեծի էր ենթարկվում եւ կորցնում ձայնը:
Ես ցավում եմ, որ Ռուբենը գնաց Սանկտ Պետերբուրգ: Նա մեզ պետք էր այստե՛ղ: Նա պառլամենտում ֆիգուր էր, դաշնակցությունը ներկայացնող միակ պատգամավորը, որը, ցավոք, այն եզակիներից է, որ պահպանեց իմ պատկերացումներում եղած դաշնակցականի կերպարը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանության համար կրկին պայքարի դուրս գալը քաղաքական պահով էր թելադրված: Ժողովուրդը կշտացել էր այս վիճակից: Ավելի քան տասնամյա թանձրացած բողոքի ժայթքումն էր դա, որը ցույց տվեց, որ ժողովուրդը այլեւս չի հանդուրժելու այս վիճակը: Հանրությունը երրորդ ուժ չգտավ, ստիպված եղավ գնալ Լեւոնի ետեւից: Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի ընտրվելուց հետո իրեն իսկ ընտրողները նրան ընդդիմություն էին դառնալու: Քվեարկություն կատարելիս աչքերիս առջեւով անցնում էին Տեր-Պետրոսյանի «սխրագործությունները», բայց դողացող ձեռքով քվեարկեցի նրա օգտին, որովհետեւ նա ինձ համար այդ պահին գործիք էր այս իշխանություններից ազատվելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության մեջ կրկին մտնելը մի դրական հետեւանք ունեցավ՝ վերջապես պարզվեց ով ով է:
Իսկապես, վերջին նախագահական ընտրություններում նախընտրական ողջ պրոցեսը կատարվեց, ինչպես միշտ, խախտումներով, որոնք իրենց հրեշավոր արմատները գցել էին դեռ 95-ին: Պարզապես՝ հիմա ավելի են կատարելագործվել: Հիմա «կարուսել» պետք չի, պետք չի փաթեթներով լցնել քվեատուփի մեջ: Հիմա կաշառում են, արձանագրություններ կեղծում: Նման պաշարով, նման լծակներով, ողջ ռեսուրսները օգտագործելով, դրսում ապրող ՀՀ քաղաքացիների քվեների հաշվին պարզից էլ պարզ է, որ ով էլ լիներ իշխանության թեկնածուն՝ կդառնար նախագահ: Բայց բանն այն է, որ այժմ տուժեց հենց նա, ով ընտրակեղծիքների գաղափարական հայրն է:
Ստեղծված իրավիճակը, իրոք, տագնապալի է: Դեռ տաք ենք, չենք զգում, թե ինչ է կատարվում: Ես լիովին համաձայն եմ Ռուբենի հետ. դժգոհությունների պատճառը տարիներ շարունակ կեղծված ընտրություններն են: Կասկածելի լեգիտիմությամբ իշխանությունը, սակայն, երկար չի դիմանում: Ես չեմ կարող վստահ ասել, թե Վազգեն Մանուկյանը լավ նախագահ կլիներ, բայց կարեւորն այն էր, որ ժողովուրդն էր ընտրել նրան, ուրեմն պետք է մնար: Երբ 98-ին մի քանի ազդեցիկ պաշտոնյաներ նախագահի սենյակում պահանջեցին Լեւոնի հրաժարականը, նա չկարողացավ ընդդիմանալ, որովհետեւ թիկունքում չուներ ժողովուրդ: Նա չէր ընտրվել: Դրա համար սուս ու փուս հրաժարական տվեց: Իսկ եթե ընտրված լիներ, վստահ լիներ, որ ժողովուրդն իրեն կաջակցի, իրեն հրաժարականի ուլտիմատում ներկայացնողներին կազատեր աշխատանքից:
Այս իշխանությունն էլ չի կարող երկար գոյատեւել: Չարախոսություն չեմ անում, ուղղակի պատկերն է ստիպում նման եզրահանգման գալ:
Այս ռեսուրսով նախագահն ինչպե՞ս կարող է արդյունավետ քայլեր կատարել, չնայած բարի կամք դրսեւորելուն: Կոալիցիան, իսկապես, վստահություն չի ներշնչում: Դա շինծու, կցմցված կառավարություն է՝ կազմված պատահականորեն, որի անդամների մեծ մասը ցանկացած ժամանակ գույները պատրաստ է փոխելու: Իբրեւ թե կայունություն եւ զարգացում ապահովելու համար ձեւավորված կոալիցիան, իրականում, բլեֆ է: Գաղափարապես եւ ֆիզիկապես իրար չհանդուրժող այս ուժերի նույն կաթսայում լինելը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Ժողովուրդը, կարծում եմ, շատ լավ հասկանում է, թե դա ինչ նպատակ է: Սա այն ուժը չէ, որին ուզում է տեսնել հանրությունը:
Ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են՝ նախագահական եւ ապա՝ խորհրդարանական: Որովհետեւ արդար ընտրություններով անցած նախագահի դեպքում միայն կարող ենք արդար խորհրդարանական ընտրություններ կայացնել: Էս երկիրը կործանումից փրկել կարող է ժողովրդի կողմից ընտրված, նրա սերն ու վստահությունը վայելող իշխանությունը: Եթե գործող նախագահը վստահ է, որ ընտրվել է ազնիվ ճանապարհով, որ ժողովրդականություն է վայելում, հասարակության մեջ եղած դժգոհությունը եւ պառակտումը վերացնելու համար պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Ժողովուրդը, վստահ եմ, ցնծությամբ կընդունի այդ քայլը: Միեւնույն է, մի օր՝ ավելի ծանր պահի, ստիպված է լինելու դա անել: Արդար ընտրությունների կազմակերպման բազում մեխանիզմներ կան: Իշխանությունների եւ ժողովրդի միջեւ անդունդը է՛լ ավելի է խորանալու, քանի դեռ չի վերադարձվել իշխանությունը ժողովրդին:
Հանրության ցանկությունն ակնհայտ է՝ ուզում է տեր կանգնել իր իրավունքներին: Իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արանքում կա ժողովրդի գիտակից, ստվար մի հատված, որը տարբերվում է ե՛ւ իր քանակով, ե՛ւ որակով: Նրանք սպասում են թարմ ուժի, որը կարդարացնի իրենց ձգտումները եւ կկարողանա վերադարձնել ժողովրդին իշխանությունը ձեւավորելու իր սահմանադրական իրավունքը: Երկու թեկնածուներին քվե տվածները մասամբ նաեւ ստիպված են կատարել իրենց ընտրությունը: Պետք է երրորդ ուժ, որին դեռ չեմ տեսնում: Ժողովրդի մեջ վախն արդեն կոտրվել է, հիմա պետք է նրան տեր կանգնել:
Ստեղծված իրավիճակը վտանգավոր է, դա չտեսնելը՝ հղի աղետալի հետեւանքներով: Բավական է երկխոսության կոչերի անվան տակ է՛լ ավելի խորացնել հասարակության տարբեր հատվածների միջեւ պառակտումը: Կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Դրան է սպասում ժողովուրդը:
Ողջունելու եմ Ռ. Հակոբյանի հոդվածի հետ կապված ամեն տեսակի քննարկում: Մեզ անհրաժեշտ են այդ քննարկումները, որի շուրջ պետք է հավաքվեն կազմակերպված ուժեր, խելացի եւ, որ ամենակարեւորն է՝ ազնիվ մարդիկ, այնպիսի մարդիկ, որոնք իրենց անցյալով ապացուցել են, որ իրավունք ունեն այդպիսի հոդված գրելու եւ խոսելու ժողովրդի անունից: Որովհետեւ, համոզված եմ, նրանց պատկերացրած վաղվա Հայաստանը ողջ հայության երազած երկիրն է: